Այն, որ կատարվածի մեղավորների թվում նաեւ Սերժ Սարգսյանն է, կասկած չկա, քանի որ հենց նա է հանդիսանում երկրում տիրող ամենաթողության հովանավորն ու պատասխանատուն։ Սակայն այս հարցում կա եւս մեկ ֆիգուրանտ, ում մասին կարծես թե այնքան էլ չի խոսվում։ Մինչդեռ, նա ոչ պակաս պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Խոսքը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասին է։ Հովսեփյանը եւս մեկն է այն անձանցից, ով անմիջական պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ այսօր շատ հանցագործներ գտնվում են ոչ թե բանտերում, ոչ թե ենթարկված են պատասխանատվության, այլ ազատություն են վայելում, իսկ ընտրությունների ժամանակ էլ իշխանությունների կողմից օգտագործվում են որպես գործիք`ընտրակեղծիքներ իրականացնելու համար։
Հայտնի է, որ նույն Հովսեփյանը մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ առնվազն 4 մեծամասնական թեկնածուների է աջակցել, ցուցաբերել նրանց հանդեպ իր լոյալ վերաբերմունքը` օգտագործելով դատախազական իր իշխանությունը։ Սակայն, կոնկրետ Աղվան Հովսեփյանի առումով մի շատ նուրբ պահ կա. հենց նա էր, որ 2008-ի դեպքերի կապակցությամբ մտավ ԱԺ`ընդդիմադիր 4 պատգամավորների` Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Խաչատուր Սուքիասյանի եւ Հակոբ Հակոբյանի հարցով։ Հենց նա էր, որ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարց էր բարձրացրել խորհրդարանում, նա էր, որ առանց որեւէ իրական իրավական հիմքի ընդդիմադիր պատգամավորների հանդեպ քրեական հետապնդում սկսեց, եւ արդյունքում նրանցից երեքը` Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, շինծու քրեական գործերով հայտնվեցին բանտերում, իսկ Խաչատուր Սուքիասյանը ստիպված եղավ երկար ժամանակ անցկացնել Հայաստանից դուրս։
Եվ ահա, պարզվում է, որ ընդդիմադիր պատգամավորների պարագայում Աղվան Հովսեփյանը կարող էր մտնել եւ մտավ ԱԺ` նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցով, չնայած բոլորին էր հայտնի, որ այս պատգամավորների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում էր ընթանում, իսկ ահա երբ գործը հասավ Նեմեց Ռուբոյին, որի դեպքում քաղաքական հետապնդում չկար, որի դեպքում գործը ստացել էր այնպիսի հնչեղություն, որ բողոքի մեծ ալիք էր բարձրացել, որի անձնական թիկնազորի անպատիժ գործողությունների արդյունքում մահացել էր ՀՀ քաղաքացի (իսկ անձնական թիկնազորի ներկայությունը, իհարկե, առնվազն ենթադրում էր, որ Հայրապետյանը նույնպես կարող էր ներկա լիներ այդ օրը «Հարսնաքարում»), Աղվան Հովսեփյանի մտքով, չգիտես ինչու, չանցավ Նեմեց Ռուբոյի հարցով մտնել ԱԺ, պահանջել զրկել վերջինիս անձեռնմխելիությունից։ Հովսեփյանն այս պարագայում ընտրեց կատարյալ լռություն պահպանելու ռազմավարությունը։
Եթե իրոք իշխանություններն արդար քննության ջատագովն էին, եւ Սերժ Սարգսյանի փիառն անելու խնդիր չունեին, ապա Հովսեփյանը չպետք է սպասեր մինչեւ նախագահականում բեմադրվեր` «Նեմեցը սիրուն չի, ժամանակավոր ապամոնտաժեք» օպերացիան, որից հետո Հայրապետյանը պետք է հրաժարվեր մանդատից, այլեւ Հովսեփյանն ինքը պետք է ԱԺ-ում նախաձեռներ Հայրապետյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Մյուս կողմից, սակայն, բնական է Հովսեփյանի անգործությունը։ Նա` որպես Գլխավոր դատախազ, շատ վաղուց չի կատարում Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները եւ վաղուց հանդես է գալիս որպես Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման գործիք, եւ երկրորդը` ինչո՞ւ պետք է Հովսեփյանը սկսի առնել օլիգարխիական բեսպրեդելի դեմը, եթե ինքն էլ օլիգարխ է, այսինքն, նույն «թայֆայից» է, հետեւաբար Հովսեփյանը ոչ թե պետության, այլ «թայֆայի» շահերին պետք է ծառայի։
Հ.Գ. Թե նախագահականում տեղի ունեցած «Նեմեցը սիրուն չի» օպերացիայի բեմականացումից հետո ինչեր կանի Աղվան Հովսեփյանը` այլեւս էական չէ։ Փաստը մնում է փաստ, եթե Հովսեփյանն իրոք ցանկանար էն գլխից ամբողջությամբ բացահայտել գործը, ցույց տար, որ իրենք այդ հարցում ամենաշահագրգիռ կողմն են, ապա պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի ամեն ինչ ավարտվեր ոչ թե «Սիրուն չի» օպերացիայով, այլ Նեմեցի հարցը ԱԺ-ում բարձրացնելով։