19.11.2013 17:35 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայացք դրսից

Երկու զեկույց՝ Հայաստանի վերաբերյալ

«Ինտերնյուս Ուկրաինա» կազմակերպությունը ուսումնասիրել է խոսքի ազատության վիճակը Արեւելյան գործընկերության վեց երկրներում, որոնց արդյունքում Վրաստանը զբաղեցրել է 2-րդ, Հայաստանը՝ 3-րդ, իսկ Ադրբեջանը՝ 5-րդ տեղը։

ԶԼՄ-ների խոսքի ազատության ինդեքսը առավել բարձր է եղել Մոլդովայում։

Europe@Eurasia միջազգային կազմակերպության տնօրեն Մանանա Ասլամազյանի կարծիքով, Հայաստանի համար 3-րդ տեղը կարելի է պատվաբեր համարել։ «Մի կողմից, Հայաստանում ազատ մամուլ շատ կա, բայց մյուս կողմից շատ են իրենց սեփականատերերի պատվերները կատարող ԶԼՄ-ները»,- նշել է նա։

Իսկ ահա Վրաստանում խոսքի ազատության բարձր գործակցի հետ Մանանա Ասլամազյանը համաձայն չէ։ Նրա կարծիքով, Վրաստանում Ինտերնետն ու մամուլը բավական ազատ են, իսկ հեռուստատեսության դեպքում վիճակն ավելի բարդ է։

«Թեպետ վրացական հեռուստատեսությունը շատ պրոֆեսիոնալ է, սակայն քաղաքական առումով անընդհատ թեքվում է մի ուժից դեպի մյուսը։ Հավասարակշվածություն այդ առումով չկա։ Սկզբից բոլորը սիրում էին Սաակաշվիլիին, իսկ հիմա բոլորը սիրում են Իվանիշվիլիին։ Այդ առումով իրավիճակը Վրաստանում եւ Հայաստանում հիմնականում նույնն է»,- ասել է տկն Ասլամազյանը «Кавказский узел»-ին։

Վերջինիս կարծիքով, քանի որ Հայաստանում նոր լրատվամիջոցները բավական ազատ են, դրա համար էլ շատ են եւ տարբեր։

«Սպառողի տեսանկյունից բազամակողմանի տեղեկատվության մատուցումը Հայաստանում իրականություն է։ Այլ բան է, թե որքանով է այդ տեղեկատվությունը վերլուծական, խորքային, որքանով՝ հավաստի»։

Փորձագետի կարծիքով, Հայաստանում հեռուստատեսությունը ավելի զգույշ եւ պահպանողական է։ Այն ջրի երեսին է մնում ոչ թե քաղաքական իրավիճակի լուսաբանման ժամանակ վերլուծական մոտեցումներով, այլ զվարճալի ծրագրերի, սերիալների եւ ֆիլմերի հաշվին։ Դրա պատճառը, ըստ Ասլամազյանի, հայկական հեռուստատեսության մասնագետների՝ ճիշտ կողմնորոշվելու անկարողությունն է, երբ անհրաժեշտ է ճիշտ վերլուծել քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները։

«Բացառությամբ «Ազատություն» ռադիոկայանի, ռադիոն Հայաստանում հիմնականում երաժշտական թեքում ունի։ Այդ ոլորտը առավել հավասարակշռվածներից է երկրում», նշել է Մ. Ասլամազյանը։

Վերջինս ընդգծել է, որ ԶԼՄ-ների գրանցման, լրագրողների իրավունքների եւ տեղեկատվության իավունքի տեսանկյունից Հայաստանի օրենսդրությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։

«Այլ հարց է, թե գործնականում որքան են այդ չափանիշները պահպանվում եւ հարգվում։ Բոլոր դեպքերում, եթե լրագրողը ցանկանում է, ապա նա կարող է գտնել տեղեկատվությունը եւ այն հրապարակել։ Այդ առումով հաճախ հարկ է լինում քննադատել լրագրողների պասիվությունը»։

Երեկ Human Rights Watch-ն էլ է անդրադարձել Հայաստանին, այս դեպքում մարդու իրավունքների վիճակին։ Ըստ կազմակերպության, Եվրամիությունը պետք է կենտրոնանա մարդու իրավունքների վրա եւ սկզբունքային մոտեցում ցուցաբերի Արեւելյան գործընկերության երկրների հետ։

Կազմակերպությունը նշել է, որ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան հայտարարությունը շատերին ցնցեց։ «Եվրամիությունն ակնկալում էր, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը վիլնյուսյան գագաթնաժողվում։ Փոխարենը Հայաստանը, հնարավոր է, Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին հայտարարություն ստորագրի»։

Հայտարարության հեղինակները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանում համապետական ընտրություններն անցնում են կեղծիքներով ու թերություններով, եւ փետրվարին տեղի ունեցած վերջին ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը, բացառություն չեն։

Human Rights Watch-ը նշել է, որ կտտանքները եւ դաժան վերաբերմունքը ոստիկանությունում դեռ առկա են, իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքները կամ ճնշումներով ստիպում են դաժան վերաբերմունքի զոհերին հրաժարվել իրենց բողոքներից։ Հեռարձակող լրատվամիջոցները, ըստ իրավապաշտպան կազմակերպության, չեն ապահովում բազմակարծություն, բացի այդ` լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպք է եղել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31