Բայց նա ոչ միայն այդ քայլին չգնաց, այլեւ գոնե ձեւի համար մի քանի օրով չփակեց «Հարսնաքարը»։ Ավելին` նրա կուսակցական ղեկավարը հարկ չհամարեց գոնե կես նախադասությամբ անդրադառնալ երկիրը ցնցած բողոքի ակցիաներին, ինչն էլ հուշեց մյուս հանրապետականներին, որ կարելի է էշ-էշ դուրս տալ ու պաշտպանել իրենց կուսակցական ընկերոջը։
Իսկ ինչո՞ւ ամեն ինչ ընթացավ հենց այս սցենարով։ Պատճառներն առաջին հերթին հոգեբանական են։ Օրինակ` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չցավակցեց սպանվածի ընտանիքին, հո պագոնները չէի՞ն ընկնի։ Չցավակցեց, որովհետեւ, իր կարծիքով, դա կընկալվեր որպես թուլության նշան։ Այսինքն` այս բեսպրեդելի դեմ բողոքողներին նա ընկալում է որպես թշնամի, որի առջեւ չի կարելի թուլություն ցուցաբերել։ Կամ, ասենք, Ռուբեն Հայրապետյանի ինչի՞ն է պետք մանդատը։ Բայց, նրա կարծիքով, եթե ինքը հրաժարվի մանդատից, կնշանակի` իրեն «կզըցրել են»։ Ընդ որում` խնդիրը միայն նա չէ, այդ «կռուգում» բոլորն են այդպիսին։ Սա նույնպես հոգեբանորեն միանգամայն հասկանալի է։ Օլիգարխներին անսահմանափակ իշխանություն եւ հարստություն ունենալն այլեւս չի բավարարում, նրանց արդեն նոր «կայֆեր» են պետք։ Պատկերացրեք` մեր օլիգարխներից ցանկացածին երկու տարբերակ է առաջարկվում. առաջին` դու ապրում ես Ամերիկայում, միլիարդատեր ես եւ քշում ես ոսկեզօծ Ռոլս-Ռոյս, բայց շուրջդ բոլորը նույնպես միլիարդատեր են եւ նույն մեքենայից են քշում, եւ երկրորդ` դու ապրում ես Հայաստանում ու քոսոտ ջիպ ես քշում, բայց մյուս բոլորը կիսաքաղց են եւ ոտքով են քայլում։ Հավատացեք` բոլոր օլիգարխները կընտրեն երկրորդ տարբերակը։ Նրանք «կայֆ են ստանում» ոչ թե իրենց հարստությունից, այլ նրանից, որ շուրջբոլորն աղքատներ են, նրանց «կայֆը» ոչ թե իրենց պաշտպանվածությունն է տասնյակ հաստավիզ թիկնապահներով, այլ այն, որ շուրջը բոլորն անպաշտպան են ու խոցելի։
Մի ուրիշ խնդիր էլ կա։ Այս հարցը պետք է շատ արագ լուծել, որովհետեւ օլիգարխների այդ խավը վարակի պես ապականում է ամեն ինչ։ Օրինակ` հիմա արդեն շատ լուրջ վտանգ կա, որ «Հարսնաքարի» այս դեպքերի պատճառով կտուժի հայկական ֆուտբոլը, որովհետեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, եւ նրա նկատմամբ համընդհանուր ատելությունը կարող է տարածվել նաեւ ֆուտբոլի վրա։ Այդ վտանգն, ի դեպ, զգացվեց դեռեւս երկու ամիս առաջ, երբ հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը հայտնվում էին հեռուստաէկրաններին ու ասում «հավատանք, որ փոխենք»։ Մեկը չկար ասեր` ախր ձեզանից քանի՞սն է Հայաստանում ապրում, ինչի՞ն հավատանք, ի՞նչը փոխենք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին եք խոսում։ Մեկը չկար` բացատրեր, որ կոկա-կոլա գովազդելու եւ Սերժ Սարգսյան գովազդելու միջեւ սարուձորի տարբերություն կա, որովհետեւ, ճիշտ է, երկուսն էլ վնասակար են առողջությանը, բայց կոլան գոնե դանդաղ է սպանում։ Կարելի է, չէ՞, գոնե հանուն ֆուտբոլի մի երկու զոհողություն անել, գոնե մի երկու ոլորտ մաքուր պահել։ Բայց նման բաները սրանց գլուխը չի մտնում, սրանք ամեն ինչ մինչեւ վերջ են ապականում։ Սրանք չեն հասկանում, որ մարտի 1-ով նախագահ դարձածին գովազդող շախմատիստը խաղատախտակի առջեւ այլեւս չի կենտրոնանալու, եւ եթե Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է, դրանից ոչ թե ինքն է մաքրվում, այլ շախմատն է ապականվում։ Եվ խնդիրը հիմա Հայաստանը «ճյուղ առ ճյուղ» փրկելն է։ Ֆուտբոլն է պետք փրկել, շախմատն է պետք փրկել, բանակի մարտական ոգին է պետք փրկել, մի խոսքով` երկիրն է պետք փրկել։ Եվ պետք է փրկել ընդամենը մի քանի հոգուց։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։
Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Մնացին մյուսները։