20.07.2012 00:00 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Հին ընկերները

Ռուսաստանի շիամետ քաղաքականությունը

Սիրիական հակամարտության հենց սկզբից Ռուսաստանի դիրքորոշումը դիտարկվում էր իբրեւ «գաղտնի գործարք» Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս սերտ կապերը նաեւ Իրանի հետ Ռուսաստանի դաշնակցային կապերի մասին են հիշեցնում։ Եվ չնայած Ռուսաստանն իսլամի թշնամի չի համարվում, նրա շիամետ քաղաքականությունը կարող է հետագայում հարվածի տակ դնել սունիական պետությունների հետ հարաբերությունները։

Հնարավո՞ր է արդյոք, որ Իրանին ու սիրիական ռեժիմին ցուցաբերած աջակցության արդյունքում արաբական աշխարհի, եւ ընդհանրապես` սունի ղեկավարություն ունեցող մուսուլմանական երկրների եւ ՌԴ-ի հարաբերությունները, ի վերջո, վատթարանան։ Ահա այսպիսի ազդակ է Ռուսաստանը մեկ տարի շարունակ ստանում Պարսից ծոցի թագավորությունների եւ արեւմտյան երկրների կողմից. առաջինները կրոնական շարժառիթներ են փնտրում եւ մեղադրում Ռուսաստանին` պատմության ընթացքը խոչընդոտելու համար, գրում է ֆրանսիական Atlantico-ն։

Սակայն Ռուսաստանին ուղղված այս քննադատությունն ի վիճակի չէ խարխլել նրա` իրանամետ ռեժիմներին (Լիբանան-Սիրիա-Իրաք-Իրան) աջակցելու վճռականությունը` ի հակակշիռ Սաուդյան Արաբիա-Կատար-Թուրքիա միությանը։ Թերթը նկատում է, որ ըստ պետությունների դասակարգումն ավելի ճիշտ է, քան «շիական եւ սունիական հակամարտություն» ձեւակերպումը։ Բնականաբար, երկու միություններում էլ կրոնական տարրեր առկա են, սակայն չափազանցություն կլիներ կարծել, որ շիաներն անպայման իրանամետ են, այն դեպքում, երբ սունիները Սաուդյան Արաբիայի կամ Թուրքիայի կողմն են ձգվում։ Դասակարգային հակամարտությունը, ազգայնականությունը, գաղափարական ու ռազմավարական մոտեցումների տարբերությունները գումարվում են այդ հիմնաքարային հակասությանը, որը, այնուամենայնիվ, չի կարելի հաշվի չառնել։

Սիրիայում ծավալվող ներքին հակամարտությունը երկրի տարբեր համայնքների միջեւ քաղաքացիական պատերազմի է վերածվում` սունիական գերտերությունների աջակցության ներքո, որոնք փորձում են սիրիացիներին մոբիլիզացնել սունիական իսլամի դրոշի ներքո։ Եվ այս ամենի ֆոնին Ռուսաստանը, աջակցելով շիա նախագահին (ալավիները շիիզմի ուղղություններից մեկին են պատկանում), սունի մուսուլմաններին ոչնչացնող ռեժիմի հանցակիցն է դառնում։ Իրականում, ջիհադի կոչերն ավելի լավ են մոբիլիզացնում մարդկանց, քան ժողովրդավարական սկզբունքները, որոնց իմաստը հասու չէ Սիրիայի ազատ բանակի մարտիկների մեծ մասին. այդ սկզբունքներից նույնքան հեռու են թե՛ Պարսից ծոցի թագավորությունները եւ թե՛ սիրիական ու իրանական ռեժիմները։

Ժամանակին ԽՍՀՄ-ը Աֆղանստանում իր վրա զգացել էր կրոնի մոբիլիզացնող ուժը։ Այնտեղ մոջահիդները, արեւմտյան երկրների ռազմա-տեխնիկական, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների ֆինանսական աջակցությամբ, պարտության մատնեցին Խորհրդային բանակին։ Այդ ժամանակ տեղ գտած դեպքերի սցենարը նման է այսօր Սիրիայում ծավալվող իրադարձություններին` բացառությամբ այն բանի, որ Ռուսաստանը զորք չի ուղարկի Բաշար Ասադի ռեժիմին պաշտպանելու համար. Ռուսաստանը, ինչպես եւ Արեւմուտքը, նախընտրում են «մինչեւ վերջին սիրիացին» պայքարել։

Այդ պատճառով սունիական զանգվածներին Ռուսաստանի դեմ մոբիլիզացնելն այդքան էլ հեշտ գործ չէ. չէ՞ որ Մոսկվան ուղիղ չի միջամտում իրադարձություններին։ Ռուսաստանն ակնհայտորեն դաս է քաղել աֆղանական փորձից, ինչպես նաեւ ի գիտություն է ընդունել Իրաքում եւ Աֆղանստանում արեւմտյան կոալիցիոն զորքերի անհաջողությունները։ Եվ որքան էլ պարադոքսալ թվա, սիրիական հարցում որպես ագրեսոր ավելի շուտ Արեւմուտքն է ընկալվում, քան Ռուսաստանը, որտեղ բնակչության 20 տոկոսը մուսուլմաններ են, որոնց մեծ մասն էլ` սունի։ Ռուսաստանն իր ուղղափառ լինելն օգտագործում է իբրեւ լծակ` որոշակի խմբերին մոբիլիզացնելու համար, մասնավորապես` Սիրիայում եւ Լիբանանում, բայց միեւնույն ժամանակ ուղղափառությունը չի դարձնում իր քաղաքականության հիմնական մեխանիզմը` շեշտը դնելով ռեալիզմի վրա` ինչպես երկրի ներսում, այնպես էլ` դրսում։ Այսօր, օրինակ, Չեչնիայի ղեկավարը Պուտինին հավատարիմ անձ է` մարդ, որը վերականգնել է շարիաթի կանոնները։ Այդուհանդերձ, Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն ինքն իրեն չեչեն ժողովրդի ներկայացուցիչ է հռչակում, այլ ոչ թե իսլամի պաշտպան։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կրոնական գործոնը Ռուսաստանում արագորեն սպառեց իր նշանակությունը. նախկին իսլամիստական խմբավորումները որոշ փոքրամասնությունների շահերի պաշտպան դարձան` անկախ նրանց դավանանքից։ Բայցեւայնպես, իսլամիզմը Հյուսիսային Կովկաս ներթափանցեց  գրոհայինների եւ վահաբիների միջոցով, որոնք արաբական երկրների մեդրեսներում են ուսում ստանում։

Պարբերականի կարծիքով` իսլամիզմը Ռուսաստանի հարավային հատվածն ապակայունացնող գործոն դարձավ, եւ այս հանգամանքով է մասամբ պայմանավորված Սաուդյան Արաբիայի եւ Կատարի նկատմամբ ռուսական ղեկավարության  բացասական վերաբերմունքը։

Այսպիսով, 1980-ականներին խորհրդային բանակի ներխուժումը Աֆղանստան, ինչպես նաեւ 1990-ականների չեչենական պատերազմները ջնջվեցին արաբների եւ Արեւմուտքի մուսուլմանների հիշողությունից։ Այժմ Ռուսաստանն իսլամի թշնամի չի համարվում. նման ընկալում թերեւս աթեիստական ու կոմունիստական ԽՍՀՄ-ի նկատմամբ կար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ միայն իսլամիստներն էին այդպես կարծում, քանի որ Խորհրդային Միությունն աջակցում էր պաղեստինցիներին, ինչն արաբների կողմից դրական վերաբերմունք ապահովեց։

Վերջին քսան տարիներին «Մուսուլման եղբայրների» եւ սալաֆիական խմբավորումների ազդեցության տարածումը, հատկապես Թունիսում եւ Եգիպտոսում նրանց` իշխանության գալուց հետո, հնարավոր է` զգալիորեն փոխի Ռուսաստանի հանդեպ մուսուլմանների վերաբերմունքը։ Կատարի Al Jazeera եւ սաուդյան Al Arabia հեռուստաալիքները դեռ չեն սկսել «ռուսական իսլամաֆոբիայի» դեմ արշավը, սակայն այս պանարաբական լրատվամիջոցները ցանկացած պահի կարող են գործի դրվել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը դրա պահանջը զգա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30