02.02.2018 06:37 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ուր նայում ես Սերժ ա

Կրկեսի վերածված կառավարման համակարգը

Կրկեսի վերածված կառավարման համակարգը

Երբ կրկեսի աճպարարը սպիտակ ձեռնոցները գցում է ցիլինդրի մեջ, հանդիսատեսներն, իհարկե, հասկանում են, որ որոշ ժամանակ անց ցիլինդրից հանելու է ինչ ասես՝ ձեռնոցներից բացի։ Եվ այնուամենայնիվ ամեն անգամ զարմանում են, երբ աճպարարը ձեռնոցների փոխարեն հանում է, ասենք, որեւէ համակրելի ճագար։ Որպես կանոն՝ մարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե ինչպես ճագարը հայտնվեց գլխարկում, որովհետեւ այդ ընթացքում հայացքները չեն կտրում աճպարարի շուրջը պտտվող կիսամերկ գեղեցկուհիներից։

Երբ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումները՝ իբր ավելի ժողովրդավարական երկիր ունենալու համար, բոլորն էլ հասկանում էին, որ արդյունքում ինչ ասես կստացվի՝ ավելի ժողովրդավարական երկրից բացի։ Բայց այդ ընթացքում հայացքները չէին կտրում «հարակից երեւույթներից»՝ կառավարություն էր փոխվում, խորհրդարանում նոր ուժեր էին հայտնվում, նախագահի անսպասելի թեկնածու է ի հայտ գալիս, եւ այլն։ Իսկ հիմա եկել է այն պահը, երբ Սերժ Սարգսյանն ասում է «ալե-հո՛պ», ու պարզվում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը դարձել է ոչ թե ավելի ժողովրդավարական, այլ ավելի ամբողջատիրական երկիր։ Համենայն դեպս՝ «համակրելի ճագարի ականջներն» արդեն երեւում են («Պետական կառավարման մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքների տեսքով)։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի աճպարարությունը շատ ավելի տպավորիչ է։ Ցիլինդրից ճագար հանելու փոխարեն նա հաջողացրել է ունենալ այնպիսի «խորհրդարանական կառավարման համակարգ», որտեղ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դուրս են բերվում խորհրդարանի վերահսկողությունից եւ դրվում վարչապետի ուղղակի ենթակայության տակ, իսկ խորհրդարանի նախագահը (խորհրդարանական հանրապետությունում) անգամ Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Այ սա է իսկական ֆոկուսը։ Ավելին. խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում խորհրդարանի անդամներն այլեւս իրավունք չեն ունենալու մասնակցել կառավարության նիստերին, կառավարության նիստերը դռնփակ են լինելու, նախարարներն էլ իրավունք չեն ունենալու ազատորեն շփվել լրատվամիջոցների հետ։

 Մի խոսքով՝ խորհրդարանի դերը դառնում է համարյա զրոյական։ Խորհրդարանը մի անգամ վարչապետ կընտրի, հետո տարին մեկ բյուջե կհաստատի, եւ վերջ։ Մնացած ժամանակ ինչ ուզում են՝ թող անեն։ Միայն թե մեծերին չխանգարեն։ Ուզում են՝ թող քաղաքական սուր քննարկումներ ունենան («Կիսաբաց լուսամուտների» ոճով), ուզում են՝ թող բյուջեի հաշվին պտտվեն աշխարհով մեկ կամ իրենց բիզնեսներով զբաղվեն։ Ի վերջո՝ ինչ-որ բանով պիտի տարբերվե՞ն ԽՍՀՄ Գերագույն սովետից, թե ոչ։ Հասկացանք, որ կոմբայնավարների եւ առաջավոր կթվորուհիների փոխարեն մեր խորհրդարանում  «իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ» են, բայց միայն այդ տարբերությունը քիչ է, պետք է նաեւ «գեղարվեստական մասն» ապահովել՝ ժողովրդավարության տառին եւ ոգուն համապատասխանող բուռն բանավեճերի տեսքով։ Թե չէ կզրկվենք ոչ միայն Արեւմուտքի ֆինանսական աջակցությունից, այլեւ վիզաներից։ Եվ հետո՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար միշտ էլ օգնականներ են պետք (ճիշտ այնպես, ինչպես աճպարարներին՝ անիմաստ ժպտացող կիսամերկ գեղեցկուհիներ)։ Չէ՞ որ սա հաստատ Սերժ Սարգսյանի վերջին աճպարարությունը չէ, հեչ որ չլինի՝ հինգ տարին մեկ խորհրդարանական ընտրություններ կան, սոցիալական ընդվզում-բան կա...

 Իսկ մեծ հաշվով՝ «անցումային փուլը» կարելի է ավարտված համարել։ Առաջիկայում խորհրդարանը կդակի եւս մի քանի օրենքներ, եւ վերջնականապես պարզ կդառնա, որ արդյունքում ունենք ոչ թե խորհրդարանական կառավարում, այլ սուպերվարչապետ Սերժ Սարգսյան՝ արեւելյան փադիշահի լիազորություններով ու կրկեսի աճպարարի ճարպկությամբ։ Իսկ ծափահարելու փոխարեն հիասթափված ու «ետ տվեք մեր փողերը» գոռացող հասարակություն հազիվ թե ունենանք։ Չնայած՝ «աճպարարը» այդ հնարավորությունն էլ է հաշվի առել։ Դրա համար էլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերցրել է իր անմիջական ենթակայության տակ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30