23.02.2018 07:27 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բանակ էլ կգնաս

Սագա

Սագա

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը։ Ստեփանը երկկողմանի ծնողազուրկ էր, նրան մեծացրել էին տատն ու պապը։ Ապրում էր Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Մի քանի տարի առաջ կորցրել էր նաեւ պապին։ Տատն ու անչափահաս քույրը Ստեփանի հոգածության տակ էին։

Գյուղապետն ասում է, որ Ստեփանը տան կարիքները հոգում էր մեղվաբուծությամբ։ Քանի որ տղան ծնողազուրկ էր, կարող էր 6 ամիս ուշ գնալ բանակ։ Բայց Ստեփանը դիմում է գրել եւ կամավոր գնացել բանակ։ Բանակային արձակուրդից հետո վերադարձել է զորամաս, որտեղ էլ վիճակը վատացել է։ Մահն արձանագրվել է հոսպիտալում։ Գյուղապետն ասում է, որ տղան առողջական խնդիրներ չի ունեցել։

Դատաբժշկական փորձաքննությունը դեռ ոչինչ չի ասում։ Մի բան կասի, անշուշտ։ Բայց ով է սպասում կամ հավատում, թե ինչ եզրակացություն կանի դատաբժշկական փորձաքննությունը։ Քանի-քանի զինվորներ են խաղաղ պայմաններում սպանվել, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` մահացել առողջական այս կամ այն խնդիրների պատճառով։

Մենք ոչինչ չգիտենք Ստեփանի մահվան հանգամանքների մասին։ Եվ հույս էլ չկա, թե կիմանանք եղելությունը։ Սա է հարցը։ Ինչպես նաեւ չենք կարող իմանալ, թե ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է երկկողմանի ծնողազուրկ տղան որոշել թողնել ծեր տատին եւ անչափահաս քրոջն ու կամավոր մեկնել բանակ։

Համաձայնեք, իսկական գրական թեմա է։ Այն, ինչ ուզում է կարդալ Սերժ Սարգսյանը։ Հիշում եք, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մի քանի տարի է` արդեն նաեւ գիրք նվիրելու օրը Սերժ Սարգսյանն այցելել է գրախանութ, այնտեղ հանդիպել հրատարակիչների հետ եւ խոսել գիր- գրականությունից։ Պարզվել է, որ Սերժ Սարգսյանի սիրտը պետականամետ, պետության եւ քաղաքացու, բանակի եւ քաղաքացու հարաբերությունների մասին վեպ է ուզում, բայց չի գտնում։ Նա քրքրել է ժամանակակից գրականությունը, կարդացել է Լեւոն Խեչոյանին, Արփի Ոսկանյանին, Համբարձում Համբարձումյանին, Արամ Պաչյանին, Սարգիս Հովսեփյանին... Էլ չթվեմ։ Հավանաբար շատ բան է կարդացել, բայց իր սրտի ուզած վեպը չի գտել։ Նա, հասկանում եք, փոքր գործերի սիրահար չէ։ Նրա սիրտը վեպ է ուզում։ Թեպետ այստեղ խոսքը Սերժ Սարգսյանի սրտի մասին չէ։ Ավելի խոր ու համապարփակ պետք է նայել հարցին. Սերժ Սարգսյանը պետության մասին է մտածում։ Նա ուզում է, որ մենք, ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետությունն ունենա իր սագան։

Եվ ահա, Ստեփան Ստեփանյանի դեպքը կարող է դառնալ այդ սագայի թեման։ Բոլորովին վատ չէր լինի։   

Հայրենասեր տղան որոշել է ամեն գնով մեկնել բանակ, իսկ պետությունը մի բերան չի ասել` «Տղա ջան, ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես գնում, քեզ օրենքով հասնում է չգնալ բանակ։ Բա տատիդ, քրոջդ ո՞վ պիտի պահի»։ Չէ, չեղավ։ Եթե պետությունն այսպես ասեր, արդեն պետականամետ վեպ չէր լինի։ Այս մասը ջնջում ենք, սկսում ենք նորից։

Նախ իսկական պետականամետ վեպն այն կլինի, երբ մեկնողը նախեւառաջ լինի սոցիալապես անապահով ընտանիքից։ Սյուժեն ավելի հուզիչ ու լարված գիծ կստանա, եթե աղքատ ընտանիքից մեկնողը նաեւ որբ լինի եւ պարզվի, որ ծնողները նույնպես զոհվել էին պատերազմի ժամանակ։ Որբը պետք է բանակ մեկնի կամավոր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի բանակ կամավոր մեկնած որբը չմեռներ։ Բայց ոչինչ։ Վեպում կարելի է ապահովել նրա հաղթական վերադարձը։ Կամ, ինչո՞ւ ոչ, թող մահացած որբի պետականաշեն գործունեության շարունակողը դառնա նրա կրտսեր քույրը։ Իսկ մինչ փոքրիկ որբ աղջիկը կմեծանա, զոհված թոռան գործը կշարունակի ծեր տատը։ Հետո աղջիկը անտառի մոռ ու մոշ ուտելով ոտքի կկանգնի, կօգտվի Վիգեն Սարգսյանի մոգոնած «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» ծրագրերից եւ կդառնա իսկական հերոսուհի։ Իսկ մենք` ՀՀ քաղաքացիներս, կօժանդակենք հերոսուհուն 1000-ական դրամ տալով մեր աշխատավարձերից եւ եթե պետք լինի` էլի փող, շատ փող։ Սագան կարծես արդեն ուրվագծվում է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30