02.05.2017 10:32 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մայիսմեկյան ուռա

Կամ աշխատանք, կամ իրավունքներ

Կամ աշխատանք, կամ իրավունքներ

Մայիսի 1-ի առթիվ ընդունված է բարձրագոչ ելույթներ ունենալ աշխատավոր մարդկանց, նրանց ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի, եւ իհարկե` նրանց իրավունքների մասին։ Հայաստանի իշխանություններն էլ, բնականաբար, չէին կարող բաց թողնել առիթը, եւ ով չալարեց` ստանդարտ տեքստով ուղերձ հղեց։ Բնականաբար` առաջին հերթին կարեւորելով աշխատողների իրավունքները («ՍԱՍ գրուպ» ընկերության ժողովի ձայնագրության բարձրացրած աղմուկը չափազանց մեծ էր)։

Բայց Հայաստանում «աշխատավորների իրավունքներ» արտահայտությունը ֆանտաստիկայի ժանրից է։ Հայաստանում գործում է «կամ, կամ» սկզբունքը, այսինքն` մեզանում մարդիկ կամ աշխատանք ունեն, կամ իրավունքներ։ Օրինակ, գործազուրկն ինքն է որոշում` մասնակցի՞ ՀՀԿ-ի կազմակերպած որեւէ տխմար միջոցառման, թե ոչ, իսկ աշխատանք ունեցողն այդպիսի իրավունք չունի. նրան կցուցակագրեն ու կքշեն մասնակցելու այդ միջոցառմանը, որովհետեւ ենթադրվում է, որ աշխատանք ունենալու փաստը նրան զրկել է սեփական կամքով ինչ-որ միջոցառումից հրաժարվելու իրավունքից։ Կամ, օրինակ, գործազուրկն ինքն է որոշում` որեւէ քաղաքական ուժից ընտրակաշառք վերցնի՞, թե ոչ, իսկ աշխատանք ունեցողը պարտավոր է ոչ միայն առանց ընտրակաշառքի ընտրել նրան, ում շեֆը կասի, այլեւ ծանոթ-բարեկամների ցուցակ ներկայացնել։

Այնպես որ, աշխատողների նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքը լավագույնս արտահայտել են հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը (նա, հիշեցնենք, «Նաիրիտի» աշխատողներին անվանել էր համբալ) եւ Շմայսը (իր հանրահայտ «հլը էն ասֆալտ փռող գյադուն ասեք, թող գա» արտահայտությամբ)։

Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն պետական հիմնարկների, այլեւ մասնավոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսականորեն մասնավոր ընկերությունների աշխատակիցները որեւէ կախում չունեն իշխանություններից, բայց դա նշանակություն չունի, որովհետեւ փոխարենը` այդ ընկերությունների սեփականատերե՛րն են կախված իշխանություններից։ Չէ՞ որ իշխանությունները ցանկացած պահի կարող են ցանկացած բիզնեսմենի «օդերը փակել»։ Դրա համար էլ ոչ միայն մասնավոր ընկերությունների աշխատակիցներն են այդ ընկերությունների սեփականատերերի ճորտերը, այլեւ սեփականատերերն իրենք են իշխանությունների ճորտերը (պարզապես մի քիչ ավելի լավ «կենցաղային պայմաններով»)։ Ընդ որում, շարքային աշխատողները դեռ կարող են ազատվել ճորտությունից` կորցնելով ընդամենը իրենց 70-80 հազար դրամ աշխատավարձը, իսկ խոշոր բիզնեսմենները չեն կարող. նրանք կկորցնեն ոչ միայն իրենց 70-80 միլիոն դոլարը, այլեւ ազատությունը (ամեն մեկի վրա հաստատ մի քանի կուբամետր կոմպրոմատ կա)։

Հիմա հարց է ծագում` կցանկանա՞ն արդյոք իշխանությունները փոխել այս իրավիճակը եւ իսկապես պաշտպանել աշխատողների իրավունքները։ Իհարկե չեն ցանկանա, որովհետեւ այդ դեպքում միանգամից կզրկվեն իրենց «էլեկտորատից» եւ այլեւս երբեք չեն կարողանա «տոկոս խփել», այսինքն` այլեւս երբեք իշխանության երեսը չեն տեսնի։ Պատկերացրեք, օրինակ, որ օլիգարխների ընկերությունների տասնյակ հազարավոր աշխատողների իրավունքները օրենքով պաշտպանված լինեն, եւ նրանք իմանան, որ ում էլ ընտրեն` այդ օլիգարխն իրենց աշխատանքից ազատելու իրավունք չի ունենա։ Հասկանալի է, չէ՞, որ միանգամից կտրուկ նվազում է ե՛ւ իշխանությունների վերարտադրության հնարավորությունը, ե՛ւ տվյալ օլիգարխի քաղաքական կշիռը։ Կամ պատկերացրեք` ուսուցիչն իմանա, որ հանգիստ կարող է չկատարել դպրոցի ՀՀԿ-ական տնօրենի ապօրինի հրամանները (ընտրողների ցուցակներ կազմելու մասին), ու իրեն դրա համար չեն «կրճատի»։ Միանգամից ամբողջ համակարգը կփլուզվի։ Այն համակարգը, որի վրա հիմնված է Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Այնպես որ` իշխանությունները երբե՛ք ոչ մի քայլ չեն անի աշխատողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Իսկ թե ինչու են խոսում այդ մասին` հասկանալի է. որովհետեւ այդպես է ընդունված։ Սահմանին զինվոր է զոհվում` պետք է ճառ ասել հայրենասիրության մասին, եվրոպացի չինովնիկ է գալիս` պետք է խոսել ժողովրդավարության մասին, մայիսի 1 է` պետք է խոսել աշխատավորների իրավունքների մասին։ Ու այդ ամբողջ ընթացքում միշտ մտածել միայն քյաշ փողի մասին։

Մի խոսքով` կեցցե մայիսի 1-ը։ Ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփեց իր նախընտրական ելույթներից մեկը` ուռա՛։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30