16.03.2018 06:53 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բիզնես պլան

Ժողովրդին պարտության տանելու մեթոդները

Եվ այսպես, մինչ «Ելք» դաշինքում հանրահավաքային պայքարի մասին խոսում-խոսում ու այդպես էլ համաձայնության չեն գալիս, «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է, որ ապրիլի 3-ին հանրահավաք ու երթ է կազմակերպելու։ Ավելի ճիշտ՝ իրազեկումը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրն» է ներկայացրել, այլ այդ կուսակցության երկու անդամներ, բայց դրանից ըստ էության ոչինչ չի փոխվում։

Մարտավարական առումով սա, իհարկե, անվրեպ քայլ է, եւ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» շահած է դուրս գալու։ Հիմա թող «Ելք» դաշինքի մյուս ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», իրենք որոշեն՝ մասնակցելո՞ւ են ապրիլի 3-ի հանրահավաքին, թե ոչ։ Եթե մասնակցեն՝ կստացվի, որ ստիպված են եղել ընդունել Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը», այսինքն՝ ընդունում են նրա բացարձակ լիդերությունը «Ելք» դաշինքում, իսկ եթե չմասնակցեն՝ անմիջապես կորակվեն որպես իշխանամետ ուժեր, եւ հասարակական գիտակցության մեջ կարմատավորվի այն տեսակետը, որ «միակ իսկական ընդդիմությունը» «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Այսինքն՝ երկու դեպքում էլ ՔՊ-ն շահած է դուրս գալիս։ Նույնն էլ արտախորհրդարանական ուժերի պարագայում է։ Եթե մասնակցեն՝ կստացվի, որ միանում են Նիկոլ Փաշինյանին, եթե չմասնակցեն՝ կստացվի, որ Սերժ Սարգսյանի դեմ միակ պայքարողը Նիկոլ Փաշինյանն է։ Այնպես որ՝ հաշվարկն իսկապես անվրեպ է։

Հիմա՝ հանրահավաքի հաջողության (մարդաշատության) կամ անհաջողության մասին։ Այս հարցում նույնպես «Քաղաքացիական պայմանագիրը» մտահոգվելու բան չունի, որովհետեւ երկու դեպքում էլ շահած է դուրս գալու։ Եթե հզոր հանրահավաք եղավ՝ քաղաքական այդ ուժի վարկանիշը կտրուկ կբարձրանա, իսկ եթե ընդամենը մի քանի հարյուր (կամ թեկուզ մի քանի հազար) մարդ հավաքվեց՝ արդարացումը միշտ կա ու կա. «մեզանից ինչ հասնում էր՝ մենք արեցինք, մենք ի՞նչ մեղավոր ենք, որ ժողովուրդը չի ցանկանում պայքարել, փաստորեն մարդիկ լավ էլ համաձայն են, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ» (ի դեպ՝ ՀՀԿ-ի առաջ քաշած այս «թեզն» անուղղակիորեն ապացուցելու համար հնարավոր են նաեւ «բոնուսներ»)։ Մի խոսքով՝ ՔՊ-ն կամ մյուս ուժերի հետ համատեղ շարժում է սկսում եւ դառնում ընդդիմադիր դաշտի անվիճելի լիդեր, կամ «պայքարում է» միայնակ եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները բոլորի «երեսով տալիս» դա՝ որպես միակ «արմատական ընդդիմություն» ապահովելով իր տեղը նաեւ հաջորդ խորհրդարանում։

«Քաղաքացիական պայմանագիրը»՝ հասկացանք, ցանկացած պարագայում շահում է, բայց հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է շահում հասարակությունը։ Բացարձակապես ոչինչ, որովհետեւ այդ ուժի «պայքարը» որեւէ ազդեցություն չի ունենալու իշխանական համակարգի ձեւավորման վրա. եթե Սերժ Սարգսյանը ցանկացավ՝ դառնալու է վարչապետ, եթե չցանկացավ՝ չի դառնալու։ Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանության երկարաձգման դեմ պետք էր պայքարել սահմանադրական հանրաքվեից առաջ, բայց Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ավելի կարեւոր գործով էր զբաղված՝ պայքարում էր ընդդիմադիր դաշտում լիդերության համար։ Այսինքն՝ զբաղված էր այն նույն գործով, որով հիմա է զբաղվում։ Այլ կերպ ասած՝ գործ ունենք քաղաքական ուժի հետ, որն իր ձեւավորման առաջին իսկ օրվանից իրականացրել է այնպիսի գործունեություն, որի արդյունքում հասարակությունը ոչինչ չի շահել, միակ շահողը եղել է ինքը։

Իսկ հասարակությունն այդ ընթացքում միայն կորցնում է ու շարունակելու է կորցնել, որովհետեւ երկրի միանձնյա ղեկավարը շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանը՝ «կեղծ օրակարգ» հռչակված աճպարարության արդյունքում։ Այո, հասարակությունն այս փուլում պարտվել է։ Իսկ հասարակությանը պարտության տանելն, ի դեպ, միայն այն չէ, որ մարդկանց կանչես հանրահավաքի ու հետո տուն ուղարկես, պարտության տանելու ձեւերից մեկն էլ այն է, որ ստեղծես մի վիճակ, երբ ինչքան էլ կանչես՝ հանրահավաքի եկող չլինի։ Սա ժողովրդին պարտության տանելու շատ ավելի «կրեատիվ» մեթոդ է, ու Հայաստանում հենց դա էլ կիրառվում է։ Միտումնավոր թե չգիտակցված՝ այնքան էլ էական չէ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30