04.11.2016 08:06 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Առերեսում

Պահանջվում է ստախոս

Պահանջվում է ստախոս

Օրեր առաջ` հոկտեմբերի 31-ին, «slaq.am» կայքը իր էջերում տեղադրել էր «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հեռուստաելույթից մի հատված, որը վերաբերում էր Ռուբեն Հայրապետյանի կատարած բարեգործություններին։

Մասնավորապես էլեկտրոնային կայքի ներկայացրած հատվածում Քոչարյանը նշել էր. «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է, եւ ինքը Հրանտ Մաթեւոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետեւ Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթեւոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, եւ առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաեւ դեր է խաղացել իմ եւ իր ընկերության գործոնը։ Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ եւ իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել, եւ մեր հակասությունները չեն ազդել եւ չեն կարող ազդել մեր ընկերության վրա»։

Թե ի՞նչ հակասությունների մասին է ակնարկել Անդրանիկ Քոչարյանը, կներկայացնենք մեկ այլ հրապարակման շրջանակներում` նվիրված բուն Անդրանիկ Քոչարյանի կերպարին, նրա խայտառակ արարքներին, խժդժություններ ու ինտրիգներ հյուսելու նրա «խասյաթին», քաղաքական շրջանակներում մերժված լինելու դրդապատճառներին։

Անդրանիկ Քոչարյան կերպարի վերլուծության ներկայացումից առաջ անցնելով` միայն փաստենք, որ Քոչարյանը ստում է` դարձյալ խաղալով երբեմնի ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հեղինակության հետ։

Նախ` շատերը կվկայեն` Անդրանիկ Քոչարյանի սիրուն աչքերի համար կամ էլ նրա հուշումների արդյունքում չէ, որ Հայրապետյանը տարիներ առաջ փորձել է օգտակար լինել Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքին (որեւէ մեկն այսքան ժամանակ չի առարկել, ավելին` Հայրապետյանն ինքն էլ երբեք չի բարձրաձայնել դրա մասին)։ Ովքեր ճանաչում են այս մարդկանց` կվկայեն, որ Քոչարյանն այն հեղինակավոր աձը չէ ու չէր, որն առնչություն կամ մասնակցություն ունենա Հայրապետյանի նախաձեռնություններին։ Մինչդեռ Քոչարյանի այս հայտարարությունները ֆոն են ստեղծում, թե իբր Հայրապետյանը հեռու է եղել օգնության ձեռք մեկնելուց եւ միայն Քոչարյանի միջամտության արդյունքում է Հայրապետյանը փոշմանել։

Սա այլանդակ սուտ է, եւ Քոչարյանը նախկին ընկերոջն ինչ-որ բան ապացուցելու հարցում ահագին սխալ թեմա է ընտրել։ Քոչարյանի մատնանշած պատմությանը մասնակից են եղել մարդիկ, որոնք այսօր կենդանի են ու կարող են վկայել Քոչարյանի` օրերս արված հայտարարության ստորության աստիճանը։ Եվ եթե խոսակցություն է բացվել, ուրեմն` հարկ կհամարենք ներկայացնել այդ մարդկանց կարծիքները առանձին-առանձին։ Սկսենք ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանից, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցել եւ հենց այդ պատճառով էլ  ականատեսն ու մասնակիցն է եղել մեծ գրողի` բուժման նպատակով արտերկիր մեկնելու պատմությանը։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները։ Ի՞նչ խնդիր է հիմա նա փորձում լուծել` ստահոդ լուրեր տարածելով, թե իբր իր գործոնն է առիթ դարձել, որ Հայրապետյանը բարեգործություն անի։

- Մինչեւ դրան անդրադառնալը, մի կարեւոր հանգամանք կա, որ ես շատ երկար մտածել եմ դրա շուրջ ու փորձել եմ ուրիշներին էլ բացատրել։ Չգիտեմ, թե ինչքանո՞վ են մարդիկ ընկալել ասածը, բայց ինձ համար մի ճշմարտություն կա։ Մենք բոլորս, հատկապես իմ տարիքի մարդիկ, պետք է կարողանանք գնահատել, որ ինչ-որ մի ժամանակ ենք ապրել եւ այդ ժամանակաշրջանում հնարավորություն ենք ունեցել մեր ժողովրդի այդ ժամանակվա երեւելիների հետ նստել, խոսել եւ շփվել։ Դա երեւի մեր ամենաերջանիկ օրերն ու պահերն  են եղել։ Նրանցից մեկն էլ Հրանտ Մաթեւոսյանն է։ Հրանտ Մաթեւոսյանի կողքին կարող եմ տալ  Օհան Դուրյանի,  Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի. Լեւոն Ներսիսյանի ու էլի մարդկանց անուններ։  Այդ մարդկանց ցանկը դուք էլ կարող եք ավելացնել, հնարավոր է, այս պահին որոշներինը նշել մոռացա, բայց այդ մարդիկ եղել են ամենահարգվածը, ամենաճանաչվածը,  ամենասիրելին։ Այդ մարդկանց հետ նստել, խոսել...եղել է երանելի մի բան։ Ես չէի կարող իմ երիտասարդ տարիներին երբեւէ մտածել, որ այդպիսի առիթ կունենամ։ Եվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կյանքը,  այդ ժամանակաշրջանն ինձ  այդ հնարավորությունը տվեցին։ Ու թե դա ի՞նչ է նշանակում, դա իմ անձնական գաղտնիքներից  է։  Ես միշտ երջանիկ կզգամ ինձ հենց միայն այն մտքից, որ ինչ-որ  ձեւով, ինչ-որ մի առիթով կարողացել եմ կամ կարող էի օգտակար լինել այդպիսի մարդկանց։ Հիմա խնդիրը հետեւյալն է` եթե կան մարդիկ, որոնք շփվել են այդ մեծերի հետ ու չեն կարողանում գնահատել այդ հնարավորությունը` սա արդեն մի քիչ ուրիշ երեւույթ է։ Սա սովորական քաղքենիություն էլ չէ, գիտե՛ք, երեւի անկիրթ մարդու հետ գործ ունենք։  Որովհետեւ ի՞նչ է նշանակում, ասենք՝ Հրանտ Մաթեւոսյանին առիթ է եղել ինչ-որ մի բանով օգնելու ու դրա մասին հետագայում իրենից հետո հիշես։ Առավել եւս՝ այդ դեպքի հետ կապված, ասեմ ձեզ, որ ես այդ օրերին նաեւ շփվել եմ վարպետի ընտանիքի հետ ու լավատեղյակ եմ այս պատմությանը։ Իրականությունը լրիվ այլ է։ Իրականում վարպետը ոչ մի անգամ իր կողմից այդպիսի նախաձեռնություն թույլ չէր տա, ինքն այդ մարդը չի եղել, եւ ես չէ, որ պետք է իրեն գնահատական տամ։ Բոլորն էլ գիտեն, որ ինքն իր համար ինչ-որ բան նախաձեռնողը չէր։ Դու պետք է կարողանայիր ինչ-որ ձեւով նրան համոզել։

Հիմա խոսում ենք, եւ ես մի այլ պատմություն հիշեցի, շատ սովորական կենցաղային թեմայով։ 1993 թվականն էր, երբ ջեռուցում չկար, երբ Երեւան քաղաքում պրոբլեմներ կային։  Լավ, ի՞նչ կարող էի ես անել` այն ժամանակ լինելով  քաղաքապետ. կամ փայտով ինչ-որ մեկին օգտակար լինել, կամ՝ կերոսինի վառարաններ գտնել,   դրանք չկային Երեւանում, վերացել էին։ Մի օր առիթ էր ու վարպետին հարցրի, թե ինչպե՞ս են  տաքանում։ Բոլորն ամեն կերպ փորձում էին խուսափել, նույնը նաեւ վարպետը։ Նույնը նաեւ Վարդգես Գնունին՝ կրթության նախարարը։ Տեսե՛ք, համեստագույն մարդիկ էին։ Ոչ մեկը ոչ մի անգամ չէր  ասել, որ նեղության կարիք են զգում։ Ես ուղղակի հիշում եմ Վարդգես Գնունուն։ Մտա նրա «կաբինետ», ինքս էլ զարմացա, թե այդ մարդն այդ պայմաններում ինչպե՞ս է աշխատում։ Հետո ինչ-որ առիթով եկա Հրանտ Մաթեւոսյանի տուն, խոսում էինք, զգացի, որ տունը ցուրտ է։ Ոչ մի բան չասաց։ Հաջորդ օրը զանգահարեցի ու ասացի, որ վառարան եմ գտել։ Ասաց`  կարիք չկա, ավելացրեց` ինձ մինչեւ հասնելն այնքան մարդ կա, քո գործն էլ շատ է, դու փորձիր օգնել այդ մարդկանց, որոնք  ավելի վատ վիճակում են, ես կարող եմ յոլա գնալ։ Ես հասկացա... նույնիսկ դա ինձ համար դաս էր։ Այսինքն՝ ես  այդ մարդուց այդ վիճակում էլ սովորելու բան ունեի։

Եվ հիմա այս խոսակցություններն ինձ համար շատ վիրավորական են, անձնական վիրավորանք եմ զգում։ Չգիտեմ, ինչո՞ւ է այս պատմությունն այս ձեւով ներկայացվել, որովհետեւ  կրկնում եմ, իրական պատմությունն այդպես չի եղել։

- Կպատմե՞ք իրական պատմությունը։

- Իրական պատմությունը հետեւյալն է. մենք բոլորս փորձում էինք Հրանտ Մաթեւոսյանին համոզել, որ եթե այդ հիվանդությունը կա, ապա այդ հիվանդության բուժման տարբերակներից մեկը դրսում բուժվելն է,  որից, երեւի, ամենահարմարը մեզ համար այդ ժամանակ Ամերիկայում էր, հաշվի առնելով  նաեւ, որ այնտեղ  էր Ռուբեն Հայրապետյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ընկերը։ Մարդ, որը կարող էր վարպետի հետ լինել։ Վերջը մի կերպ կարողացել ենք Մաթեւոսյանին համոզել, բայց այս` վարպետի կողմից,  որեւէ նախաձեռնություն չի եղել, այս կողմից որեւէ հարց չի բարձրացվել։

- Ինչո՞ւ է հիմա նման բան արվում։ Առիթը ո՞րն է կամ պատճառը։

- Ես իմիջիայլոց առաջին անգամ եմ կարդում նման բան։ Չեմ տեսել կամ լսել, որ Ռուբեն Հայրապետյանը երբեւէ  դրա հետ կապված խոսեր։ Այս հարցում գոնե ինքն ավելի շատ իրավունք ուներ  խոսելու ։ Ինքը կարող էր իրեն թույլ տալ։ Կարող էր, բայց ես չեմ լսել, որեւէ անգամ  առիթ չեմ ունեցել այդ մասին ինչ-որ տեղ կարդալու։ Այ թե ի՞նչն է պատճառը եղել, ինչո՞ւ է այս խոսակցությունը հիմա այսպես հնչում, կարծում եմ, սրանով ասողը  հանրությանն այլ կերպով ներկայանալու խնդիր է դրել։  Չգիտեմ, բայց համոզված եմ, որ  այս շահարկումներով ինչ-որ մարդկանց մասին կարծիք չի փոխվելու կամ նորից ձեւավորվելու։ Բոլորը բոլորին ճանաչում են։ 

 Հ.Գ. Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում փաստեցին, որ մեծ դժվարությամբ են վարպետին համոզել` մեկնել ԱՄՆ։ Նախաձեռնությանը աջակցել է Ռուբեն Հայրապետյանը, որն այդ տարիներին լավ հարաբերություններ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ռուբեն Հայրապետյանն էլ, որպես Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած մարդ, պատրաստակամություն է հայտնել օգնել։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31