Տեղի բնակիչներից շատերը մեծ ցավով խոսում են այն մասին, որ եթե ոմանց համար տունն իրենց ամրոցն է, որտեղ իրենց վստահ ու ապահով են զգում, ապա տվյալ դեպքում իրենց տունը պոտենցիալ գերեզմանոց է, քանզի հայտնի չէ, թե սեփական ձեռքերով կառուցածդ տունը գիշերվա որ ժամին կարող է գլխիդ փլվել։
Ներկայում սողանքի ամենաթեժ գծում է հայտնվել Աչաջուրի «Գետի Յալ» կոչվող թաղամասը։ Այստեղ բազմաթիվ ընտանիքներ ստիպված արտագաղթի ճամփան են բռնում` որոշ դեպքերում մեկնելով Ռուսաստան կամ Վրաստան, կամ էլ ժամանակավոր ապաստան են խնդրում իրենց հարազատների մոտ` մինչեւ որ հայրենի կառավարությունն ու պատկան մարմինները կհասկանան, որ իրենցից այն կողմ այս երկրում էլի մարդիկ կան, որոնք գոնե չորս պատ ունենալու եւ ապրելու իրավունք ունեն հաստատ։
«Աղետի գոտում» ապրող բնակիչները վրդովված պատմում են այն մասին, որ երբեմն-երբեմն մի երկու պետական պաշտոնյա ու իբր շահագրգիռ անձինք գալիս, հետաքրքրվում են, ստից երկու բան են խոսում, հերթական «թոզը փչում» ու թողնում-գնում են։ Իսկ աչաջուրցիներին մնում է բնական աղետի դեմ տարվող հավերժ պայքարն ու մարած հույսը, որի դեպքում նրանք իրենց ապրելն այլեւս անիմաստ են համարում։ Եվ եթե տարվա մյուս եղանակներին աչաջուրցիների անհանգստության պատճառը փուլ եկող տներն են, ապա եղանակները տաքանալուն պես՝ նրանց տագնապը եռապատկվում ու քառապատկվում է, քանի որ պատերի բաց խոռոչներից տուն են թափանցում կենդանական աշխարհի ներկայացուցիչները` օձերն ու կարիճները, որոնք լուրջ սպառնալիք են հատկապես երեխաների համար։
Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ահազանգեցին հենց Աչաջուրի «Գետի Յալ» թաղամասի բնակիչներ Սուսաննա Եգանյանն ու Մարիետա Աթաբեկյանը, որոնց տները գտնվում են 4-5-րդ աստիճանի վթարայնության տակ։ Այս ընտանիքները 24 ժամ անընդմեջ հսկում են իրենց երեխաներին՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։
Աչաջուրցի Սուսաննա Եգանյանը, որն այլեւս հույսը կտրել է բոլորից ու տունն ամբողջությամբ հողին հավասարվելու պատճառով տեղափոխվել է իր հարազատների մոտ, «ՉԻ»-ին պատմեց հետեւյալը. «Ես հիմա ուրիշ տեղ եմ մնում, որովհետեւ իմ տանը այլեւս չենք կարող մնալ։ Այն ամբողջությամբ հող է դարձել, ո՞նց ապրենք։ Էդ ճաքերից ամբողջ օրը օձեր ու կարիճներ են դուրս գալիս։ Երեխուս ձեռքն էլ կռիսն էր կծել, մի տաս օր հիվանդանոցում եմ պահել, մինչեւ որ ուշքի է եկել։ Տուններս ոնց որ շուռ տված լինեն։ Ես արդեն չեմ իմանում, թե որտեղ կարելի է դիմել։ Մենք կառավարությանն էլ, ամեն տեղ էլ դիմել ենք, մեզ էլ պատասխանել են, թե ձեր գումարը կլինի, բայց չգիտենք, թե երբ։ Երկու փոքր երեխաներ ունենք, անօգնական վիճակում ենք ու մեր տունն էլ ամբողջությամբ փլվում է։ Մենք էս գործի համար ամեն ինչ էլ արել ենք, բայց օգուտ չկա։ Զզված, նստած ենք։ Եթե մի հարեւան կամ որեւէ մեկը փորձում է անցնել այդ տան մոտով, վախենում է, որովհետեւ այն կարող է կործանարար լինել ցանկացածի համար»։
Աչաջուրցի Մարիետա Աթաբեկյանն էլ «ՉԻ»-ի հետ զրույցում իր հերթին նշեց.«Մեր տները սարսափելի վիճակի մեջ են գտնվում։ Ամեն օր վախենում ենք, որ մեր տունը գլխներիս կփլվի։ Թոռներս ասում են, որ մեր տները փլվեն, ի՞նչ ենք անելու, ես էլ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ։ Մինչեւ հիմա թոռներս վեր են թռնում ու չեն կարողանում քնել։ Ամբողջ օրը գյուղի գորտերի, օձերի, կարիճների ու կռիսների հետ ենք ապրում։ Չգիտենք գորտերի կռռոցին դիմանանք, թե բնական աղետի արհավիրքին»։
Աչաջուրի գյուղապետ Համլետ Գեւորգյանն էլ իր հերթին խոստովանեց. «Գյուղում վիճակն իսկապես օրհասական է։ Տները փլվում են, ու բնակիչներն էլ անելանելի վիճակի մեջ են գտնվում։ Որոշ մարդկանց տներ՝ ընդհանրապես մի բուռ հող են դարձել, ու մարդիկ ստիպված այլ տեղեր են բնակվում, մի մասին էլ ժամանակին փոխհատուցում են տվել, մի որոշ մասին էլ ինչ-ինչ մարդիկ խոստացել են, որ որեւէ բան կարվի, բայց այդպես էլ հարցը մնացել է անլուծելի»։
Հարցին, թե ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ կառավարությունը, եւ ընդհանրապես, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, գյուղապետը նշեց. «Խոստացել են, որ որոշ բաներ անելու են»։
Հայկական մենթալիտետի հարց է. մինչեւ բանը բանից չի անցնում, որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ու երբ շարքային քաղաքացին օրակարգային, կարելի է ասել, արդեն ազգային անվտանգության հարց է բարձրացնում, պատկան մարմինների գործը մեկն է դառնում։ Աջ ու ձախ պատասխաններ հնչեցնել այն մասին, որ բյուջեն էլի «ծակ» է, փող չկա, «պարետը» տեղում չի, նախարարի քունը տարել է ու մոռացել այս հարցի մասին բարձրաձայնել, վարչապետը ուրիշ գործերով է զբաղված, գնացել է հերթական վարկի հետեւից ու այսպես մինչեւ գալիք տարին, մինչեւ որ կդատարկվեն գյուղերն ու կարտագաղթեն բնակիչները։ Կամ էլ, Աստված մի արասցե, երբ արդեն գործ կունենանք կոնկրետ ողբերգության հետ, կսկսեն պատճառների մասին երկար-բարակ ճամարտակել, երբ կարող էին ժամանակին կանխարգելել վերահաս վտանգը։ Հետաքրքիր է, էլ ինչո՞ւ է հայրենի կառավարությունը մտածում բյուջեի եկամուտները ավելացնելու մասին, երբ այն ոչինչ չի տալու այս անտեր երկրին։ Ստացվում է, որ այդ ծախսերը կազմված են այնպես, որ առավել հարմար լինեն ոչ թե ծախսելու, այլ «ուտելու» համար։