22.06.2012 00:47
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստոպ կադր

Ստոպ կադր

Եվրո-2012-ում ավարտին են մոտենում խմբային փուլի հանդիպումները։ Առայժմ դժգոհելու առիթ չունենք. բավական լարված են անցնում գրեթե բոլոր խաղերը։ Խոր շունչ կարող են քաշել իտալացիները. Իսպանիա - Խորվաթիա խաղում համաշխարհային դավադրությունը չկայացավ։

Խոր շունչ կարող են քաշել նաեւ «կարմիր ֆուրիայի» երկրպագուները, որովհետեւ մազ էր մնացել, որ հերթական խոշոր սենսացիան տեղի ունենար Եվրո-2012-ում։ Սակայն Իսպանիայի հավաքականի դարպասապահ Կասիլյասը իր ֆանտաստիկ սեյվով թույլ չտվեց, որ այդ մազը կտրվի։

Հանդիպումից առաջ բոլորին մտատանջող հարցն հետեւյալն էր. ինչպե՞ս  կավարտվի այս հանդիպումը։ Դրանից էր կախված իտալացիների բախտը։ Խմբի վերջնական արդյունքների բազմաթիվ տարբերակներ կային։ Ֆուտբոլային մասնագետները նույնիսկ ստիպված էին փոշու մեջ կորած արխիվներից հանել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը եւ ուսումնասիրել, թե ինչ է ասում կանոնակարգը հավասար միավորների այս կամ այն տարբերակի դեպքում։ Դրանք շատ էին։ Իտալացիներին հետաքրքրում էր, որ խաղը չավարտվի արդյունավետ 2։2  հաշվով` ոչ-ոքի։

Հանդիպման ընթացքը հիասթափեցրեց իտալացիների դեմ դավադրության մասին արդեն պատրաստի հոդվածների հեղինակներին։ Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել վտանգավոր պահերի քանակը, ուր մնաց, թե այս թիմերը չորս գոլ խփեն։ Երկու թիմերն էլ  շատ դանդաղ տեմպով սկսեցին հանդիպումը, նույնքան դանդաղ եւ անշտապ էլ ավարտեցին առաջին խաղակեսը։ Իսպանացիները, ինչպես միշտ, գնդակ էին գլորում, վերահսկում խաղը, ունեին տարածքային առավելություն` երբեմն 80-20 հարաբերակցությամբ, բայց դա նորմա է։ Խաղը չաշխուժացավ նույնիսկ այն ժամանակ, երբ զուգահեռ խաղում իտալացիները բացեցին հաշիվը, ինչը նշանակում էր, որ Խորվաթիան դուրս է մնում խմբից։ Միգուցե ընդմիջմանը Խորվաթիայի հավաքականի մաթեմատիկական բաժինը ճշգրիտ հաշվարկների արդյունքում էր եկել այդ եզրահանգման, բայց երկրորդ խաղակեսում խորվաթները առաջ գնացին։ Նրանց գրոհները ավելի ու ավելի հաճախակի դարձան, եւ շատ ավելի վտանգավոր էին, քան իսպանացիներինը,  եթե իհարկե, վերջիններս ընդհանրապես սուր գրոհներ ունեին։

Եվ երբ խորվաթների հերթական գրոհից հետո Կասիլյասը հրաշքով հետ մղեց Ռակիտիչի գլխով հարվածը, Դել Բոսկեն որոշեց, որ համը կարող է դուրս գալ, եւ խաղադաշտից անմիջապես հանեց Տորեսին, որը հին, բարի ավանդույթների համաձայն, ոչնչով աչքի չընկավ։ Նրա փոխարեն խաղադաշտ մտած Նավասը զգալիորեն աշխուժացրեց իսպանացիների խաղը, սակայն ոչ այնքան, որ խորվաթները թուլացնեն հարձակման տեմպը։ Եվ միայն Ֆաբրեգասի խաղադաշտ մտնելուց հետո Իսպանիայի հավաքականի գրոհները սկսեցին սպառնալիք դառնալ։ Այդ ընթացքում խորվաթները շարունակում էին գրոհել, եւս մեկ անգամ մոտ էին հաջողությանը, սակայն Կասիլյասը, ինչպես երեւում է, ամենաշատն էր շահագրգռված իտալացիների ապագայով։

Իսկ խաղավերջում Դել Բոսկեի մարզչական փոխարինումները իրենց գործն արեցին։ Ֆաբրեգասի հիանալի փոխանցումից հետո հանդիպման անկասկած լավագույն ֆուտբոլիստ Ինյեստան մեն-մենակ հայտնվեց Պլետիկոսայի դեմ, գնդակը փոխանցեց ավելի մեն-մենակ դիրքում գտնվող Նավասին, եւ վերջինս գրավեց դատարկ դարպասը։

 Խորվաթները փորձեցին փրկել խաղը. խաղի վերջին վայրկյաններին նույնիսկ Պլետիկոսան հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում։ Հետաքրքիր է, որ իտալացիները անընդհատ խոսում էին 2։2 հաշվից, մինչդեռ 1։1-ի դեպքում էլ քառորդ եզրափակիչ էին դուրս գալիս խորվաթներն ու իսպանացիները։ Սակայն իսպանացիները «խղճացին» իտալացիներին եւ անառիկ պահեցին իրենց դարպասը։ 1։0, եւ Իսպանիան գրավում է խմբում առաջին տեղը։ Խորվաթների համար կարելի է անկեղծ ափսոսալ, հիանալի թիմ էր, շատ արժանապատիվ, հպարտ, համարձակ եւ այսօր էլ նրանք ոչնչով չէին զիջում իսպանացիներին։ Մեկ այլ խմբում նրանք անկասկած խմբից դուրս գալու ավելի մեծ հնարավորություններ կունենային։

Խմբի մյուս խաղում իտալացիները հաղթեցին իռլանդացիներին եւ երկրորդ տեղը գրավեցին։ Ինչ վերաբերում է իռլանդացիներին, ապա նրանք պարտվեցին բոլոր երեք հանդիպումներում եւ անփառունակ ավարտեցին իրենց մրցելույթները։ Թե որ այսպես պիտի խաղային, ավելի լավ չէ՞, Հայաստանի հավաքականին զիջեին անցումային խաղերում։ Սա իհարկե որպես կատակ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31