01.03.2014 19:02 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փոթորիկ մի բաժակ ջրում

Կոմունիստական կրքեր Երեւանում

Նկարում` Տաճատ Սարգսյանը
Գենադի Զուգանովի հետ
Նկարում` Տաճատ Սարգսյանը Գենադի Զուգանովի հետ .

Պարզվում է, Հայաստանում դեռեւս գործում է Կոմունիստական կուսակցությունը։ Ավելին, պարզվում է, որ օրերս տեղի է ունեցել այդ կուսակցության համագումարը կամ պլենումը։ Բայց նույնիսկ սա չէ զարմանալին, այլ այն, որ այդ համագումարի ժամանակ կրքերն այնպես են շիկացել, որ բանը հասել է ձեռնամարտին եւ զարմանահրաշ այլ իրադարձությունների։ Այս ամենի մասին սոցցանցերում տեղեկացրել են մի քանի օգտատեր, որոնցից հատկապես ուշագրավ է Անի Հարությունյանի պատմածը։ Պատրաստի կինոսցենար է։

Փետրվարի 23-ին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել Կենտկոմի առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը։ Այդ օրը, բացի կոմկուսի պլենումին ներկա կոմունիստներից, ոչ ոք չիմացավ, թե ինչպես ձեռնամարտի արդյունքում ԺՊ ընկեր Սարգսյանը դարձավ ՀԿԿ առաջին քարտուղար։ Հիշեցնենք, որ վերջինս առաջին քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել էր 2013-ի նոյեմբերի 23-ին, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականից հետո։

Անցնելով բուն թեմային նշենք, որ Հայաստանի կոմունիստների ոդիսականը սկսվում է այն պահից, երբ ՀԿԿ-ի առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար համարվող Տաճատ Սարգսյանը ս/թ հունվարի 21-ին մեկնում է Մոսկվա, իր ասելով` հանդիպում ՌԴ կոմկուսի կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Գենադի Զուգանովի տեղակալ Տայսաեւի հետ, որն էլ իր հերթին, Տաճատ Սարգսյանի խոսքերով` կազմակերպում է իր եւ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զուգանովի հանդիպումը։ Մոսկվայից Հայաստան վերադառնալով ՀՀԿ ԺՊ-ն արագի մեջ կազմակերպում է կենտկոմի պլենում։

Խախտելով կուսակցության կանոնադրությունը, Տաճատ Սարգսյանը պլենումի քննարկմանն է ներկայացնում մի հարց, որը կենտկոմի բյուրոյում ընդհանրապես ներկայացված չի եղել։ Մինչդեռ կուսակցության կանոնադրության համաձայն բյուրոյում լսված հարցերը հետագայում տեղափոխվում են կենտկոմի պլենում, իսկ բյուրոյի այդ նիստի օրակարգում ընդգրկված է եղել միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հարցը։

Ականատես կոմունիստների վկայությամբ, պլենումի ժամանակ Տաճատ Սարգսյանը մոտենում է ամբիոնին, գրպանից հանում է իր եւ Գենադի Զուգանովի լուսանկարը, իբրեւ իրենց հանդիպման իրեղեն ապացույց եւ անսպասելի սենսացիոն հայտարարություն է անում։ Ի մասնավորի նա ներկայացնում է մի դրվագ ֆանտաստիկայի ժանրից. «Ես Մոսկվայում հանդիպել եմ Գենադի Զուգանովին, եւ նա ինձ խոստացել է մեզ` վեց ամսվա կտրվածքով լուրջ ֆինանսական օգնություն տրամադրել։ Բայց նա մի պայման է դրել, որ այդ ֆինանսական օգնությունը կտրամադրվի այն դեպքում, եթե ես ընտրվեմ ՀԿԿ առաջին քարտուղար, իսկ Երջանիկ Ղազարյանը` երկրորդ քարտուղար»։

Ականատեսների պատմելով, առանց հաշվիչ հանձնաժողով ստեղծելու, խախտելով կուսակցության կանոնադրության դրույթները, ինքնակոչը սեփական ընտրության հարցը դնում է քվեարկության։ Այդ պահին դահլիճում անասելի ժխոր է բարձրանում։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Պլենումի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվում։ Բանը հասնում է ձեռնամարտի։ Անտեսելով ստեղծված իրավիճակը, ինքնակոչ առաջին քարտուղարը երրորդ քարտուղարի համար առաջարկում է Կիրովականի քարտուղարի, իսկ չորրորդ քարտուղարի համար` Սպանդարյանի քարտուղարի թեկնածությունները։

Կենտկոմի պլենումի անդամները` տեսնելով տեղի ունեցող ապօրինությունները, սկսում են լքել պլենումը։ Նկատելով հեռացող վրդովված կոմունիստներին, Երջանիկ Ղազարյանը տեղից վեր է կենում, մոտենում Տաճատ Սարգսյանին եւ վախեցած հարցնում. «Գեղամիչ, բա ե՞ս»։ Գեղամիչն էլ անմիջապես վեր է թռչում տեղից ու բացականչում. «Հա~, մոռացա, Երջոն էլ` երկրորդ քարտուղար»։ Ահա, այս ձեւով ընտրվում է նաեւ երկրորդ քարտուղարը։ Այդ ընթացքում պլենումի անդամների գերակշիռ մասը լքել էր դահլիճը։ Հիշեցնենք, որ տխրահռչակ Երջոն 2003 թվականին ընտրվել էր Հայաստանի կոմերիտմիության քարտուղար եւ այդ տարիներից մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Մոսկվայի կոմսոմոլի առաջին քարտուղար Կազբեկի` նույն ինքը` Տայսաեւի հետ։ Ի դեպ, Մոսկվայից վերադառնալուց հետո Տաճատ Սարգսյանը կուսակիցների շրջանում անընդհատ կրկնել է. «Կազբեկը ինձ ասել ա, եթե Երջոյին չդնես երկրորդ քարտուղար, Հայաստանը ոչ մի ֆինանսական օգնություն չի ստանա։ Փող չենք տալու»։

Ի դեպ, Հայաստանի կոմունիստները չեն հավատում այս բոլոր խարդավանքներին, չեն հավատում նույն խարդավանքների արդյունքում առաջին քարտուղար դարձած Տաճատ Սարգսյանին։ Չեն հավատում ընկեր Տաճատի կողմից հրապարակ նետած այն լուրերին, որ իբր Կազբեկը ցանկանում է իբրեւ ՀԿԿ երկրորդ քարտուղար տեսնել Երջոյին։ Չէր կարող Տայսաեւ-Կազբեկը Հայաստանի կոմերիտմիությունը քանդած Երջոյի մասով նման ցանկություն հայտնել։ Կոմունիստները չեն հավատում այս բոլոր խաբեություններին եւ ցանկանում են ՌԴ կոմկուսից պարզաբանում պահանջել կատարված ֆարսի համար։ Նրանք նշում են, որ մեղավորները պետք է պատասխան տան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31