23.03.2018 07:00 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լղոզված պայքարեք

Պրոֆեսիոնալը

Պրոֆեսիոնալը

Լինել պրոֆեսիոնալ` նշանակում է կարողանալ սսկեցնել նրանց, ովքեր խանգարում են քեզ։ Այսինքն` քո բացարձակ իշխանությանը։ Որովհետեւ չկա իշխանություն` չկա պրոֆեսիոնալ։ Իսկ եթե սսկեցնել չի լինում, ուրեմն լխճել ու ջնջել։

Սկզբում աղմկում են, դիմադրում են։ Իսկ պրոֆեսիոնալն ամուր փակում է ծակերը։ Այդպես, իհարկե, երկար հնարավոր չէ դիմանալ։ Վրա է հասնում, քաղցը, ծարավը, հիվանդությունը, օդ շնչելու ցանկությունը։ Վերջապես ինչքա՞ն կարելի է շնչել սեփական արտաթորանքի հոտը։ Եվ, այ, հենց այստեղ, հենց այս ժամանակ է, որ երեւում է պրոֆեսիոնալիզմը։

Պրոֆեսիոնալն այնպես է գործում, որ փակվածները լուսամուտները երկար ճանկռելուց հետո խոստովանում են` Դու մեղավոր չես, դու ուղղակի պրոֆեսիոնալ ես. մե'նք ենք վատը, մե'նք ենք մեղավորը, մենք միասնակա'ն չենք, մենք ներսի'ց ենք հոտած, մենք փչացա'ծ ենք, մենք արժանի' ենք այդ արտաթորանքին, ի վերջո մե'նք ենք դա... արել։

Պրոֆեսիոնալի  դեմ խաղ չկա։ Խոսքով են գալիս` ընկնում են։ Գործով են գալիս` առավելեւս։ Ու սկսվում է քննարկումը պայքարի ցիվիլ եւ ոչ ցիվիլ տարբերակների միջեւ։ Այսինքն` քաղաքականապես հասուն եւ քաղաքականապես տհաս։ Պրոֆեսիոնալի դեմ պայքարում։

Միշտ խոցելի է նա, ով փորձում է պայքարել պրոֆեսիոնալի դեմ։ Պայքարողի պրոֆեսիոնալիզմը միշտ ենթակա է կասկածի։ Ո՞վ է նա, որտեղի՞ց է գալիս, ո՞ւմ դրածոն է, ինչո՞ւ այսպես ասաց, ինչո՞ւ այնտեղ գնաց, ինչո՞ւ չմիավորվեց, ո՞րն է նրա նպատակը։

Ճակատային, թիրախավորված ու չլղոզված պայքարն, օրինակ, շատ վատ բան է։ Մանավանդ, երբ կոնկրետ ակտ է կատարվում, երբ կոչեր են հնչում դեպքի վայրից եւ ապա դատական նիստերի դահլիճից։ Ասենք` ժողովուրդ, միացեք։ Զինված խմբեր կազմեք, խփեք ձեզ ստրկացնողին ու պաշտպանեք ձեր իրավունքները։ Մի տեսակ, շատ ռադիկալ է։ Բոլորովին ասելու բան չէ` բռնության կոչ է։ Եվ հետո հուզական ֆոն ունի։ Կարճ ասած` պրոֆեսիոնալ չէ։

Օրինակ, Ժիրայր Սեֆիլյանը` հազար անգամ սխալական ու ոչ արհեստավարժ պայքարողի դասական օրինակ է։ Նախ` նա ռազմական գործիչ է, ուստի կամ պիտի զոհվեր, կամ` լիներ խորհրդարանում։ Ժիրայրն ի՞նչ իրավունքով է պրոֆեսիոնալին ասում, թե աչքիդ վերեւը ունք կա։ Ժիրայրը ո՞ր իրավունքով է պայքարի կոչեր հնչեցնում։ Ո՞վ է նրան իրավունք տվել գնալու Արցախ` այնտեղի ժողովրդին պայքարում միավորելու։ Միայն նրա համար, որ Շուշին ազատագրողների՞ց էր։ Դա խնդիր չէ։ Պատմության դասագրքերի էջերից կարելի է Ժիրայրին խմբագրել ու 10.5 տարով փակել բանտում։ Ընկերներին էլ հետը։

Սա հոյակապ դաս է պայքարողների համար։ Այսպես հաստատվում են պայքարի համար խաղի ընդունված կանոններ առ այն, որ հարգելի պայքարողներ, մի քիչ պրոֆեսիոնալ պայքարեք։ Մի' եղեք այդքան ճակատային եւ ռադիկալ։ Հարգելի պայքարողներ, դուք կարող եք պայքարի ճանապարհին ճամբարափոխ լինել, որը գուցե այնքան էլ բարոյական չէ, բայց փոխարենը քաղաքականապես հասուն է եւ հենց քաղաքականության մասին է, որովհետեւ ինչ-որ հեղինակություններ ինչ-որ տեղ ասել են, թե քաղաքականության մեջ բարոյականությունը տեղ չունի եւ քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ։ Պրոֆեսիոնալներն արդեն հաստատել են քաղաքականությամբ զբաղվելու ընդունված կանոններ` լինել անբարո եւ լղոզված։

Իսկ ի՞նչ են անում Ժիրայր Սեֆիլյանն ու նրա ընկերները։ Այդ ոչ պրոֆեսիոնալ Ժիրայրը դատարանի դահլիճից հաթաթա է տալիս, թե կլինեն հարձակումներ, որից խուսափելու համար պետք է ազատ արձակեն քաղբանտարկյալներին, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, պետական լծակները պետք է փոխանցեն ժողովրդին։ «Ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը եւ նրա հանցախումբը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ հայությունը եւ նրա սերուցքը սպառված են, ու իրենք անպատիժ են մնալու։ Մենք վճռականորեն շարունակելու ենք պայքարը հանուն ինքնիշխան Հայաստանի»,- այսպես է խոսել Ժիրայր Սեֆիլյանն իր վերջին խոսքում։

Իսկ Գեւորգ Սաֆարյանն ասում է` «Իմ խոսքը վերջինը չէ, դուք դեռ իմ խոսքը շատ կլսեք։ Տիկին Դատավոր, Դուք պետք է հասկանաք, որ մենք Ձեր կամ Ձեր տերերի առաջ չենք կանգնելու։ Փոխանցեք Ձեր տերերին, որ մենք սերժիկ-սաշիկներին հայրենիք չունենք տալու»։ Իսկ Ներսես Պողոսյանը ցույց է տվել իր երեք որդիների լուսանկարներն ու բացեիբաց հայտարարել, որ նրանց սովորեցրել է զենքով կրակել. «Իմ տղերքը մեծանում են, մեր գործը շարունակելու են։ Չորս չէ, 14, 44 տարի, ինձ համար դա նշանակություն չունի, արծիվները սողուն չեն դառնա»։  

Ահա, այսպիսի հուզական եւ բռնություն պարունակող հայտարարություններ են հնչեցրել պայքարողները` դրա դիմաց ստանալով խիստ պրոֆեսիոնալ, հաշվարկված անազատության տարիներ եւ քաղաքական գործունեության ցածր որակավորում։ Աչքաբաց պետք է լինել։ Ի վերջո, պրոֆեսիոնալը Բաղրամյան 26-ի պատշգամբից չի հայտարարում, թե` «Էս երկիրը տեսնում եք, մունք ընք սպանալ։ Էս Շուշին տեսնում ե՞ք, մունք ընք յոր կալալ։ Էս Շանթին տեսնո՞ւմ եք, մունք ընք չըխկլ-փակ ըրալ։ Սամվել Բաբայանին տեսնում ե՞ք։ Մունք ընք պանտարկալ։ Էս Ժիրոյին տեսնում ե՞ք, մունք ընք փակալ։ Դե, գյոռածների մասին ասում չըմ։ Էս հայոց պատմությունը տեսնում ե՞ք։ Մունք ընք կիրալ։ Էս վարչապետին տեսնում ե՞ք` մունք ընք։ Էս նախագահին տեսնում ե՞ք։ էդ էլ ընք մունք։ էս Սաշիկին տեսնում ե՞ք` լավ ա անում։ Աշկիդ թայն էլ հանում ա։ Սասդ կտրի, լուզուդ քեզ ըրա»։ Բայց չի ասում, չէ՞։ Դե ուրեմն, զգա տարբերությունը։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30