20.10.2017 08:22 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զատո էժան ա

Ինքնիշխանության վաճառքի կոմերցիոն բաղադրիչը

Ինքնիշխանության վաճառքի կոմերցիոն բաղադրիչը

Ժնեւյան հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը բավականին դրական բաներ ասաց Ալիեւի մասին, դրանից առաջ էլ, պարզվում է, Սոչիում երկու նախագահները շատ հաճելի ժամանակ էին անցկացնում իրար հետ ու կատակներ անում (սա էլ Լուկաշենկոն է «բերանից թռցրել»)։

Այդ նույն օրերին, ի դեպ, շփման գծում հերթական հայ զինվորն է զոհվել, Հայաստանն էլ ստիպված է եղել հերթական անգամ Ռուսաստանից պարտքով փող ուզել (100 միլիոն դոլար), որպեսզի նույն Ռուսաստանից զենք գնի եւ դրանով իսկ գոնե մասամբ վերականգնի ուժերի հավասարակշռությունը, որը խախտվել էր, որովհետեւ Ռուսաստանը խայտառակ տեմպերով զինում է Ադրբեջանին։

 Հայաստանի իշխանություններն այս վիճակից, իհարկե, դժգոհ են, բայց ամեն դեպքում` ըմբռնումով են մոտենում։ Նախ` որովհետեւ հարգում են ռազմավարական դաշնակցի «բիզնես շահերը», եւ երկրորդ` որովհետեւ Ռուսաստանը մեզ զենք է վաճառում ոչ թե շուկայական, այլ գործարանային գներով։ Ճիշտ է, նաեւ պայմաններ է թելադրում (թե ինչպես եւ ում դեմ պիտի օգտագործել), եւ շատերը դա գնահատում են որպես մեր ինքնիշխանության սահմանափակում, բայց Հայաստանի իշխանությունները դրա պատասխանը նույնպես ունեն` «զատո էժան ա»։ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ հեգնում է` «եթե ավելի էժան տեղ գիտեք, ասեք` գնանք առնենք»։ Այսինքն` ստացվում է, որ մեր ինքնիշխանությունը զուտ փողի խնդիր է. փող չունենք, դրա համար էլ ստիպված ենք ինքնիշխանությամբ վճարել։ Ինչպես հայտնի ռոմանսի «գիշերային թիթեռնիկ» հերոսուհին էր ասում` «не донской же валютой платить»։ Իսկ եթե բյուջեում համապատասխան գումար ունենայինք` այլ աղբյուրներից սպառազինություն ձեռք կբերեինք ու ստիպված չէինք լինի մաս- մաս հանձնել մեր ինքնիշխանությունը։

Իսկ թե ինչու Հայաստանի բյուջեում փող չկա` կարծում ենք, հասկանալի է։ Որովհետեւ փողն այլ տեղ է։ Շվեյցարական բանկերում, օֆշորային գոտիներում, կամ` աշխարհով մեկ սփռված է բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների ազգուտակի անուններով գրանցված անշարժ գույքի տեսքով։ Եւ այդ փողն ամեն տարի ավելանում է մոտ մեկուկես միլիարդ դոլարով։ Մինչդեռ դրա ընդամենը 10 տոկոսը բավական կլիներ, որ նույն այդ 100 միլիոն դոլարի զենքը ձեռք բերեինք այլ աղբյուրներից` ավելի թանկ, բայց առանց նվաստացուցիչ պայմանների։

Այսինքն` ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու իր մերձավոր շրջապատը Հայաստանը թալանելու եւ թալանածը երկրից դուրս բերելու իդեալական մեխանիզմ են մշակել, եւ հենց դրա պատճառով է, որ Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է ինքնիշխանությունը։ Այո, սա պարզ կոմերցիոն գործարք է, անկախությունը հենց այսպես են վաճառում։ Ընդ որում` այնպես չէ, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի ազնիվ կամ ավելի հայրենասեր են։ Պարզապես նրանք նավթ ու գազ ունեն, որի 90 տոկոսը էլի թալանում են, բայց 10 տոկոսով զենք են գնում։ Իսկ մենք նավթ չունենք, ստիպված` վճարում ենք նրանով, ինչ ունենք։ Բա ամոթ չի լինի՞, որ Սերժ Սարգսյանը նորմալ աշխատի, միլիարդներ չունենա ու գնա խեղճ-խեղճ (որպես աշխատավարձով ապրող) նստի միլիարդատեր Ալիեւի դիմաց։ Ամոթ կլինի, դրա համար էլ նավթի բացակայությունը փոխհատուցում է մենաշնորհներով, 50 տոկոս փայ մտնելով, տեսախցիկներով, արագաչափերով, ընդերքը քամելով, ու «ջանդամը», թե երկիրը չի դատարկվում։ «Զատո» ինքը կարող է հանգիստ կատակներ անել Ալիեւի հետ, որովհետեւ նրանից աղքատ չէ, իսկ սպառազինության դիմաց էլ ինքնիշխանությամբ կվճարի։ Մանավանդ որ «նաղդ» գնորդը կա։

Ի դեպ` գնորդի մասին։ Գնորդն այս պահին Ռուսաստանն է, բայց այս հարցում պատրանքներ ունենալ չարժե` մեր ինքնիշխանության ցանկացած այլ գնորդ (ասենք` Արեւմուտքը) տվյալ դեպքում ճիշտ նույն ձեւով կվարվեր։ Խնդիրը սեփական երկրի ինքնիշխանությունը վաճառքի հանելու պատրաստակամությունն է։ Սերժ Սարգսյանն ու իր մերձավոր շրջապատը ունեն այդ պատրաստակամությունը, «քաղաքական թիմն» էլ «հարմար գներով» արդարացումներ է հորինում։

Հ. Գ. Իսկ Էդուարդ Շարմազանովի հեգնանքի պատասխանը սա է. ավելի էժան զենքի տեղ չգիտենք, բայց ավելի էժան ավտոմեքենաների տեղ գիտենք, ձեր միլիոնանոց մեքենաների փոխարեն դրանցով երթեւեկեք, խնայված փողով էլ սպառազինություն առեք առանց նվաստացուցիչ պայմանների։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30