15.06.2012 20:16 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մենաշնորհի գինը

Հայկական գործազրկության ֆենոմենը

Հայկական  գործազրկության ֆենոմենը

Նախօրեին սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը մի քանի հետաքրքիր մտքեր արտահայտեց Հայաստանի մասին։ Ասաց, որ երկիրը դատարկվում է, բայց իշխանությունները մեղք չունեն, ասաց, որ հայ տղամարդիկ աշխատել չեն սիրում, կանայք ավելի շատ են աշխատում, որ գաղթականությունը մեր գեների մեջ է, որ իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել եւ այլն։ Ըստ էության` սրանք այն մտքերն են, որոնք իշխանությունները կցանկանային արտահայտել, բայց չեն համարձակվում։ Իսկ Հովնանյանը պրոբլեմ չունի. քաղաքականությամբ չի զբաղվում, եւ ինչ ուզի` կասի։

Բայց եկեք անդրադառնանք թեկուզ աշխատատեղերի խնդրին։ Զուտ իրավական տեսանկյունից այդ մարդն իրավացի է. իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել, պարտավոր են ձեւավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ մարդիկ իրենք աշխատատեղեր կստեղծեն։ Բայց պետությունները, որպես կանոն, ճգնաժամային իրավիճակներում պարտավոր են մի կողմ դնել «զուտ իրավական տեսանկյունը» եւ գործով զբաղվել, ավելի ճիշտ` գործ ստեղծել մարդկանց համար։ Այդպես եղել է միշտ։ Օրինակ` մ.թ.ա. 3-րդ դարում, երբ Չինաստանում երկարատեւ պատերազմները դադարեցին, միանգամից մի քանի հարյուր հազար զինվոր դարձավ գործազուրկ։ Եվ որպեսզի այդ հսկայական ուժը երկիրը ներսից չկործանի, կայսրը որոշեց զորքն ուղարկել կառուցելու Մեծ պարիսպը, որն իրականում ոչ մեկին պետք չէր (հետագայում մոնղոլները պարզապես շրջանցեցին այն եւ գրավեցին Չինաստանը)։ Կամ, ասենք, ամերիկյան Մեծ դեպրեսիայի տարիներին այդ երկրի իշխանությունները միլիոնավոր գործազուրկներին ուղարկեցին վերանորոգելու երկրի ճանապարհները, թեեւ այդ խնդիրն այնքան էլ հրատապ չէր։ Իսկ Հայաստանում այդպիսի հրատապ խնդիրների պակաս չկա, այսինքն` ցանկության դեպքում իշխանությունները լավ էլ կարող են տասնյակ հազարավոր աշխատատեղեր բացել։ Փող հաստատ կա. իշխանությունների «համախառն ներքին թալանը» կազմում է տարեկան 2-3 միլիարդ դոլար։ Այլ հարց է, որ իշխանությունները գերադասում են գործազրկության խնդիրը լուծել արտագաղթի միջոցով։ Բա հո «իրենց» թալանածի հաշվին աշխատատեղեր չե՞ն բացելու։

Բերենք մեկ այլ օրինակ, որտեղ իշխանությունները «զուտ իրավական տեսանկյունից» պարտավո՛ր են ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Վերջերս հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը հերթական պատուհասի առջեւ հայտնվեց` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բազմանդամ ընտանիքի հորը տուգանեց 50 միլիոն դրամով։ Բանն այն է, որ նրան պատկանող (համենայն դեպս չար լեզուներն այդպես են պնդում) ընկերություններից մեկի գործունեության արդյունքում տուժել ու սնանկության եզրին էր հայտնվել Վանաձորում գործող փոքրիկ մի դեղատուն։ Հիմա տեսեք. պետությունը վերցրեց ու առանձնակի դաժանությամբ տուգանեց Սամվել Ալեքսանյանի ընկերությանը, բայց մի՞թե դրանից աղետյալ վանաձորցու վիճակը լավացավ։ Պատկերացրեք` փողոցում մեկը երեխայի ձեռքից խլի պաղպաղակը, բայց խիզախ ոստիկանը վրա հասնի, նրա ձեռքից առգրավի «իրեղեն ապացույց հանդիսացող» պաղպաղակն ու սկսի ախորժակով կծոտել։ Երեխային ի՞նչ օգուտ դրանից։ Պետությունը պարտավոր  էր հաշվարկել, թե որքան է տուժել այդ խեղճուկրակ խանութպանը, եւ 50 միլիոն տուգանքից այդքանը հատկացնել նրան։ Այդ դեպքում բոլորը կիմանային, որ եթե անգամ որեւէ մեկն «անազնիվ մրցակցությամբ» իրենց սնանկացնի, պետությունն այդ վնասը փոխհատուցելու է, եւ առանց վախենալու աշխատատեղեր կբացեին։ Բայց այս իշխանություններին դա չի հետաքրքրում։ Նրանք իրենց տուգանքի տերն են։ Կարեւորը` Սամվել Ալեքսանյանի տեղը գիտեն, երբ ինչքան պետք լինի` կտուգանեն։ Համ էլ` մրցակցությունը նրանց ձեռնտու չէ։ Մրցակցություն եղավ` գները կիջնեն, շահույթները կնվազեն, շահութահարկը` նույնպես, ու բյուջեն կտուժի։ Պարզ է, չէ՞, Տիգրան Սարգսյանի հաշվարկը։ Ինչքա՞ն հարկ պիտի վճարի ընտանիքը նորմալ պահող անհատ ձեռներեցը։ Շատ-շատ` ամիսը մի 100-150 դոլար։ Իսկ ինչքա՞ն փող է ուղարկում Հայաստան «միջին վիճակագրական խոպանչին». ամիսը 300-400 դոլար, որն էլ տարբեր ճանապարհներով նորից իրենց գրպանն է մտնում։ Բա էլ ի՞նչ աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը։

Հենց սա է պատճառը, որ Վահագն Հովնանյանի ասած` «ժողովուրդ չի մնացել Հայաստանին մեջ»։ Մնացածը հեքիաթներ են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30