Այս կայքում Սահակյանը ներկայացրել է նաեւ իր նախընտրական ծրագիրը, որտեղ, ինչպես եւ նախկինում, գրեթե նույն խոստումներն է տալիս։ Տնտեսական աճի առումով Սահակյանը մասնավորապես խոստանում է «տնտեսության հետագա աճի կայուն տեմպերի ապահովում», իսկ «առաջիկա հինգ տարիներին համախառն ներքին արդյունքի տարեկան իրական աճ` 9-11 տոկոս մակարդակի վրա»։ «Սահակյանը խոստանում է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հետագա խթանում եւ ՓՄՁ կայացման ու զարգացման երաշխիքների ստեղծման նպատակով պետական աջակցության նոր գործիքների կիրառում»։ Ի դեպ, սա այն դեպքում, երբ նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանը մեղադրել է Սահակյանին փոքր եւ միջին բիզնեսը խեղդելու համար։ Ուշագրավ է նաեւ, որ այսպես կոչված արտաքին քաղաքականություն հատվածում Սահակյանը նշում է, թե ԼՂՀ միջազգային ճանաչումը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը երկրի արտաքին քաղաքականության գերխնդիրն է։ Ի դեպ, իր նախորդ ընտրության ժամանակ էլ Սահակյանը այս ամենը խոստանում էր, սակայն, իրականում ոչ միայն ոչ մի առաջընթաց չեղավ, այլեւ ավելին, ԼՂՀ ԱԳՆ-ն զրկվեց նախարարից, եւ արդեն մոտ 2 տարի նախարար չունի։ Այսինքն, ԼՂՀ ԱԳՆ-ն կա, բայց ԱԳ նախարար չկա։ Ահա այսպիսի հետեւողականություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այս ֆոնին թերեւս ուշագրավ է Սահակյանի նախընտրական ծրագրի հետեւյալ կետը. «ԼՂՀ քաղաքական ղեկավարության եւ արտաքին քաղաքական գերատեսչության ջանքերի հետագա ակտիվացում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում»։