08.09.2017 11:31 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազ իմ ճահիճ Հայաստան

Հարմարվողների երջանկության մեխանիկան

Հարմարվողների երջանկության մեխանիկան

Հայաստանում ներքաղաքական կյանքը մեռած է, եւ ամենայն հավանականությամբ՝ երկար ժամանակով։

Ժամանակն է արձանագրել, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հասել է իր երազած վիճակին՝ զարգացնելով ու կատարելագործելով «հաճախորդների» ինստիտուտը եւ բացառելով իշխանափոխության ցանկացած տարբերակ։ Իսկ հասարակությունը շվարած վիճակում է՝ ինքն իրեն ընդդիմադիր հռչակած «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները հիմնականում զբաղված են Սերժ Սարգսյանին փառաբանելով ու տնտեսական բնույթի սուր ելույթներ ունենալով (դրանց թիրախը Կարեն Կարապետյանն է, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանին երեւի դուր կգա), «Ելք» դաշինքը ցանկացած լուրջ հարց հռչակում է կեղծ օրակարգ, օրումեջ սելֆիներ է անում հանրային սննդի տարբեր օբյեկտներում ու առաջ քաշում աշխարհացունց ծրագրեր՝ Երեւանի փողոցներն անվանափոխելու վերաբերյալ, իսկ Դաշնակցությունն ընդհանրապես գոյություն չունի եւ ընդամենը մյուսների համար բարեկրթության օրինակ է ծառայում՝ առաջնորդվելով «ուտելիս չեն խոսում» սկզբունքով։

Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել այս վիճակին։ Շատ պարզ եղանակով։ Բանն այն է, որ ցանկացած երկրում գոյություն ունի իշխանափոխության ընդամենը երկու տարբերակ՝ ընտրությունների ճանապարհով կամ ապստամբության միջոցով։ Առաջին ճանապարհով այդ հարցը փորձեց լուծել Հայ Ազգային Կոնգրեսը, երկրորդ ճանապարհով՝ «Սասնա ծռեր» խմբավորումը։ Հիմա մեկը դուրս է մղվել խորհրդարանից, մյուսը ճաղերի հետեւում է։ Վերջ, խնդիրը լուծված է։ Բոլորը գոհ են ու երջանիկ (քաղաքական ուժերը նկատի ունենք)։ Սերժ Սարգսյանին պետք էր հաստատել իր միանձնյա իշխանությունն առանց ժամկետային սահմանափակումների՝ հաստատեց, նրան պետք էր, որ մյուսները համակերպվեն ու տեղավորվեն միակուսակցական համակարգում՝ հարմարվեցին ու տեղավորվեցին։ Դրա համար էլ հիմա արդեն առանձնապես տարբերություն չկա, թե որ պատգամավորը որ խմբակցությունից է։ Ուշադիր նայեք՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները շա՞տ են տարբերվում հանրապետականներից, «Ելքի» Ալենը շա՞տ է տարբերվում Շարմազանովից կամ Կարեն Ավագյանից, Արծվիկ Մինասյանը շա՞տ է տարբերվում որեւէ հանրապետական նախարարից, Սասուն Միքայելյանը շա՞տ է տարբերվում գեներալ Մանվելից։ Ոչ մտածելակերպով են տարբերվում, ոչ աշխարհայացքով, ոչ էլ, ամենակարեւորը, գործունեության բուն նպատակով։ Մեծ հաշվով բոլորը նույն գործն են անում՝ ապահովում են Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանությունը։ Եւ, ի դեպ, ի՞նչ տարբերություն՝ ընտրողներին խաբելով որպես ընդդիմություն մտնում ես խորհրդարան ու այնտեղ խաղում իշխանությունների թելադրած կանոններո՞վ, թե՞ խաբում ես՝ իբր խրատվել ես ու սրանից հետո նորմալ ես ղեկավարելու երկիրը, բայց մեծամասնություն ես ստանում ու շարունակում նույն ձեւով։ Խաբեությունը խաբեություն է։

Խնդիրը հետեւյալն է՝ գոնե հիմա մարդիկ հասկացե՞լ են, որ իրենց պարզապես հիմարացրել են։ Երեւի հասկացել են, բայց արդեն ուշ է։ Չէ՞ որ իրականում սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը նախագահի ինստիտուտը չի վերացրել, ընտրությունների՛ ինստիտուտն է վերացրել։ Հայաստանում այլեւս պետության առաջին դեմքի ուղղակի ընտրություններ չեն լինելու։ Բայց ամենակարեւորը՝ Սերժ Սարգսյանը կարողացել է մարդկանց գիտակցության մեջ վերջնականապես արմատավորել այն «գաղափարը», որ իշխանությունների հիմնական ֆունկցիան հենց թալանելն ու հարստանալն է, որ դիմադրելն անիմաստ է, որ պետք է պարզապես համակերպվել ու «յոլա գնալ», որ դա միանգամայն նորմալ է, իսկ ովքեր ձգտում են ինչ-որ բան փոխել՝ ընդամենը իրենք են ուզում թալանել ու հարստանալ։ Արդյունքում՝ «օֆիցիալ» քաղաքական դաշտում մնացել են միայն «յոլա գնացողները»։

Իսկ մյուսները ոչ թե «յոլա են գնում», այլ երկրից են գնում։ Բայց իշխանություններին դա առանձնապես չի մտահոգում։ Եթե չեն ուզում հարմարվել՝ մնում են, որ ի՞նչ անեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30