19.05.2017 08:24 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Պահանջվում է ներքին թշնամի

Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ նոր ձեւավորված խորհրդարանում։ Լիքը լավ բան ասաց. 4 մլն քաղաքացի կունենանք մինչեւ 2040 թվականը, յոթնամյակը՝ 5 տարում, հարուստ եւ բարեկեցիկ կյանք։ Մի խոսքով, բարի նպատակների շարադրում էր։

Բայց նրա արտահայտություններից մեկին չենք կարող չանդրադառնալ։ Երբ խոսեց ներքին թշնամու մասին. «Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին։ Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին։ Ներքին թշնամին որոշակի մտածողությունն ու որոշակի երեւույթներ են։ Այդ երեւույթներից ամենավտանգավորը, թերեւս, անարդարությունն է։

Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին։ Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է։ Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»։

Իհարկե, Սերժ Սարգսյանն այստեղ նշել է, որ ներքին թշնամի ասելով՝ նկատի ունի անարդարությունը։ Բայց, համաշխարհային պատմության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ «ներքին թշնամու» դեմ պայքարը՝ դա ընդամենը սեփական իշխանությունը ամրապնդելու, ընդդիմությունը ջախջախելու, այլակարծությունը ճզմելու, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու կարգախոսն է։

Մենք հատուկ նայեցինք, թե հատկապես 20-րդ դարում ովքեր են խոսել ներքին թշնամու մասին։ Խոսել են առավել օդիոզ դեմքերը, բռնապետները, իշխանության համար պայքարում հաղթած դուրս եկածները։  Խորհրդային Միության ցանկացած ղեկավար իր պարտքն է համարել ելույթներում նշել «ներքին թշնամու» դեմ պայքարի մասին։ Ու պարտադիր չէր, որ այդ ներքին թշնամին, օրինակ՝ Անդրեյ Սախարովը լիներ։ Դա կարող էր համարվել ձրիակերությունը, կաշառակերությունը, հարբեցողությունը։ Բայց մեկ է՝ այդ կարգախոսի ներքո հալածում էին այլախոհությանը։

ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ամենավառ օրինակը Ստալինն է։ Վերջինս, իհարկե, «սպեց» էր ներքին թշնամու հարցում։ 1928 թվականին՝ իր ելույթներից մեկում նա հայտարարեց. «Բացի արտաքին թշնամուց, մենք նաեւ ներքին թշնամիներ ունենք, եւ այդ մասին ոչ մի րոպե չպետք է մոռանանք»։ Իսկ ինչո՞վ էր 1928 թվականը հատկանշական։ Ստալինը մի քանի տարվա անհաշտ ներիշխանական պայքարից հետո վերջնականապես դուրս մղեց իշխանությունից իր գլխավոր հակառակորդի՝ Տրոցկու թեւին։

Սկսվեց նոր դարաշրջան՝ ներքին թշնամիներին ջախջախելու դարաշրջանը։ Հենց 1928 թվականին էլ սկսվեց կոլեկտիվիզացման գործընթացը եւ ներքին թշնամի հայտարարվեց կուլակը, կամ այլ խոսքերով ասած՝ աշխատող ու ունեւոր գյուղացին։ Այս ներքին թշնամու դեմ պայքարը աղետալի հետեւանքներ ունեցավ. տասնյակ միլիոնավոր գյուղացիներ զրկվեցին ապրուստի միջոցներին, միլիոնավոր մարդիկ սովամահ եղան։ Ուկրաինայում ընդհանրապես այդ ամենը ցեղասպանություն որակեցին իրենց հանդեպ։

Կոլեկտիվիզացման գործընթացը «հորով-մորով» անելուց հետո՝ արդեն 1935-36 թվականներին, հայտարարվեց ներքին նոր թշնամու պայքարի մասին։ Այս անգամ ներքին թշնամին հին բոլշեւիկյան գվարդիան էր, որը 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության գլխավոր իրականացնողն էր եւ դրանից հետո իշխանության բոլոր մարմիններն իր ձեռքում կենտրոնացրած ուժը։ Այս պայքարը սկսվեց Զինովեւ-Բուխարին-Կամենեւ թեւի ջախջախումով, իսկ ավարտվեց այնպես, որ մինչեւ հիմա մարդկանց մեջ սարսափ է առաջացնում։ Ոչ միայն բոլշեւիկյան ամբողջ գվարդիան, այլ նաեւ՝ առաջադեմ մտավորականությունը, գիտական, մշակութային աշխարհի, զինվորական վերնախավի ամենավառ ներկայացուցիչները, գրեթե մինչեւ վերջին մարդը ոչնչացվեցին։ Ու երբ սկսվեց 1941 թվականի պատերազմը, ներքին թշնամի այլեւս չէր մնացել ԽՍՀՄ-ում։ Դրա համար էլ գերմանացիները մի քանի ամսում հասան Մոսկվա, քանի որ նորմալ, փորձառու գեներալներ ու զինվորականներ չկային՝ բանակը կառավարելու համար։ Չափազանց ծանր գին վճարեց խորհրդային ժողովուրդը՝ ներքին թշնամու դեմ պայքարի պատճառով։

Այնպես որ, այդ արտահայտությունը շատ վտանգավոր ու մտահոգիչ է։ Չգիտենք, ներքին թշնամու դեմ պայքարը ուր կհասնի, ուղղակի չմոռանանք, որ մենք էլ ենք պատերազմական իրավիճակում գտնվում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30