02.02.2018 06:09 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ազգային մոյկա

Ավտոլվացման կետը կառուցել են` խախտելով անվտանգության կանոնները եւ խաթարելով բնակիչների հանգիստը

Ավտոլվացման կետը կառուցել են`  խախտելով անվտանգության կանոնները եւ խաթարելով բնակիչների հանգիստը

«ՉԻ» խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում մայրաքաղաքում սնկի նման աճող ավտոլվացակայանների մասին։ Այս անգամ ահազանգողը Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 53 շենքի 5-րդ բնակարանի բնակչուհի Աննա Արաբյանն էր։ Խմբագրությանն ուղղված` «Ինչպես մեր կյանքը մեկ օրում վերածվեց դժոխքի» վերնագրով նամակում ի մասնավորի ասված էր.

«Մի գեղեցիկ օր Մանթաշյան 53 շենքի հնաբնակներից մեկը որոշեց իր հարեւանների լուսամուտի տակ կառուցել ավտոտնակ, որը շուտով դարձավ ավտոլվացման կետ. «կարչերի» դղրդոցը, իրենց հերթին սպասող մեքենաների անվերջ ձայնային ազդանշանները, տաքսիների ռացիաները, ջրի խշշոցի տակ իրար հետ բարձր խոսող մարդիկ, եւ մենք հայտնվեցինք մի «կատարյալ» դժոխքում։ Մենք մեր տներում զրկվեցինք հանգստից ու անդորրից, իրար հետ շփվելու-զրուցելու հնարավորությունից, հեռուստացույց դիտելուց, երեխաները՝ դաս սովորելուց։

Եվ ամենակարեւորն ու ամենավտանգավորը. բազմիցս բնակիչների կանչով եկած շտապօգնության մեքենան չէր կարողանում մտնել բակ եւ ժամանակին ցույց տալ բուժօգնություն։

Ուշ երեկո էր։ Ամուսինս իրեն վատ զգաց։ Գետնի վրա, գրեթե անգիտակից վիճակում թողնելով ամուսնուս իջա բակ դիմավորելու շտապօգնության մեքենան։ Ազդանշանները միացրած շատ արագ մոտեցավ շենքին ու կտրուկ արգելակեց. բակի սպասարկման ու անվտանգության գոտին, որը բնակիչների, շտապօգնության, հրշեջ մեքենայի համար է, լցված էր «մոյկի» մեքենաներով։

Նշեմ, որ դիմել ենք բազմաթիվ օղակների, ստացել ենք առողջապահական տեսչության փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն ավտոլվացման կետի աղմուկը գերազանցում է նորմայից։

Դիմել ենք  «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը` նշելով, որ Արամ Գեւորգյանը էլեկտրական ենթակայանի հետնապատին կից կառուցել է ավտոտնակ, որն այժմ գործում է որպես ավտոլվացման կետ։

Մեզ հայտնի է, որ բարձր լարման այդ ենթակայանն ունի անվտանգության գոտի, որը նրա շրջակա տարածքն է, որն ապահովում է այդ օբյեկտի բնականոն գործունեությունը, քաղաքացիների եւ շահագործող անձանց անվտանգությունն ու գույքի պաշտպանությունը։ Մեզ հայտնի է նաեւ, որ էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում առանց այն տնօրինող ձեռնարկության թույլտվության արգելվում է իրականացնել ցանկացած շենքի եւ կառույցի շինարարություն։

«ՀԷՑ» ՓԲ ընկերությանը խնդրեցինք հայտնել, թե ումից է սեփականատեր Արամ Գեւորգյանը համաձայնություն ու թույլտվություն ստացել էլեկտրական ենթակայանի անվտանգության գոտում իրականացնելու ավտոլվացում։

«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը գրավոր դիմեց «մոյկի» սեփականատեր Արամ Գեւորգյանին պահանջելով դադարեցնել այդ հանցավոր գործունեությունը։

Դիմեցինք թաղապետարան, քաղաքապետարան` «քաղաքաշինության, ճարտարապետության բաժինները» եւ խնդրեցինք պարզաբանել.

1. Ով է տրամադրել Ա.Գեւորգյանին` նրա շինության թույլտվությունը եւ ինչ նորմերի համաձայն, առանց հաշվի առնելու տարածքային առանձնահատկությունները եւ այլ անձանց իրավունքների խախտումները։

2. Ով է թույլատրել Ա.Գեւորգյանին վարձակալել հողը հատկապես այդ հատվածում (ենթակայանի անվտանգության գոտում, բնակելի շենքի սպասարկման գոտում), նաեւ թույլտվության հիմքերը։

3. Ով է թույլատրել Ա.Գեւորգյանին այդ շինության կառուցապատումը հատկապես այդ հատվածում (ենթակայանի անվտանգության գոտում, ենթակայանի պատին կպած, բնակելի շենքի սպասարկման եւ անվտանգության գոտում), նաեւ թույլտվության հիմքերը։

Առայժմ «ձեռնարկատեր» ու սեփականատեր Արամ Գեւորգյանի «մոյկեն» աշխատում է։

Իսկ մինչ այդ շենքի բնակիչներս՝ երեխաներ, վատառողջ մարդիկ, աշխատողներ, թոշակառու մայրս՝ 50 տարի դպրոցում աշխատած կինը, մեր տներում նստած լսում ենք Արամ Գեւորգյանի այլանդակ «մոյկի» այլանդակ ձայները»։

 Հ.Գ. Նշենք, որ «ՉԻ» խմբագրությունը եւս փորձեց կապ հաստատել  պատկան մարմինների հետ եւ առաջիկայում ակնկալում ենք նրանց պարզաբանումները։ Իսկ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Մարտին Սարգսյանի հեռախոսին ուղղված մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Հ.Գ1. Երբ հրապարակումը պատրաստ էր տպագրության, խմբագրություն զանգահարեցին Մանթաշյան 53-ի բնակիչները եւ ասացին. «Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մոտ ընդունելության օր էր։ Գնացինք։ Խնդիրը քննարկելիս մթնոլորտը լարվեց։ Փորձեցինք կատակել.

- Պարոն Սարգսյան, Դուք ունեք իրավասություն ու լծակներ, Դուք էլ էս շրջանի վարչապետն եք, լուծեք խնդիրը։

- Ես այս շրջանի վարչապետը չեմ, ես ձեր ծառան եմ,- հայտարարեց նա»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30