02.03.2018 06:12 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Մարտյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Գնդաձեւ կայծակ» 
«Գնդաձեւ կայծակ»  .

Մարտ ամիսը կինոինդուստրիայում կարելի է «իներտ» համարել, ուստի կինոպրեմիերաների առումով այն փոքրաքանակ կարող է թվալ, սակայն բավականին հետաքրքիր։ Մարտին առաջարկվող տեսականու մեջ առկա են կոմեդիաները, դրամաները, մարտաֆիլմերը, ֆենթեզիները, մուլտֆիլմերն ու թրիլլերները։ Իրենց խաղով մեծ էկրաններին կինոերկրպագուների առջեւ հանդես կգան Պատրիկ Շվարցենեգերը, Քոլին Ֆերթը, Սիրշա Ռոնանը, Ալիսիա Վիկանդերը, Իզաբել Յուպերը, Քրիս Հեմսվորթը, Օպրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսպունը, Քրիս Փայնը, Ջեյմս ՄակԷվոյը եւ այլ կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

01.03 - «Դովլաթով»/Довлатов

Ֆիլմի գործողությունները զարգանում են 1971 թվականի նոյեմբերին, իսկ կենտրոնում է ռուս հռչակավոր գրող Սերգեյ Դովլաթովը։ Ժապավենը պատմում է նաեւ մարդկանց մասին, ում շնորհիվ գրողը հայտնի է դարձել՝ կնոջ, դստեր, Իոսիֆ Բրոդսկու... Սա նաեւ պատմություն է ժամանակի եւ Լենինգրադի մասին։ Դերերում՝ Միլան Մարիչ, Դանիլա Կոզլովսկի, Հելենա Սուեցկա, Եվա Գեռ, Արթուր Բասչաստնի, Անտոն Շագին, Սվետլանա Խոդչենկովա, Ելենա Լյադովա։

01.03 - «Սուզում»/Submergence

Սա հետախուզության սպայի եւ օվկիանոսաբան-գիտնականի պատմությունն է։ Սպան դեպի Սոմալի վտանգավոր հատուկ օպերացիայի է մեկնում, իսկ կին-գիտնականը՝ ծովային խոր ջրարշավի։ Սերը միակ բանն է, որ կա նրանց մեջ, երբ երկուսն էլ հայտնվում են մահվան դեմ հանդիման՝ հազարավոր կիլոմետրերով բաժանված լինելով... Ֆիլմի հիմքում ընկած է Ջ. Մ. Լեդգարդի համանուն վեպը։ Դերերում՝ Ջեյմս ՄակԷվոյ, Ալիսիա Վիկանդեր, Ալեքսանդր Սիդիգ, Սելին Ջոնս, Ռեդա Քաթեբ, Մոհամեդ Հաքիշմադի, Կլեմենտին Բաերթ։

08.03 - «Ժամանակի կնճիռը»/ A Wrinkle in Time

Ֆիլմի հիմքում Մադլեն Լ’Էնգլի գիտաֆանտաստիկ ստեղծագործությունն է։ Գլխավոր հերոսուհի Մեգ Մուրին որոնում է հորը, ով անհետ կորել է գիտական փորձի ժամանակ։ Նրան ընկերակցում են համադասարանցին եւ կուզենը։ Երիտասարդներին ժամանակի ճանապարհորդություն, տարօրինակ աշխարհների հետ ծանոթություն եւ սեփական աշխարհը վտանգից փրկելու, նրան հավասարակշռություն վերադարձնելու կարեւոր միսիա է սպասում։ Դերերում՝ Գուգու Էմբաթա-Ռո, Քրիս Փայն, Ռիզ Ուիզերսպուն, Մայքլ Պենյա, Մինդի Քեյլինգ, Սթորմ Ռեյդ, Զակ Գալիֆիանակիս, Օպրա Ուինֆրի։

08.03 - «Հեծելազոր»/ 12 Strong

Ֆիլմը հիմնված է Դուգ Սթենթոնի «Horse Soldiers» գիտական գրքի վրա եւ պատմում է ԱԱԾ գործակալների ու ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի թիմի մասին։ Միասին նրանք, սեպտեմբերի 11-ի տեռակտերից հետո, Աֆղանստան են ուղեւորվում, որպեսզի միանան գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուսթումին` թալիբների դեմ պայքարելու համար։ Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Մայքլ Շենոն, Մայքլ Պենյա, Նավիդ Նեգաբան, Տրեվանտե Ռոուդս, Ջոֆ Ստուլց, Օսթին Սթոուել։

08.03- «Եվա»/ Eva

Ֆիլմը պատմում է խաբեբայի եւ մարմնավաճառի չարաբաստիկ սիրո մասին։ Երիտասարդ գրող Բերթրանը փառք եւ ճանաչում որոնելիս հայտնի դրամատուրգից գողանում է «Ծածկագիր» պիեսը՝ ավելի ուշ այն որպես սեփականը ներկայացնելով։ Բեմադրությունը մեծ պահանջարկ է վայելում. Բերթրանը կարողություն է վաստակում, ունի սիրային հարաբերություն գեղեցկուհու հետ եւ պատրաստվում է ամուսնանալ։ Սակայն իրականությունն այլ է։ Խնդիրն այն է, որ խաբեբային անհրաժեշտ է մնալ իր դիրքում, իսկ դա նշանակում է, որ պահանջվում է նոր պիես գրել։ Պրովինցիալ մարմնավաճառի հետ ծանոթությունն օգնում է մի քանի խնդիրներ լուծել։ Դերերում՝ Իզաբել Յուպեր, Գասպար Ուլիել, Ջուլիա Ռոյ, Մարկ Բարբե, Ռիշար Բերի։

15.03 - «Լառա Քրոֆթ»/ Tomb Raider

Ֆիլմը պատմում է երիտասարդ Լառա Քրոֆթի մասին, որն իր առաջին արշավին է մեկնում, որպեսզի ավարտին հասցնի հոր սկսած հնագիտական հետազոտությունը։ Արկածներ եւ գանձեր փնտրող մարդուն հատուկ, նա վազելու է ջունգլիներում, կրակելու է, պայքարելու է բռնած գործի եւ արդարության համար, ինչպես նաեւ ռիսկի տակ է դնելու սեփական կյանքը։ Դերերում՝ Ալիսիա Վիկանդեր, Հաննա Ջոն-Քեյմոն, Ուոլթոն Գոգինս, Քրիստին Սքոթ Թոմաս, Դոմինիկ Ուեսթ, Նիկ Ֆրոսթ, Դենիել Վու։

15.03 - «Լեդի Բըրդ»/ Lady Bird

Տրագիկոմեդիայի հերոսուհին Սակրամենտոյի կաթոլիկ պահպանողական դպրոցի աշակերտուհի Քրիստինա ՄակՖերսոնն է։ Նա չի ցանկանում նման լինել մնացածներին, ինքն իրեն եւ այս աշխարհում իր առաքելությունն է փնտրում։ Լեդի Բըրդ անունով իրեն կնքելով` աղջիկը բոլորին խնդրում է իրեն անվանել միայն այսպես։ Բըրդը երազում է տեղափոխվել Նյու Յորք, ուր ցանկանում է շարունակել ուսումն ու պարզել իր ներաշխարհի բոլոր հարցերը։ Դերերում՝ Սիրշա Ռոնան, Լորի Մեթքաֆ, Թրեյսի Լեթս, Լուկաս Հեջես, Թիմոթի Շալամե, Բինի Ֆելդշթեյն, Լոիս Սմիթ, Օդեյա Ռաշ։

15.03 - «Շերլոք Գնոմս»/ Sherlock Gnomes

Գնոմեոն եւ Ջուլիետան կրկին վերադառնում են. այս անգամ մուլտհերոսները կհայտնվեն Լոնդոնում, ուր ժամանում են իրենց ընտանիքների եւ ընկերների հետ։ Տվյալ պահին նրանց գլխավոր խնդիրը գարնան գալստյանը սեփական պարտեզը նախապատրաստելն է։ Ամեն ինչ իր հունով է ընթանում մինչեւ այն պահը, երբ մի անգամ պարզվում է, որ իրենց թզուկ-եղբայրներն անհետացել են։ Գնոմեոն եւ Ջուլիետան օգնության են դիմում Շերլոք Գնոմսին եւ նրա հավատարիմ ընկեր Վաթսոնին։

16.03 - «Թանկագին դիկտատոր»/ Dear Dictator

Միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտուհի Տատյանային եւ կարիբյան լողավազանի երկրներից մեկի դիկտատոր Անտոն Վինսենթին կապում են սովորական մարդկային խնդիրները։ Շարունակական նամակագրությունից հետո Վինսենթը որոշում է Ամերիկա փախչել, որտեղ իրականում ծանոթանում է Տատյանայի հետ։ Դիկտատորը աղջկան սովորեցնում է, թե ինչպես տապալել դպրոցում գործող ռեժիմը եւ իսկական առաջնորդ դառնալ։ Դերերում՝ Մայքլ Քեյն, Օդեյա Ռաշ, Քեթի Հոլմս, Սեթ Գրին, Ջեյսոն Բիգզ, Ադրիան Վու։

22.03 - «Խաղաղօվկիանոսային սահման 2»/ Pacific Rim Uprising

Անցյալում, պիլոտավորվող ռոբոտ-թիկնապահների թիմին հաջողվել է կանգնեցնել հսկայական այլմոլորակային հրեշների հարձակումը։ Մարդիկ տոնել են հաղթանակը, սկսել են վերականգնել ավերված քաղաքները եւ, անգամ, չէին ենթադրում, որ այլ աշխարհի հրեշներից պաշտպանվելու համար կառուցված «եգերները» նրանց կրկին պետք են գալու։ Դերերում՝ Սքոթ Իսթվուդ, Ցզին Տյան, Ադրիա Արհոնա, Ջոն Բոյեգա, Չարլի Դեյ, Ռինկո Կիկուտի, Դասթին Քլեր, Բեռն Գորման։

22.03 - «Դու այստեղ երբեք չես եղել»/You Were Never Really Here

Ֆիլմը սկսվում է շիկահեր դեռահաս աղջկա անհետանալով։ Ոստիկանների տվյալներով, նրան առեւանգել են բորդելի կազմակերպիչները։ Դստերը հայտնաբերելու համար խոշոր պոլիտիկ հայրը վարձում է FBI-ի նախկին գործակալին, ով հայտնաբերում է հանցագործներին։ Ավելին, օպերացիայի ժամանակ նա պարզում է, որ առեւանգման հետեւում կանգնած են ազդեցիկ կոռումպացված անձինք, սակայն նա նաեւ այս խնդիրն է լուծում։ Դերերում՝ Խոակին Ֆենիքս, Եկատերինա Սամսոնովա, Դանթե Պերեյրա-Օլսոն, Վինիսուս Դամասենո, Ջուդիթ Աննա Ռոբերտս, Ֆրենկ Պանդո, Ջոն Դոումեն։

22.03 - «Դարի մրցարշավը»/ The mercy

Ֆիլմի հիմքում  բրիտանացի զբոսանավորդ Դոնալդ Քրոուհերսթի իրական պատմությանն է։ Սեփական ընկերությունը պարտքերից եւ սնանկացումից փրկելու, երազանքն իրականացնելու համար նա գրավ է դնում իր ողջ ունեցվածքը եւ Sunday Times թերթի կազմակերպած մրցարշավի գլխավոր մրցանակի շրջանակներում մասնակցում է աշխարհի շուրջ ռիսկային ճանապարհորդությանը։ Սակայն մեկնումից անմիջապես հետո տղամարդը հասկանում  է, որ հաղթանակ չի տոնելու, ուստի որոշում է խելագար ավանտյուրայի դիմել։ Դերերում՝ Ռեյչել Վայս, Դեվիդ Տյուլիս, Քոլին Ֆերթ, Մարկ Գեյթիս, Էնդրյու Բական, Ժենեվյեվ Գոնթ, Քեն Սքոթ, Ջոնաթան Բեյլի։

22.03 - «Կեսգիշերային արեւ»/ Midnight Sun

17-ամյա Քեթին տառապում է մաշկային հազվադեպ հիվանդությամբ՝ արեւի լույսը նրան ցավ է պատճառում, ուստի աղջիկը միայն լուսնի տակ զբոսանքի հույսին է, որոնցից մեկի ժամանակ հանդիպում է Չարլիին։ Հանկարծակի կիրքն ու սերը լուսավորում են Քեթիի կյանքը, եւ, հանուն այս հարաբերությունների, նա պատրաստ է այրվել խելագար զգացմունքի լույսի ճառագայթներից։ Դերերում՝ Բելլա Թորն, Պատրիկ Շվարցենեգեր, Ռոբ Ռիգլ, Քուին Շեպարդ, Քեն Թրեմբլեթ, Ջեն Գրիֆին, Նիկոլաս Կումբե։

29.03 - «Պատրաստվի առաջին խաղացողը»/Ready Player One

Սթիվեն Սփիլբերգի նորույթը հանդիսատեսին տեղափոխում է 2045 թվական։ Աշխարհը քաոսի մեջ է եւ կոլապսի սահմանին։ Մարդիկ փրկությունը սպասում են վիրտուալ աշխարհից՝ OASIS խաղից, որի ստեղծողը հանճարեղ ու էքսցենտրիկ անձնավորություն է, ով ունիկալ կտակ է թողնում. նրա մեծ կարողությունը կստանա այն խաղացողը, ով առաջինը կհայտնաբերի թվային «զատիկի ձուն»։ Այս քվեսթը վարակում է ողջ աշխարհին՝ բնակիչներն ընկնում են գանձերի հետեւից։ Դերերում՝ Լետիշիա Ռայթ, Հաննա Ջոն-Քեյմեն, Սայմոն Փեգ, ԹիՋեյ Միլլեր, Օլիվիա Քուկ, ՄակՔենա Գրեյս, Բեն Մենդելսոն, Թայ Շերիդան։

29.03 - «Գնդաձեւ կայծակ» օպերացիան»/ Entebbe

1976 թվական։ Թել Ավիվ-Փարիզ չվերթ։ Ինքնաթիռն առեւանգում են 2 պաղեստինցի եւ 2 գերմանացի տեռորիստները։ Անձնակազմին ու ուղեւորներին գերի վերցնելով` նրանք ինքնաթիռն ուղղում են դեպի Ուգանդա՝ 5 մլն դոլարի փրկագին եւ 53 դատապարտված հանցագործների ազատությունը պահանջելով։ Յոթ օր շարունակ իսրայելական կառավարությունը փորձում էր դիվանագիտական լուծում գտնել, սակայն պարտություն է կրել։ Այդ ժամանակ գերի վերցրած մարդկանց ազատագրման համար բավականին սրամիտ եւ ծայրահեղ համարձակ պլան է մշակվել, որն առայսօր պատմության մեջ ամենահամարձակ եւ քաջ փրկարար միսիա է համարվում։ Դերերում՝ Դանիել Բրյուլ, Ռոզամունդ Փայք, Էդի Մարսան, Նոնսո Անոզի, Բեն Շնետցեր, Անխել Բունանի, Դենի Մենոշե, Կամիլ Լեմեշեվսկի։

ԴԻՏԵ'Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30