17.11.2017 13:44 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

ՍՍ-ն ոնց գծել ա

Սերժ Սարգսյանը վառոդի տակառի վրա

Եվ այսպես, խորհրդարանական անմռունչ մեծամասնությունը 88 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու տխրահռչակ օրենքը։ Ամեն ինչ տեղի ունեցավ սովորականի պես. հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքը քվեարկեցին «շեֆը ոնց ասել ա» սկզբունքով, իսկ դրսում ցույց անող մի քանի հարյուր ուսանողներով «զբաղվեց» ոստիկանությունը։

Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե իշխանությունների ինչի՞ն էր պետք այս աղմուկը։ Բանակի համալրման խնդիրն այս օրենքով հաստատ չի լուծվելու՝ պրոբլեմներն այստեղ շատ ավելի խորն են, ու հավելյալ 150 զինակոչիկները ոչինչ չեն փոխելու։ Առավել եւս, որ այդ 150 ուսանողների եւ ասպիրանտների փոխարեն հաստատ կգտնվեն պաշտոնյաների ու մեծահարուստների 150 վտիտ որդիներ, ովքեր կլորիկ գումարի դիմաց «ժամկետային ծառայությունը» կանցկացնեն Երեւանի գիշերային ակումբներում, ու զինակոչիկների ընդհանուր թիվը չի փոխվի։

Ըստ երեւույթին իշխանությունների պահվածքը բոլորովին այլ բացատրություն ունի։ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն տառապում է բոլորին եւ ամեն ինչ տոտալ վերահսկողության տակ պահելու հիվանդագին մոլուցքով, ու հանկարծ հայտնվում են մի քանի հազար ուսանողներ եւ դասախոսներ, ովքեր համարձակվում են բողոքի թեկուզ փոքրիկ ալիք բարձրացնել։ Իսկ ինքը շատ լավ հասկանում է, որ սոցիալական առումով Հայաստանը վառոդի պահեստի պես բան է, եւ ցանկացած կայծ կարող է ահավոր պայթյուն առաջացնել։ Ու թեեւ իրեն այդ հավելյալ 150 զինակոչիկները չեն հետաքրքրում («արդարության վերականգնումը»՝ առավել եւս), բայց նա «վիզ է դրել» անպայման «կոտրել» ուսանողությանը։ Նրան ոչ թե սեփական իրավունքները պաշտպանող երիտասարդներ են պետք, այլ Կարեն Ավագյանի նման գոյացություններ ու «սաքուլիկներ», ովքեր անշեղորեն կկենսագործեն ՀՀԿ հերթական համագումարի որոշումները։ Այստեղից էլ, ի դեպ, իշխանական մեկ այլ երեւույթի հայտարարությունները, թե իբր ուսանողները բողոքում են, որովհետեւ Սորոսի հիմնադրամից 20 հազար դոլար գրանտ են ստացել, իսկ Սորոսի հիմնադրամն էլ իր առջեւ խնդիր է դրել վարկաբեկել «ազգ-բանակ» գաղափարը։

Մի խոսքով՝ միջազգային իմպերիալիզմը սարսափահար է եղել «ազգ-բանակ» գաղափարից, եւ մութ ուժերն իրենց շոշափուկներով փորձում են խեղդել մեր ազգային զարթոնքը, որն անմիջապես կկայանա, եթե ուսանողներին ու ասպիրանտներին անհապաղ բանակ զորակոչեն։ Բացի այդ էլ՝ չի կարելի թույլ տալ, որ ուսանողական շարժումը հաջողության հասնի, որովհետեւ այդ օրինակը կարող է վարակիչ դառնալ, ու արդեն շատերը կսկսեն պայքարել իրենց իրավունքների համար։ Իսկ դա ոչ մի դեպքում թույլ տալ չի կարելի։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե, օրինակ, վարորդներն էլ սկսեն ցույցեր անել (մեղա-մեղա) կարմիր գծերի ու արագաչափերի դեմ, հեռու տնից-տեղից՝ հրաժարվեն տուգանքներ վճարել, կամ՝ հասարակությունը ոտքի կանգնի ու իշխանությունների առջեւ չտեսնված-չլսված պահանջներ դնի (օրինակ՝ երկիրը չթալանել)։ Դա արդեն իսկապես Սերժ Սարգսյանի իշխանության վերջը կլինի։ Դրա համար էլ ոստիկանության առջեւ խնդիր է դրվել ուժի կիրառմամբ վախեցնել ուսանողությանը՝ իբր նրանք խոչընդոտում են երթեւեկությունը (երբ Սերժ Սարգսյանը 10-15 մեքենաներից կազմված շարասյունով գնում է որեւէ տեղ բլոտ խաղալու, քաղաքի փողոցների կեսը փակվում է, բայց զգաստ կանգնած ոստիկաններն ընդամենը հետեւում են, որ ավտոմեքենաներում ու երթուղայիններում խցանված քաղաքացիները հանկարծ հարկ եղածից բարձրաձայն չարտահայտեն իրենց կարծիքը Սերժ Սարգսյանի մասին)։ Ինչեւէ։

Կհասնեն ուսանողներն ու դասախոսներն ինչ-որ արդյունքի, թե ոչ՝ դժվար է ասել, բայց շարժումը որոշակի դրական արդյունք արդեն տվել է։ Թեեւ ցույցերին ընդամենը մի քանի հարյուր (կամ մի քանի հազար) մարդ է մասնակցում, բայց Հայաստանում դեռեւս մնացած երկուսուկես միլիոն մարդկանց համար հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ իշխանությունները «փաթթած ունեն» եւ՛ հասարակական կարծիքը, եւ՛ գիտությունն ու կրթությունը, եւ՛ արտագաղթը, եւ՛ ընդհանրապես երկրի ապագան։ Նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ որ Հայաստանում ապրողները ծառայեն բանակում, ժամանակին վճարեն կոմունալ վարձերն ու տուգանքները, ոչ մի դեպքում ոչ մի բանի դեմ չբողոքեն եւ սուսուփուս ծամեն սուպերմարկետներից «հոր գներով» ձեռք բերած իրենց բաժին օրապահիկը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30