06.04.2018 08:00 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայաստան 2040 բաժակաճառը

Սերժ Սարգսյանն արգելում է մինչեւ 2030-ը «հաշվել ճտերը»

Նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հինգ օր առաջ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, դարձյալ խոսել 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու մասին ու հայտարարել, թե մինչեւ 2030 թվականը «միջանկյալ թիրախային ցուցանիշներ» նույնպես պետք է ունենալ։ Պարզ ասած՝ պետք է ֆիքսել, որ եթե որոշել ենք 2040-ին 4 միլիոնանոց Հայաստան ունենալ, պիտի մեր առջեւ խնդիր դնենք, որ 2030-ին Հայաստանի բնակչությունը կազմի, ասենք, 3,5 միլիոն։

Սերժ Սարգսյանն, իհարկե, ստիպվա՛ծ է խոսել միջանկյալ թիրախային ցուցանիշներ սահմանելու մասին. «Հայաստան-2040» ծրագիրն ավելի շատ բաժակաճառ էր հիշեցնում եւ շատ արագ բազմաթիվ անեկդոտների աղբյուր դարձավ։ Բայց որպես անեկդոտների թեմա՝ «Հայաստան-2030» ծրագիրն էլ պակասը չէ։ Առավել եւս, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ հատկապես 2030-ը։ Վերջին հաշվով՝ բնակչության թիվը հենց այնպես ու միանգամից չի ավելանում, չի կարող այնպես լինել, որ մինչեւ 2030 թվականը ամեն տարի երկրից 40-45 հազար մարդ արտագաղթի, իսկ 2030-ին ունենանք 3,5 միլիոն բնակչություն։ Ուրեմն ինչո՞ւ «միջանկյալ թիրախային ցուցանիշներ սահմանելու» փոխարեն հստակ խնդիր չդնել, որ, ասենք, եկող տարի Հայաստանի բնակչությունը պիտի ավելացած լինի 50 հազարով, իսկ եթե դա տեղի չունենա՝ կառավարությունը (վարչապետով-բանով) պիտի հրաժարական տա։ Հիշո՞ւմ եք՝ երբ Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց 4 միլիոնանոց Հայաստանի մասին, հանրապետականները մեծ ոգեւորությամբ զարգացրեցին թեման, իսկ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույնիսկ հայտարարեց, թե սրանից հետո կառավարության (հետեւաբար՝ նաեւ վարչապետի) գործունեության գնահատման հիմնական չափանիշը պիտի լինեն ժողովրդագրական ցուցանիշները։ Բայց հետագայում այդ թեման «փակվեց», որովհետեւ հասկանալի դարձավ, որ հաջորդ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, իսկ նրա գործունեությունը կոնկրետ չափանիշներով գնահատելը խստիվ արգելված է (խայտառակ պատկեր կստացվի)։ Այստեղից էլ՝ միջանկյալ թիրախային ցուցանիշները միայն 2030 թվականի համար սահմանելը (այն ժամանակ՝ ով սաղ, ով մեռած, հեչ չլինի՝ մի բան կհորինեն)։

Եվ ընդհանրապես՝ «Հայաստան-2030» պայմանական անվանումով ծրագիրն աչքի է ընկնում հստակ թվերի բացակայությամբ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «մի քանի հարյուր հազար աշխատատեղ», 200 հազարն էլ է «մի քանի հարյուր հազար», 800 հազարն էլ։ Կամ՝ ի՞նչ է նշանակում «եղած աշխատավարձերը բարձրացնել»։ Որքա՞ն բարձրացնել, մի քանի հարյուր դրամո՞վ, թե՞ կրկնակի-եռակի (600 հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավորները դժգոհում են, մեկուկես միլիոն դրամ աշխատավարձ ստացող Սերժ Սարգսյանն ասում է «ինձ էլ է գումար պետք», իսկ միջինը 100 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերի բացումը ներկայացվում է որպես չտեսնված-չլսված նվաճում)։ Կարելի էր դրա փոխարեն պարտավորվել, որ, ասենք, ամեն տարի աշխատավարձերն ու թոշակները պիտի բարձրանան առնվազն 6-7 տոկոսով, բայց դա Սերժ Սարգսյանի գլխավորելիք կառավարության վրա կոնկրետ պատասխանատվություն կդներ։ Իսկ այսպես՝ ոչ մի որոշակիություն. պիտի «եղած աշխատավարձերը բարձրացնել», եւ վերջ։ Այն էլ՝ 2030 թվականի «թիրախով»։

Իսկ ահա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը բարձրացնելու մասով ճիշտ է ասում. պետք է դրան հասնել ստվերի դեմ պայքարի միջոցով։ Բայց իսկույն էլ մի կարեւոր հայտարարություն է անում՝ «հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին անցնելը»։ Իսկ գիտե՞ք, թե որն է հիմնական տարբերությունը։ Որպես կանոն՝ ուղղակի հարկերը վճարում են տնտեսվարողները, իսկ անուղղակի հարկերը՝ սպառողները։ Այսինքն՝ խնդիր է դրվում այնպես անել, որ հարկային բեռի հնարավորինս մեծ բաժինն ընկնի շարքային քաղաքացիների ուսերին։ Երեւի ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին բացատրել է, որ դա էապես կնվազեցնի արտագաղթը։

Ինչեւէ։ Վարչապետ դառնալուց հետո Սերժ Սարգսյանն, իհարկե, կներկայացնի կառավարության ծրագիրը, բայց արդեն այժմվանից ամեն ինչ արվում է, որ որպես «ճտերը հաշվելու» վերջնաժամկետ ֆիքսվի 2030 թվականը։ Որպեսզի մինչ այդ որեւէ մեկը նրա կառավարությանը չմեղադրի ձախողումների համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30