Ընդհանրապես, առաջին անգամը չէ, որ իշխանությունները` մասնավորապես, նախագահականն ու ԱԳՆ-ն տարածում են հաղորդագրություն, որտեղ խեղաթյուրում են դիմացինների խոսքերը. բնականաբար, խեղաթյուրումն արվում է հօգուտ իշխանությունների։ Նույն բանը տեղի է ունեցել Էշթոնի պարագայում։ Ինչպես հայտնի է` նախօրեին Սերժ Սարգսյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ երեկոյան հանդիպում էր ունեցել տիկին Էշթոնի հետ, որից հետո արդեն Սարգսյանը պիտի անցներ ավելի թեթեւ ու հաճելի օրակարգին`պիտի հանդիպեր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավարության հետ. հիշեցնենք, որ Հայաստանից ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» վերջերս դարձել էին ԵԺԿ անդամ։
Եվ ահա, նախօրեին ուշ երեկոյան նախագահականը հաղորդագրություն է տարածել Էշթոնի հետ հանդիպման մասին, որտեղ գրել է. «Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը։ Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը։ Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձեւաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը։ Սերժ Սարգսյանը վերահաստատելով ԵՄ-ի հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծել է, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը եւ եվրոինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը։ ...Անդրադարձ է եղել մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին։ ...Քեթրին Էշթոնը նշել է, որ կարեւոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեեւ կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում»։ Ահա այսպես, եթե հավատալու լինենք Սարգսյանի լրատվականին, փաստորեն տիկին Էշթոնը մայիսի 6-ի ընտրություններին տվել է «20-ամյակի» լավագույն ընտրությունները գնահատականը։ Բայց իրո՞ք նա տվել է այդ գնահատականը։ Այժմ կարդանք Էշթոնի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը (http։//www.consilium.europa.eu//uedocs/cms_data/docs/pressdata/EN/foraff/131321.pdf), որտեղ մասնավորապես ասվում է. «Բարձր հանձնակատարը այսօր Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ դիտարկել են Հայաստանում ներքին բարեփոխումները։ Նա ողջունել է ՀՀ իշխանությունների` վերջին ԱԺ ընտրությունները ավելի թափանցիկ եւ մրցունակ միջավայրում անցկացնելու ջանքերը, բայցեւ ընդգծել է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում մատնանշված մի շարք խնդիրների` 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին լուծման անհրաժեշտությունը, որպեսզի դրանք ամբողջովին համապատասխանեն միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին։ Բարձր հանձնակատարը նաեւ ողջունել է Հայաստանում անցկացված վերջին բարեփոխումները, ինչպես որ այն արտացոլված է Եվրոպայի հարեւանության առաջընթացի զեկույցում (մայիսի 15)։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանը վերջերս սկսել է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու վերաբերյալ բանակցությունները` իրականացնելով ԵՄ հանձնաժողովի կողմից արված մի շարք ռեկոմենդացիաները։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտներում հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը։ Քեթրին Էշթոնը իր անհանգստությունն է հայտնել հունիսի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, եւ ԼՂ հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված լուրջ միջադեպերի վերաբերյալ, եւ ափսոսանք է հայտնել մարդկային զոհերի եւ նաեւ նրանց տառապանքների կապակցությամբ։ Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես գործընկեր երկրների, ակտիվացնել իրենց ջանքերը Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման հարցում, դրանք որպես բանակցությունների հիմք ընդունելով, եւ ամբողջությամբ իրագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախագահների կողմից ստանձնած պարտավորությունները։ Բարձր հանձնակատարը նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքական ասոցիացիան ու տնտեսական ինտեգրացիան ամբողջ ներուժով գործարկելու հարցում կենսական նշանակություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթացը»։
Հիմա համեմատենք երկու հաղորդագրությունները. ինչպես տեսնում ենք` սար ու ձորի տարբերություն կա։ Նախագահականը ոչ միայն մեղմել է Էշթոնի հայտարարությունը, այլեւ դեռ մի բան էլ` որոշ բառեր է վերագրել վերջինիս, օրինակ` 20-ամյակի լավագույն ընտրություններ արտահայտությունը։ Ի դեպ, այս հարցի վերաբերյալ նախագահականի լրատվական ծառայություն ուղարկած մեր հարցումը մնացել է անպատասխան, նույն հարցմամբ մենք դիմել ենք նաեւ տիկին Էշթոնի գրասենյակ։ Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։
Հ.Գ. Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն առայժմ հետաձգում է ՀՀ-ին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ ԱԺ ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է կառույցի՝ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։ Եւ դա չնայած այն բանին, որ նույն Ստանոն անցած տարվա դեկտեմբերին, «Ազատության»-ը ասել էր, թե Բրյուսելը շատ է տպավորված արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումներից եւ պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել եւ գումարներ հավաքել՝ ՀՀ-ին օժանդակելու համար։ «Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են ԱԺ ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար»,- այս անգամ ասել է Ստանոն եւ հավելել. «Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։ Այսինքն, ակնհայտ է, որ ԵՄ-ն դժգոհ է ինչպես ԱԺ ընտրությունների որակից, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքից։ Երկու դեպքում էլ առաջընթաց է պահանջում, եւ ֆինանսական ճնշումներն այդ առումով ամենահարմարն են։