02.12.2016 11:57 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պայթեցնել փուչիկը

Թե ինչպես փրկիչը դարձավ գործիքակազմ

Թե ինչպես փրկիչը  դարձավ գործիքակազմ

Կարեն Կարապետյանի դրայվի տնտեսական հետեւանքներն արդեն զգացվում են։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշը, եւ պարզվել է, որ անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 2,6 տոկոսով։ Հոկտեմբեր ամսվա ցուցանիշներն ավելի կատաստրոֆիկ են` անկումը կազմել է 8 տոկոս։ Երեւի նոր կառավարությունն այնքան էլ լավ չի տնտեսության զարգացման «սիգնալ տվել», կամ էլ` տնտեսվարողներն են սխալ հասկացել «սիգնալը»։

Փոխարենը Կարեն Կարապետյանն ու նրա բերած նոր նախարարները փայլուն հաջողություններ են արձանագրել հասարակական-քաղաքական ասպարեզում։ Պարզ ասած` անդամագրվել են ՀՀԿ-ին։ Բա ուրիշ ի՞նչ անեն, եթե իրենց անմիջական պատասխանատվության ոլորտում ոչինչ չի ստացվում։ Եթե չի հաջողվում, ասենք, 7 հազար աշխատատեղ բացել` կարելի է դրա փոխարեն 7 հազար հոգու զոռով խցկել ՀՀԿ եւ պարծենալ դրանով։

Բայց հարց է ծագում` Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք Կարեն Կարապետյանին ու նրա նախարարներին «չորով» հանրապետական սարքելը։ Ի վերջո` ահագին մարդիկ հավատում էին նոր վարչապետին, լուրջ էին ընդունում նրա ելույթները, իսկ այսպես` մի հարվածով ամեն ինչ ջուրը լցվեց։ Պատճառը, կարծում ենք, հենց այն է, որ ինչ-որ մարդիկ հավատում էին Կարեն Կարապետյանին, ու դա սկսել էր նյարդայնացնել Սերժ Սարգսյանին։ Այնպիսի տպավորություն էր, թե ահա եկել է «կինոյի տղեն» ու սկսել պայքարել չար ու կոռումպացված ՀՀԿ-ի դեմ։ Սերժ Սարգսյանն էլ բռնեց ու նրան մտցրեց ՀՀԿ` ոչ թե «փչացնելու» համար, այլ որպեսզի ցույց տա, որ նրա բոլոր դրական քայլերի հեղինակը ոչ թե նա է, այլ կուսակցությունը, այսինքն` ինքը։ Պարզ ասած` նա ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանն ընդամենը գործիք է, իսկ ինքը` այդ գործիքը բանեցնողը։ Դրանով էլ ըստ էության հերթական փուչիկը պայթեց, որովհետեւ ոչ մի հասարակություն գործիքին չի հավատում ու գործիքների հետեւից չի գնում, բոլորը հասկանում են, որ ամեն ինչ կախված է գործիքը բանեցնողի կամքից ու իրական մտադրություններից։

Իսկ որո՞նք են Սերժ Սարգսյանի իրական մտադրությունները։ Գուցե նա իսկապե՞ս որոշել է իշխանությունը սահուն հանձնել Կարեն Կարապետյանին ու 2018-ից հետո հեռանալ քաղաքականությունից։ Ասենք` մարդը հոգնել է, էլ չի ուզում առաջին դեմք լինել, համ էլ` հասկացել է, թե ինչ օրն է գցել երկիրը, ու հիմա որոշել է «խելքը գլխին մեկին» բերել, մի երկու տարի թիկունք կանգնել, որ նա իր արած ղալաթների հետեւանքները վերացնի, ու ինքը հանգիստ գնա կյանքը վայելելու, ինչպես Քոչարյանն է անում։ Ստեղծված վիճակում սա գուցե լավագույն տարբերակը կլիներ, բայց սրա հավանականությունը չնչին է։ Նախ եւ առաջ` որովհետեւ «խելքը գլխին մարդու» ընտրությունն այնքան էլ հաջող չէ։ Եթե նպատակը կոռուպցիոն բուրգը քանդելն էր` կարելի էր այդ գործը հանձնարարել մեկին, ով կասկածելի մեխանիզմներով մուլտիմիլիոնատեր դարձած չլինի, եթե նպատակը պետականությունն ամրապնդելն էր` կարելի էր այդ գործը վստահել մեկին, ով մինչ այդ իր «մենեջերական տաղանդը» ծառայեցրել է Հայաստանին, եւ ոչ թե այլ երկրի, եւ ով առաջին իսկ հնարավորության դեպքում չի գնացել այլ երկրում աշխատելու, որովհետեւ այնտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է։ Եթե նպատակը մենաշնորհները վերացնելն էր` պետք չէր դա հանձնարարել մեկին, ում «մենեջերական տաղանդը» բացահայտվել է հենց բացարձակ մենաշնորհ ունեցող հիմնարկի ղեկավարի պաշտոնում։

Մի խոսքով` «գործիքի» ընտրությունը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ կոնկրետ նպատակներ է հետապնդում այդ գործիքը բանեցնողը։ Կարեն Կարապետյանի միակ անվիճելի արժանիքն այն է, որ նա կարողանում է կոնկրետ ոչինչ չանելով կամ վատ բան անելով` դա մատուցել որպես փայլուն հայրենանվեր աշխատանք։ Այս իմաստով նա իսկապես առաջինն է, ու եթե Սերժ Սարգսյանը հենց նրան է ընտրել որպես «գործիք»` նշանակում է, որ նրա առաջնային նպատակը հասարակությանը մոլորեցնելն է։ Ինչն էլ առայժմ հաջողությամբ արվում է։ Շա՞տ եք հանդիպել վարչապետների, ում ղեկավարման առաջին իսկ լիարժեք ամսում 8 տոկոսանոց անկում արձանագրվի, ու նա շարունակվի համարվել «փայլուն մենեջեր»։

 Հ.Գ. Ի դեպ, առ այսօր որեւէ մեկը Սերժ Սարգսյանին չի հարցրել` եթե այդքան կարեւոր էր, որ վարչապետն իշխող կուսակցության անդամ լինի, ինչո՞ւ հենց ՀՀԿ շարքերից վարչապետ չնշանակվեց։ Այդ ի՞նչ «հզոր կուսակցություն» է, որ հավակնում է միայնակ ղեկավարել երկիրը, բայց իր շարքերում վարչապետի նորմալ թեկնածու չուներ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30