16.05.2017 05:07 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Վթարային Week End

Վթարային Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամենաքիչը 3 խաղաղ բնակիչ է զոհվել։ Տվյալների համաձայն, ավտոմեքենաներից մեկին ամրացված է եղել «կպչուն ռումբ». զոհվել են 2 պետաշխատակցուհի եւ մեկ նորածին։ Մեքենայի վարորդը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Լաղման շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետեւանքով ամենաքիչը 5 երեխա է զոհվել։ Հայտնվում է նաեւ 2 վիրավորների մասին, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Քանդաղար շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարքից պայթեցվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման տրանսպորտային միջոցը, որի հետեւանքով 10 տեռորիստ ոչնչացվել է, 7-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ թալիբները հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքեր կիրառում ընդդեմ կառավարության աշխատակիցների կամ անվտանգության ծառայությունների։

ՊԱԿԻՍՏԱՆ։ Բելուջիստան շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ անհայտ տղամարդկանց կողմից բանվորների ուղղությամբ արձակած կրակահերթերից ամենաքիչը 10 բանվոր է զոհվել։ Հայտնվում է, որ հարձակվողները շինհրապարակ են ներխուժել մոտոցիկլետներով։

ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Էլ-Կաթիֆ քաղաքում անհայտ զինված անձանց խմբի կողմից արձակած կրակահերթերից 2 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ Ըստ հաղորդվող տեղեկատվության, հանցագործները անկարգ ինտենսիվ կրակ են բացել անցորդների եւ անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Մահացածների թվում կա մեկ երեխա։

ՔԵՆԻԱ։ Գիլգիլ քաղաքի շրջակայքում 2 բեռնատարի եւ ավտոբուսի բախմամբ վթարի հետեւանքով 19 մարդ է զոհվել։ Ըստ տվյալների, ավտոբուսը փորձել է շրջանցել բեռնատարներին, ինչի հետեւանքով բախվել է նրանց։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Քաշմիրի հսկողության գծում հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ամենաքիչը 2 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել։  Ավանդաբար, երկու կողմերը միջադեպի առումով իրար են մեղադրում՝ հրադադարի ռեժիմը խախտելով։ Պակիստանի զորքի մամլո ծառայությունը հայտարարել է, որ «հնդիկ զինվորականները հսկիչ գծում խախտել են հրադադարը, իսկ պակիստանցի զինվորները նրանց պատասխան են տվել»։

ԹՈՒՐՔԻԱ։ Մարմարիս շրջանի Մուղլա-Անթալիա մայրուղում զբոսաշրջիկներով  ավտոբուսի շրջվելու հետեւանքով 20 մարդ է զոհվել։ Ըստ Մուղլայի նահանգապետ Ամիր Չիչեկի, եւս 11 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը կարող էր լինել վարորդի անզգուշությունը կամ անիվի պայթյունը։

ԼԱՏՎԻԱ։ Ռիգայի կենտրոնում հրազենային մի քանի վնասվածքներով երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել։ Ըստ հետախուզության, 1981 թվականին ծնված կնոջ հնարավոր սպանողը 1982 թվականին ծնված նրա բարեկամուհին է։ Կասկածյալը ձերբակալվել է, նրա մոտից առգրավվել է իր անունով հաշվառված, առանց կրելու թույլտվության, հրազենը։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Սունգոչժուան բնակավայրի մոտակայքում գտնվող Lixing քիմիական գործարանում քլորի արտահոսքի հետեւանքով 25 մարդ է տուժել։ Նշվում է, որ արտահոսքն արգելափակվել է. քլորը գործարանում օգտագործվում էր ռետինի արտադրության համար։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

ԻՐԱՔ։ Եկրի ՕՈւ-ի միացյալ օպերացիաների հրամանատարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զորայինները իրաքյան ՕՈւ-ին պատկանող ուղղաթիռ են ոչնչացրել։ Իրաքի ՕՈւ-ի միացյալ հրամանատարության գեներալ-մայոր Ահյա Ռասուլը հայտնել է, որ ուղղաթիռը տեռորիստների հսկողության տակ գտնվող գյուղերի ազատագրման գծով շիիթական աշխարհազորայիններին աջակցություն էր ցուցաբերում։ Ուղղաթիռի օդաչուն ողջ է մնացել։

Մոսուլում ոչնչացվել է Սադամ Հուսեյնի ժամանակաշրջանում իրաքյան ուժային կառույցների նախկին սպա, «Իսլամական պետության» առաջնորդի օգնականը, ում անունը չի հայտնվում։ Հայտնի է, որ տեռորիստը եղել է Մոսուլի արեւմտյան մասում ալ-Բաղդադիի ամենակարեւոր օգնականներից մեկը, ԻՊ-ի պաշտպանության գծերի ուղեղ-պլանավորողը։

ԵՄԵՆ։ Երկրում խոլերայի զոհերի թիվը հասել է 115-ի։ Իշխանությունները վարակի 8,500 դեպք են գրանցել, որոնց հետեւանքով զոհերի թիվը եռապատկվել է։ Եմենի հիվանդանոցները մարդաշատ են եւ ծանրաբեռնված։

ՈՒԿՐԱԻՆԱ։ Կիեւում կայացել է «Եվրատեսիլ» ամենամյա միջազգային երգի մրույթը, որի եզրափակչում 26 երկրների մասնակիցները պայքարել են մրցույթի գլխավոր ու միակ մրցանակի համար։ Այս տարվա մրցույթի հաղթող է ճանաչվել Պորտուգալիայի 27-ամյա ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը, ով կատարել է իր Amar Pelos Dois («Սեր երկուսի համար») հեղինակային երգը՝ ժյուրիի (376 ձայն) եւ հանդիսատեսի (382 ձայն) քվեարկությամբ ամենաբարձր՝ 758 ընդհանուր միավոր հավաքելով։ Եռյակում են հայտնվել Բուլղարիայի 17-ամյա ներկայացուցիչ Քրիստիան Կոստովը (615 ընդհանուր միավոր) եւ Մոլդովայի ներկայացուցիչ SunStroke Project խումբը (374 ընդհանուր միավոր)։ Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանը, Fly With Me («Թռչիր ինձ հետ») երգով, զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 79 ընդհանուր միավոր հավաքելով։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի ուղիղ եթերում, մրցույթի նախորդ տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ, հանրահայտ լրագրող-փրանքեր Վիտալի Սեդյուկը ավստրալական դրոշով բեմ է բարձրացել եւ իջեցրել իր տաբատը։ Ոստիկանությունը ձերբակալել է Սեդյուկին, ով նախկինում նման կերպ համբուրել է Քիմ Քարդաշյանի ոտքերը, կինոդերասան Ուիլ Սմիթի շուրթերը, բռնել է Բրեդլի Կուպերի, Բրեդ Փիթի եւ Լեոնարդո Դի Կապրիոյի ոտքերը, մատներով «պոզեր» է դրել ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինթուրի գլխին, երգչուհի Մադոննային նվիրել է նրա ամենաչսիրած հորտենզիա ծաղիկը, Grammy մրցանակաբաշխությանը փորձել է վերցնել երգչուհի Ադելի մրցանակը, հայտնվել է Ամերիկա Ֆերերայի երկար կիսաշրջազգեստի տակ, Prabal Gurung-ի ցուցադրության ժամանակ ամբողջովին մերկ քայլել է պոդիումով, Valentino-ի կոկտեյլի ժամանակ փաթաթվել է երգչուհի Սիարային, Louis Vuitton-ի շոուի ժամանակ համբուրել է Միրանդա Կեռին եւ փորձել է ամուր գրկել մոդել Ջիջի Հադիդին։ Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի, նրան տուգանք կամ մինչեւ 5 տարի ազատազրկում է սպառնում։ Սեդյուկը ձերբակալվել է «խուլիգանություն» հոդվածով, նրա ճակատագիրը մոտ օրերին կորոշի դատարանը։

ՍԻՐԻԱ։ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ՕՈւ-երի կողմից հասցված ավիահարվածների ընթացքում 5 խաղաղ բնակիչ է զոհվել։ Հայտնի է, որ կոալիցիայի զորքերը գնդակոծել են Էլ-Կուրիյա բնակավայրը, որում կարող էին գտնվել «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության զորայինները։

ԻՐԱՆ։ Թուրքմենստանի հետ սահմանին, Բոջնուրդ քաղաքից 42 կմ հեռավորության վրա, 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 12,4 կմ խորության տակ։ Հայտնվում է 3 զոհերի եւ 225 վիրավորների մասին։

ՖՐԱՆՍԻԱ։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթող ճանաչված թեկնածու Էմանուել Մակրոնը պաշտոնապես անցել է իր նախագահական պարտականություններին։ Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդից Մակրոնին իշխանության հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Նոր նախագահն իր ելույթում նշել է, որ «հետ չի կանգնի ֆրանսիացիների առջեւ վերցրած բոլոր պարտականություններից»։

ՀԱՅԱՍՏԱՆ։ «Կաշառված լրբեր կամ ՀՀԿ-ական կեղծ Հայաստանը» հերթական թատերականացված ընտրություններ-տրագիկոմեդիան։

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30