31.08.2016 19:10 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի ուրիշ Վահե Հակոբյան

Կենսագրություն կեղծողը ընտրությունն էլ կկեղծի

Կենսագրություն կեղծողը ընտրությունն էլ կկեղծի

Օրեր առաջ լրահոսում լուր հայտնվեց այն մասին, որ Վահե Հակոբյանը օգոստոսի 15-ին նշանակվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Առաջին հայացքից շատերը մտածեցին՝ եթե խոսքը պղնձամոլիբդենային գործարանի մասին է, ուրեմն՝ սրա հետ առնչություն ունի Մաքսիմ Հակոբյանը։ Եթե Մաքսիմ Հակոբյան, ուրեմն խոսքը նրա որդու՝ Վահե Հակոբյանի մասին է։ Շատերը կարծեցին, թե քաղաքական գործունեության անփառունակ վախճանից հետո Վահեն երեւի որոշել է բիզնեսով զբաղվել։ Բայց խոսքը ոչ թե Զանգեզուրի «տերերից» մեկի՝ Մաքսիմի որդի Վահե Հակոբյանի, այլ մեկ ուրիշ Վահե Հակոբյանի մասին է։

Այս լուրի հետ մեկտեղ հրապարակվեց այդ մեկ այլ Վահե Հակոբյանի կենսագրությունը։ Թվաց, թե իշխանական լրատվամիջոցը պարզապես կեղծել է Վահե Հակյոբյանի կենսագրությունը՝ նրան վերագրելով պաշտոններ, որոնք կշիռ կտային թե՛ այդ նշանակմանը, թե՛ անձին։ Բայց հետո, երբ նույն տեքստը կարդացինք տարբեր հարթակներում, պարզ դարձավ, որ Վահե Հակոբյանն ինքն է ստանձնել իր կենսագրությունը հարստացնելու գործառույթը։ Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն նշանակվեց, իսկ այս տարի արդեն` տնօրենի առաջին տեղակալ։

Մինչ պղնձամոլիբդենայինում հայտնվելը` Վահե Հակոբյանն աշխատել է իրավապահ համակարգում։  Մասնավորապես՝ 1996-2000թթ. վերջինս աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Պաշտոնական կենսագրության մեջ մանրամասն ներկայացված չէ, թե որ պաշտոնում է նա աշխատել ու ինչ գործառույթ է իրականացրել ԱԱԾ-ում։ Երեւի զգուշացել է այս մարմնից եւ ավել-պակաս «հավելագրումներ» չի արել։ Այնուհետեւ երկու տարի նա զբաղվել է ձեռներեցությամբ։ Ինտրիգը սկսվել է 2002 թվականից։ Վահե Հակոբյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2002 թվականից մինչեւ 2010 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` ներքին անվտանգության ղեկավար։ Հենց այստեղ է, որ Վահե Հակոբյանը, մեղմ ասած, ստել է։

«ՉԻ»-ն հարցում արեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ այսպիսի հարց ձեւակերպելով.  «Խնդրում ենք տեղեկություն տրամադրել այն մասին, թե քանի տարի եւ ինչ պաշտոններում է աշխատել Վահե Հակոբյանը»։ Ի պատասխան այս հարցման՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից «ՉԻ»-ին տեղեկացրին. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Վահե Հակոբյանը 2002-2005թթ. զբաղեցրել է ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, 2005-2011թթ. ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը»։ Մինչդեռ Վահե Հակոբյանի պաշտոնական կենսագրությունում նշված է, թե նա 2002 թվականից մինչեւ 2010թ. եղել է գլխավոր դատախազության ներքին անվտանգության ղեկավար։

Համադրելով Վահե Հակոբյանի կենսագրության այս դրվագն ու դատախազության պաշտոնական պատասխանը՝ ստացվում է, որ երկուսից մեկը ստում է։ Ամենայն հավանակնությամբ հենց Վահե Հակոբյանն է ստում, քանի որ մեր տեղեկություններով նրա աշխատած տարիներին դատախազությունը ներքին անվտանգության բաժին չի ունեցել։ Մենք նաեւ երեկ հարցում ենք արել այս մասով, որին դատախազությունից կպատասխանեն սահմանված ժամկետում։ Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի` դատախազությունում աշխատանքին, ապա  ֆինանսատնտեսական վարչություն անվանումն արդեն հուշում է, թե ինչով է տարիներ շարունակ  Հակոբյանը զբաղված եղել դատախազությունում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել կեղծել կենսագրության այս կարեւոր դրվագը։ Հարցի պատասխանը որոշակիորեն պարզ է դառնում, երբ շարունակում ենք ընթերցել  Հակոբյանի կենսագրությունը։ Վերջինս  2010-ից մինչ 2014 թվականն աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։  Ամենայն հավանականությամբ խոսքը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) մասին է, որի տնօրենն է Արա Սաղաթելյանը, նույն ինքը՝ նախագահականի Արիկը։ Կադրային նշանակումներն իշխանական մեդիադաշտում հենց այս մարդու միջոցով են տարիներ շարունակ կարգավորվել, բայց ինչպես տեսնում եք նախագահականի համար կադրեր հավաքելու գործընթացը չի սկսվել եւ ավարտվել մեդիադաշտով։ Չնայած ով գիտե՝ գուցե այս դրվագում էլ Վահե Հակոբյանը չափազանցության գիրկն է ընկել։ Մյուս կողմից էլ այս նշանակումը  չէր կարող «կայանալ» առանց նախագահականի՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյի»։ Այնպես որ,  Վահե Հակոբյանը իր կենսագրությունն ուռճացնել-կեղծելու տաղանդով չէր կարող նախագահականից հեռու լինել։ Սովորաբար հենց Բաղրամյան 26-ում հայտնվածներն ու նրանց ազգուտակն են կենսագրություն կեղծելու գործով վարպետացած։ Հայտնվելով երկրի համար կարեւոր նստավայրում` այս մարդիկ իրենց բախտից ու հնարավորություններից զարմացած սկսում են նախ կոմպլեքսավորվել, հետո դրանք հաղթահարել նոր կենսագրություններ հորինելով։ Սովորական է։  

Գուցե հասարակությանը անհայտ այս անձին եւ նրա կենսագրության «վայրիվերումներին» չանդրադառնայինք, եթե պատահաբար չկարդայինք, որ այս մարդը խոսում է ազատ ու արդար ընտրությունների անհրաժեշտության, ինչպես նաեւ ժողովրդի ընտրյալների մասին։  Սյունիքում տարածում ունեցող «Սյունյաց երկիր» թերթը զրուցել է  «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վահե Հակոբյանի հետ։ Հարցազրույցը  բաղկացած է մեկ հարցից ու մեկ պատասխանից։ «Պարոն Հակոբյան, մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին, մարզի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Անկասկած, դա պետական եւ քաղաքական կարեւոր նշանակության իրադարձություն է, ինչի համար էլ այս օրերին տեղի է ունենում ուժերի դասավորում, վերադասավորում... Եվ, բնականաբար, տարբեր ուժերի կամ թեկնածուների կողմից շահարկվում է նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության դիրքորոշումը։ Նախընտրական նման զարգացումները, անշուշտ, սպասված էին, քանզի տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը սատարել է այս կամ այն թեկնածուին՝ դրանով իսկ կանխորոշելով ընտրությունների ելքը՝ արժեզրկելով ընտրողների ազատ կամարտահայտության նշանակությունն ու հանրության կարծիքը։ Ելնելով վերը շարադրվածից, ինչպես եւ հնարավոր շահարկումներն ու թյուրիմացությունները բացառելու նպատակով կուզենայինք հստակեցնել Ձեր դիրքորոշումն առաջիկա ընտրությունների վերաբերյալ»։

Ահա այս հարցին պարոն Վահեն շշմելու պատասխան է տվել. «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը մարզի համայնքներում, այդ թվում՝ Կապան մարզկենտրոնում, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի որեւէ կոնկրետ թեկնածուի չի աջակցում՝ նկատի ունենալով նաեւ, որ ընտրական գործընթացներին միջամտելն ու առնչակից լինելն իր գործառույթների մեջ չեն մտնում։ Ընկերությունը, բնականաբար, կողմնակից է բացառապես գործող օրենսդրությանը համահունչ գործելակերպին, թեկնածուների միջեւ՝ հավասար պայմաններով ընտրապայքարին, ազատ եւ արդար ընտրություններին։ Մեզ համար ավելի մեծ արժեք, քան ընտրողների կամքն է, չկա եւ չի կարող լինել։ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, որպես մարզի խոշորագույն տնտեսվարող, աներկբա կերպով, շահագրգռված է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Եվ իր գլխավոր առաքելություններից մեկը հենց դա է համարում։ Այդ ճանապարհին համագործակցում եւ համագործակցելու ենք համայնքների ընտրյալ ղեկավարների հետ։ Մի խոսքով՝ ժողովրդի ընտրյալը մեր ընտրյալն է։ Այդ հավատամքով ու սկզբունքով էլ առաջնորդվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման՝ պետական կարեւորության ներկայիս միջոցառման ընթացքում։ Բարի ընտրություններ բոլորիս»։

Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչպես է իրեն դրսեւորում նախագահականի կադրը նախընտրական այս ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է լինելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30