- Խմբային փուլի 24 հանդիպումներում գրանցվել է ընդամենը 5 ոչ-ոքի, որոնցից երկուսը` Իտալիայի հավաքականի մասնակցությամբ։ Այդ հանդիպումներում արձանագրվել է 60 գոլ` միջինը 2,5 գնդակ մեկ խաղում։ Բոլոր հավաքականներն էլ գոլի հեղինակ են դարձել։
- Խմբային փուլում ընդամենը մեկ 11 մետրանոց հարված է նշանակվել։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել մեկնարկային` Լեհաստան - Հունաստան խաղում։
- Խմբային փուլում ոչ մի գոլազուրկ` 0։0 հաշիվ չի գրանցվել։ Երկու հանդիպում ավարտվել է խոշոր հաշվով` Ռուսաստան - Չեխիա` 4։1 եւ Իսպանիա - Իռլանդիա` 4։0։ Ամենարդյունավետ խաղերն էին` Դանիա - Պորտուգալիա` 2։3 եւ Անգլիա - Շվեդիա` 3։2, որտեղ գրանցվել է 5-ական գնդակ։
- Խմբերում գոլերի քանակը գրեթե հավասար է` 14 -16 -15 - 15։ Իսկ Լեհաստանում եւ Ուկրաինայում խփած գոլերի հարաբերակցությունը` 29։31։ Գոլերի քանակով ամենադիտարժան ստադիոնը Կիեւի «Օլիմպիականն» էր` այնտեղ 10 գոլ է եղել։ Իսկ ամենաքիչ գոլեր գրանցվել են Վարշավայի «Ազգային» եւ Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոններում` 5-ական։
- Ամենաարդյունավետ թիմը Իսպանիայի հավաքականն է` 6 գնդակ, նրանք էլ ամենաքիչն են գոլ բաց թողել` 1 գնդակ։ Բնականաբար, իսպանացիների խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությունը լավագույնն է` +5։ Ամենաքիչը իռլանդացիներն են աչքի ընկել, որոնք ընդամենը 1 գոլ են խփել, նրանք էլ ամենաշատն են բաց թողել։ Արդյունքում իռլանդացիների գնդակների տարբերությունը ամենավատն է մրցաշարում` - 8։
- Խմբային փուլում 100 տոկոսանոց արդյունք ցույց է տվել միայն Գերմանիայի հավաքականը` 9 միավոր եւ բոլոր երեք հաղթանակներն էլ` նվազագույն հաշվով։ Հունաստանն ու Ֆրանսիան քառորդ եզրափակիչ են դուրս եկել ընդամենը 4 միավորով` գնդակների զրո հարաբերակցությամբ։ Չեխիայի հավաքականը ընդհանրապես բացառիկ ռեկորդի հեղինակ դարձավ. նա խմբում գրավեց 1-ին տեղը գնդակների բացասական հարաբերակցությամբ` -1։
- Այս փուլում ամենաշատը գնդակին տիրել է Իսպանիայի հավաքականը` 62% (յուրաքանչյուր խաղում մաքուր 40 րոպե)։ Փոխանցումների ճշգրտությամբ էլ են իսպանացիները լավագույնը` 2411 փոխանցումից 1978-ը ճշգրիտ էին։ «Կարմիր ֆուրիան» լավագույնն էր նաեւ դարպասի ուղղությամբ կատարած հարվածների քանակով` 39։
- Ամենաքիչը մրցակցի դարպասի ուղղությամբ հարված են կատարել հույները` 9։ Իսկ ամենամեծ թվով շեղ հարվածներ կատարել են Հոլանդիայի հավաքականի խաղացողները` 35։ Բայց Հունաստանը քառորդ եզրափակիչում է, իսկ հոլանդացիները միավոր չեն վաստակել։
- Հարվածների արդյունավետությամբ առաջատարը հույներն են (9 հարված, 3 գոլ) եւ անգլիացիները (15 հարված, 5 գոլ) կամ 33,3% արդյունավետություն։ Իսկ ամենացածր արդյունավետությունը ֆրանսիացիներինն է` դարպասի ուղղությամբ 36 հարված եւ ընդամենը 3 գոլ` 8,33% արդյունավետություն։
- Խմբային փուլում կանոնները ամենաշատը խախտել են խորվաթները` 61 անգամ (9 դեղին քարտ), ամենաքիչը`գերմանացիները` 27 անգամ (3 դեղին քարտ)։ Ամենաշատը խախտումներ են արել հույների դեմ` 57 անգամ, ամենաքիչը` դանիացիների` 27։
- Երեք կարմիր քարտ են ցույց տվել մրցավարները խմբային փուլում։ Հույն Սոկրատիս Պապաստոպուլոսն ու իռլանդացի Կիտ Էնդրյուսը դաշտից հեռացվել են երկրորդ դեղին քարտի պատճառով, իսկ միակ անմիջական կարմիր քարտը ստացել է Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։