04.05.2018 04:35 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ընդդիմություն ց’պահանջ

Իսկ ո՞վ է լինելու հաջորդ ընդդիմությունը

Իսկ ո՞վ է լինելու հաջորդ ընդդիմությունը

Իշխանափոխության խնդիրը Հայաստանում կարծես թե վերջնականապես լուծված է, եւ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական բոլոր ուժերի աջակցությամբ դառնալու է վարչապետ։ Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. նույնքան կարեւոր է նաեւ այն հարցը, թե ո՞վ է լինելու հաջորդ ընդդիմությունը։ Ի վերջո՝ բոլորն էլ գիտակցում են, որ առանց ադեկվատ եւ ուժեղ ընդդիմության ադեկվատ հասարակություն եւ ուժեղ պետություն ունենալ չենք կարող։

Տեսականորեն այդպիսի ընդդիմություն կարող էր դառնալ ՀՀԿ-ն։ Եթե դասական իմաստով քաղաքական կուսակցություն լիներ։ Բայց ՀՀԿ-ն ընդամենը ամեն գնով իշխանության մեջ հայտնվելու եւ իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելու ցանկություն ունեցողների ակումբ էր, եւ հիմա, երբ ՀՀԿ-ական լինելն այլեւս նյութական դիվիդենտներ չի բերում, այդ կուսակցությունը կամաց-կամաց փոշիանալու է։ Իսկ կուսակցության վերնախավի անելիքը լինելու է ոչ թե հաջորդ իշխանությունների դեմ քաղաքական պայքար մղելը, այլ 20 տարիների ընթացքում կուտակածը մի կերպ պահելն ու լեգիտիմացնելը։ Վերջին հաշվով՝ ՀՀԿ-ն մայիսի 2-ի խայտառակ նիստից հետո «մտքափոխվեց» ոչ թե այն պատճառով, որ հասկացավ իրավիճակի վտանգավորությունը, այլ որովհետեւ հստակ հաշվարկեց՝ եթե մայիսի 8-ին վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվելու է, ու իրենք նոր խորհրդարանում հաստատ տեղ չեն ունենալու, իսկ եթե Փաշինյանը դառնա վարչապետ՝ իրենք առնվազն եւս 6-7 ամիս կպահպանեն մանդատները։

 Հաջորդ ընդդիմության դերին չեն կարող հավակնել նաեւ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը։ Մեծ է հավանականությունը, որ այդ ուժերը գոնե մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կոալիցիոն կառավարության մաս կկազմեն։

 Մնում են արտախորհրդարանական ուժերը։ Եվ իհարկե՝ «ընդհատակյա հակահեղափոխականները»։ Հասկանալի է, որ այս օրերին կիսակրիմինալ խմբավորումները, կոռումպացված չինովնիկները, տեղական ֆեոդալները, ընտրակեղծարարների թայֆաները եւ այլն խոր ընդհատակ են անցել ու աշխատում են ժողովրդի աչքին չերեւալ, բայց չէ՞ որ նրանք ոչ մի տեղ չեն անհետացել, Հայաստանում են։ Եվ հակահարված հասցնելու հարմար առիթի են սպասում, որովհետեւ եթե սա արժեքային հեղափոխություն էր՝ հեղափոխություն էր իրե՛նց «արժեքային համակարգի» դեմ։ Այս ընթացքում այդ թայֆաներն, իհարկե, կփորձեն իրենց ծառայություններն առաջարկել նաեւ նոր իշխանություններին, բայց եթե չստացվեց՝ մնալու են «աբիժնիկ» եւ սպասելու են իրենց երբեմնի «պապաների» քաղաքական ռեւանշին։ Ընդ որում՝ այդ ուժը չի կարելի թերագնահատել, որովհետեւ գործ ունենք նյութական եւ մարդկային հսկայական ռեսուրսներ ու մեծ փորձառություն ունեցող համակարգի հետ։ Եվ չի կարելի թույլ տալ, որ հենց այդ համակարգը դառնա նոր իշխանությունների հիմնական ընդդիմությունը։

Խնդիրը կարելի է ձեւակերպել նաեւ այսպես. մինչեւ հիմա Հայաստանում երեք իշխանություններ են եղել (խոսքը երեք նախագահների մասին է), եւ յուրաքանչյուր հաջորդը նախորդից վատն է եղել։ Եթե Նիկոլ Փաշինյանը պիտի բեկի այդ ընթացքը (այսինքն՝ սրանից հետո յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պիտի նախորդից լավը լինի), դրան հասնելու միայն մի ձեւ կա՝ Հայաստանում պիտի նորմալ ընդդիմություն լինի, այդ ընդդիմության շարքերում պիտի նույնքան կրակոտ աչքերով ու ազնիվ մղումներով երիտասարդներ լինեն, որքան տեսանք այս օրերին Երեւանի փողոցներում, եւ իշխանությունները պիտի աչքի լույսի պես պահպանեն այդ համակարգը։ Այլ կերպ ասած՝ խնդիրը միայն կիսակրիմինալ ինչ-որ բանդայից իշխանությունը խլելը չէ, խնդիրը նաեւ այդ բանդայի՝ հիմնական ընդդիմություն դառնալու հնարավորությունը խլելն է։

Նորմալ երկրներում այս խնդիրն, իհարկե, լուծվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Մեզանում մինչեւ հիմա դա չի հաջողվել։ Կհաջողվի այս անգամ, թե ոչ՝ այս պահին դեռ դժվար է ասել։ Բայց շանսերը երբեւէ այսքան մեծ չեն եղել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30