17.01.2017 10:13 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մենիշխանության պայքար

Վարչապետի ինստիտուտի լուծարման մեկնարկը

Վարչապետի ինստիտուտի լուծարման մեկնարկը

Որքան էլ վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսում փորձեց ինքն իրեն տարանջատել քաղաքականությունից ու ներկայանալ զուտ որպես տնտեսության պատասխանատու, այնուամենայնիվ ասուլիսի հիմնական ինտրիգը հենց քաղաքական էր։

Ու այդ հարցում Կարեն Կարապետյանն իրեն, մեղմ ասած, տարօրինակ պահեց` հայտարարեց, թե վերջին չորս տարիներին բնակվել է Երեւանից (Հայաստանից) դուրս, բայց չգիտի` դա խոչընդոտո՞ւմ է պատգամավորության թեկնածու առաջադրվելուն, թե ոչ։ Մինչդեռ օրենքը շատ պարզ է ասում` պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը վերջին չորս տարիներին մշտապես բնակվի ՀՀ-ում։ Եվ եթե այսքանից հետո Կարեն Կարապետյանը ձեւացնում է, թե չգիտի` իրավունք ունի՞ պատգամավոր դառնալ, թե ոչ, դա միայն մի բան է նշանակում. ինքն անձամբ չի պատրաստվում կեղծել իր փաստաթղթերը, բայց եթե Սերժ Սարգսյանը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարի իր համար կեղծ փաստաթղթեր սարքել` ինքը դեմ չի լինի։ Համաձայնվեք` շատ հեղհեղուկ հայտարարություն է մի պաշտոնյայի համար, ով գիշեր-ցերեկ խոսում է այն մասին, որ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն։

Լավ, իսկ ինչո՞ւ հանկարծ այս հարցն այսքան մեծ հնչեղություն ստացավ։ Պատճառը, բնականաբար, ամենեւին էլ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ նախընտրական ցուցակում հայտնվելն ու պատգամավորական մանդատ ստանալը չէ։ Մանավանդ որ նա այսպես թե այնպես չէր վերցնելու մանդատը եւ պատգամավոր չէր դառնալու (Սերժ Սարգսյանը շատ պարզ է ասել` եթե ՀՀԿ-ն հաղթի, Կարեն Կարապետյանը շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը)։ Բուն ինտրիգն այն է, թե ինչ է լինելու 2018-ին` Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո։

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունները վերջնականապես ուժի մեջ են մտնելու հենց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո, այսինքն` այդ պահից սկսած, Հայաստանի առաջին դեմքը լինելու է վարչապետը։ Դրա համար էլ օրենքով ֆիքսված է, որ վարչապետը (քանի որ առաջին դեմքն է) պիտի վերջին չորս տարիներին մշտապես բնակված լինի ՀՀ տարածքում։ Ու եթե հիմա Կարեն Կարապետյանը պատգամավոր չի դառնում, դա մեխանիկորեն նշանակում է, որ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել առավելագույնը մինչեւ 2018-ի ապրիլը, իսկ դրանից հետո պիտի զիջի իր տեղը։ Թե ում` փորձեք ինքնուրույն կռահել։

Ի դեպ` սահմանադրական փոփոխությունների մասին։ Տեւական ժամանակ հասարակությանը քարոզվում է, թե իբր նախագահի ինստիտուտի փաստացի լուծարումից հետո (2018-ից հետո նախագահը խորհրդանշական դեր է կատարելու) երկրի միանձնյա ղեկավարումը վերացվելու է։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է, որովհետեւ 2018-ի ապրիլից հետո գործնականում վերացվելու է ոչ թե նախագահի, այլ վարչապետի՛ պաշտոնը։ Պարզապես պետության առաջին դեմքը կոչվելու է ոչ թե «նախագահ», այլ «վարչապետ», իսկ երկրորդ դեմք, որպես այդպիսին, չի լինելու (այսօր այդ դերը վարչապետն է կատարում)։ Եթե ավելի պարզ` ապա այսօր Հայաստանի իշխանական համակարգը, այսպես ասենք, երկգլխանի է։ Նախագահը համակարգում է երկրի ընդհանուր ղեկավարումը եւ անձամբ վերահսկում է ուժային կառույցները (բանակ, ոստիկանություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, դատախազություն եւ այլն), իսկ վարչապետը ղեկավարում եւ անձամբ վերահսկում է տնտեսական բլոկը (ֆինանսներ, էներգետիկա, պետեկամուտներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն)։ Իսկ 2018-ից հետո, երբ նախագահի պաշտոնը գործնականում վերանա, վարչապետը միանձնյա վերահսկելու է ե՛ւ ուժային, ե՛ւ տնտեսական բլոկները։ Այսինքն` գործնականում ունենալու է շատ ավելի հզոր լծակներ, քան կարող է ունենալ նախագահը կառավարման ներկա համակարգում։

Կոպիտ ասած` եթե այսօր վարչապետն ինչ-որ տեղ կարող է հակակշիռ լինել նախագահին (գոնե տեսականորեն), ապա 2018-ից հետո որպես առաջին դեմք երկիրը ղեկավարող վարչապետին որեւէ մեկը չի կարող հակակշռել` անգամ տեսականորեն։ Այդ համակարգում «երկրորդ դեմք» պարզապես չկա։ Ճիշտ է, իշխող կուսակցության ղեկավարը կարող էր նման դերակատարում ստանձնել, միայն թե` օրենքը չի արգելում, որ վարչապետը նաեւ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնի։

Այնպես որ` խնդիրը վերջին չորս տարիներին ՀՀ-ում բնակվել-չբնակվելու տեղեկանքը չէ։ Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը հանկարծ իր ամբիցիաներով չխոչընդոտի Սերժ Սարգսյանի պլաններին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30