Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ է իրար խառնվել Հանրապետականը։ Դե եթե իսկապես «վայելում եք ժողովրդի վստահությունը` գնացեք հանգիստ կառավարություն կազմեք, ինչո՞ւ եք «խորհրդակցություններ անցկացնում բոլոր ուժերի հետ` բացի ՀԱԿ-ից»։ Պատասխանը պարզ է. որովհետեւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենք իրականում չեն ստացել այդ 44 տոկոսը, որ ժողովուրդը զզվում է իրենցից, եւ որ իրենց իրական համակիրների թիվն առավելագույնը 100 հազար է։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ այդ ռեսուրսով ընտրություններ կեղծել հնարավոր է, բայց երկիր ղեկավարել հնարավոր չէ։ Համենայն դեպս` Սերժ Սարգսյանը հաստատ գիտի։ Երիտհանրապետական կարիերիստները գուցեեւ լավ չեն պատկերացնում իրականությունը, դրա համար էլ հեռուստաէկրաններից մկկում են «ժողովրդի վստահությունը վայելելու մասին, բայց Սերժ Սարգսյանը շատ ավելի զգույշ է ու վախվորած, որովհետեւ գիտի իր իրական վարկանիշը։ Վերջին հաշվով` իշխանական «օբշչակի» փողերով են կեղծվել ընտրությունները, իսկ Սերժ Սարգսյանն այն մարդը չէ, որ «օբշչակի» ելքերն ու մուտքերը մինչեւ վերջին դրամը չվերահսկի։
Լավ, հիմա փորձենք հասկանալ, թե ո՞րն է կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու շուրջ ընթացող բանակցությունների բուն ինտրիգը։ Երիտհանրապետականներն օրը մի քանի անգամ հայտարարում են, թե խոսքը ՀՀԿ ծրագրերի իրականացման եւ նախագահական ընտրություններում ՍԵրժ Սարգսյանին սատարելու մասին է։ Ծրագրերը միանգամից մի կողմ թողնենք. ՀՀԿ-ն նման բան չունի։ Ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ընդամենը մի շատից-քչից հոդաբաշխ միտք է հայտնել` որ հաջորդ խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն, այն էլ` տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ այդ «ծրագրային դրույթը»։ Իսկ «հավատանք, որ փոխենք»-ը ծրագիր չէ. նույն հաջողությամբ կարելի էր ասել «փռշտանք, որ մրսենք», «գռմռանք, որ հաչենք» եւ այլն։ Այնպես որ` իրականում խոսքը միայն նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին է։ Ընդ որում, եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, միանգամից հասկանալի է դառնում, որ սա մեկ-երկու պորտֆել ավել-պակասի «կռիվ» չէ, սա շատ ավելի լուրջ հարց է։
Պարզ ասած` խնդիրը հետեւյալն է. կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը միայն ՀՀԿ-ի ռեսուրսներով, առանց ԲՀԿ-ի 2013-ին դառնալ նախագահ, թե՞ չի կարող։ Դատելով նրա այսօրվա խուճապից` չի կարող։ Այդ դեպքում ստացվում է, որ խաղասեղանին ոչ թե մի քանի նախարարական պորտֆելներ են, այլ Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագիրը։ Եվ այդ ճակատագիրը փաստորեն ԲՀԿ-ի ձեռքում է։ Իսկ եթե հարցն այսպես է դրված, այլեւս «իշխող ուժ» եւ «կոալիցիոն կրտսեր գործընկերներ» ձեւակերպումները տեղին չեն. կարելի է խոսել միայն երկրի համատեղ կառավարման մասին` հավասար «չափաբաժիններով»։ Սերժ Սարգսյանն, իհարկե, մինչեւ վերջ կդիմադրի, նույնիսկ կփորձի «բլեֆ» անել` ձեւացնելով, թե միայնակ էլ կարող է նախագահ վերընտրվել, բայց բլեֆը, որպես կանոն, արդյունք է տալիս միայն թղթախաղում` երբ խաղաթղթերդ գաղտնի են։ Իսկ մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները գաղտնիք չեն ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի համար։ Երկուսն էլ լավ գիտեն Սերժ Սարգսյանի իրական վարկանիշը։ Ու հենց սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվում «չորով» խոսել ԲՀԿ-ի հետ ու ասել «սրանք են իմ պայմանները, համաձայնվում եք` համաձայնվեք, չէ` միայնակ կառավարություն կկազմեմ»։ Կառավարություն գուցեեւ կազմի, բայց վերընտրվելը հաստատ դժվար կլինի։ Դրա համար էլ ընտրություններում «հաղթած» ՀՀԿ-ն բանակցություններում իրեն պահում է «կրտսեր գործընկերոջ» պես։ Ինչպիսին եւ կա իրականում։