Վերջին օրերին Դեմոկրատական կուսակցության մի քանի ականավոր ներկայացուցիչներ Մասաչուսեթսի նախկին նահանգապետից անցյալ շաբաթ աղմուկ բարձրացրած սկանդալի վերաբերյալ բացատրություն պահանջեցին։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով` վերջին 15 տարիներին Միթ Ռոմնին մի քանի օֆշորային ընկերություններ է հիմնել Բերմուդյան ու Կայմանյան կղզիներում, հաշիվ է բացել շվեյցարական բանկերից մեկում, իսկ նրան պատկանող, բայց թեկնածուի հայտարարագրում չնշված ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 30 միլիոն դոլարը, գրում է Коммерсант-ը։
«Միթ Ռոմնին իբրեւ իր քարոզարշավի գլխավոր կարգախոս «Հավատա Ամերիկային» արտահայտությունն է ընտրել,-նկատել է Օբամայի նախընտրական շտաբի խորհրդական Ռոբերտ Գիբսը։-Այժմ այդ կարգախոսը պետք է փոխել «Հավատա Բերմուդյան բիզնեսին» արտահայտությամբ»։
Շաբաթվա սկզբին Ռոմնիի օֆշորային հաշիվների մասին հիշատակեց նաեւ Օբաման, որը մինչ այդ խուսափում էր ուղիղ քննադատություն հնչեցնել իր մրցակցի հասցեին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքերով` բարձրագույն պաշտոնի յուրաքանչյուր հավակնորդ պարտավոր է ընտրողների առջեւ իր եկամուտների վերաբերյալ թափանցիկ ու հաշվետու լինել։
«Դուք չպետք է որեւէ գաղտնիք ունենաք,-հստակեցրել է Օբաման,-հենց այդպես է վարվել նախագահի յուրաքանչյուր թեկնածու` սկսած պարոն Ռոմնիի հորից»։
Միչիգան նահանգի նախկին նահանգապետ եւ American Motors ընկերության նախկին ղեկավար Ջորջ Ռոմնին իրոք ԱՄՆ-ի առաջին քաղաքական գործիչն է, որը 1968-ին հրապարակեց իր հարկային հայտարարագիրը։
Ի պատասխան նոր մեղադրանքների` Միթ Ռոմնիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց թեկնածուն մտադիր չէ ժամանակ ծախսել «անօգուտ քննարկումների» վրա։ Իսկ Ռոմնիի խոսնակ Ռայեն Ուիլյամսի խոսքերով` օֆշորային հաշիվների մասին տեղեկության տարածումը վկայում է այն մասին, որ Օբամայի կողմնակիցները «պատրաստ են ցանկացած առիթ օգտագործել ընտրողներին շեղելու համար»։
«Իրական խնդիրների մասին խոսելու փոխարեն Օբաման որոշել է կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործել եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնել,-կարծում է խոսնակը,-ամենայն հավանականությամբ, քարոզարշավի իրականացման համար նա այլ գործիք այլեւս չունի»։
Փորձագետների կարծիքով` Դեմոկրատական կուսակցության քաղտեխնոլոգների անսպասելի ակտիվությունը, ամենայն հավանականությամբ, կապված է Օբամայի քարոզարշավի` դրամահավաքի անբավարար արդյունքների հետ։ Երկուշաբթի թեկնածուների նախընտրական շտաբները ֆինանսական նոր հաշվետվություն ներկայացրին, ինչից պարզ դարձավ, որ հունիսին Միթ Ռոմնիի կողմնակիցներին դրամահավաքի արդյունքում հաջողվել է 106 մլն դոլար հավաքել, իսկ նրանց մրցակիցներն ընդամենը 71 մլն դոլար են հավաքել։ Ընդ որում` հանրապետական թեկնածուին աջակցել են նաեւ խոշոր ընկերությունները, որոնք 4 տարի առաջ սատարում էին Օբամային։
ԱՄՆ նախագահի շտաբին 2008-ին հաջողվել էր հաղթել ֆինանսական մրցավազքում։ Այդ ժամանակ Օբամայի շտաբը նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ ավելի քան 780 միլիոն դոլար էր հավաքել։ Դեմոկրատները, կարծես, փորձում են նույն մարտավարությունը կիրառել։ Օբամայի շտաբը երեքշաբթի նոր կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ հունիս ամիսը վերջին կես տարվա ընթացքում դրամահավաքի առումով լավագույնն էր իրենց համար։
«Սակայն մենք 35 մլն դոլարով հետ ենք մնում մեր մրցակիցներից,-ասվում է հանգանակություն կատարելու խնդրանք պարունակող նամակում։-Մենք հավատում ենք մեր հաղթանակին, բայց անհրաժեշտ է կրճատել այդ տարբերությունը»։
Սոցիոլոգների գնահատականների համաձայն` Բարաք Օբաման նախկինի պես առաջ է իր մրցակցից, սակայն այդ տարբերությունը հետզհետե կրճատվում է։
Սոցիոլոգիական Gallup գործակալության տվյալներով` գործող նախագահին ներկա դրությամբ պատրաստ է աջակցել ամերիկացիների 47 տոկոսը, մինչդեռ Ռոմնին կարող է ակնկալել ընտրողների 45 տոկոսի աջակցությունը։
«Եթե Օբամայի շտաբի անդամներին հաջողվի բորբոքել հարկային սկանդալը, ապա Ռոմնիի հաղթանակի մասին կարելի է մոռանալ,-պարբերականին ասել է ամերիկացի քաղաքագետ Դեւիդ Ֆենգերը,-Ամերիկայում հարգում են փող աշխատող մարդկանց, սակայն չեն սիրում, երբ նրանց եկամուտները թաքցվում են շվեյցարական բանկերում»։