Ամեն դեպքում` սա առիթ դարձավ, որ նախընտրական քարոզչության այս փուլում քաղաքական ուժերն անդրադառնան նաեւ ղարաբաղյան խնդրին։ Բայց ինչպե՞ս։ Հանրապետականի համար դա գործնականում անհնար է, որովհետեւ ինչ էլ ասեն` մի տեսակ սիրուն բան չի ստացվում։ Խնդիրն այն է, որ իշխող կուսակցությունից ակնկալում են ոչ թե հեքիաթներ պատմել այն մասին, թե ինչպես էր, ասենք, Սերժ Սարգսյանը գնդացիրն ուսին միայնակ ազատագրում Քելբաջարը, այլ լսել, թե ինչպես է ՀՀԿ-ն պատրաստվում կարգավորել ղարաբաղյան խնդիրը (եթե հաղթի ընտրություններում)։ Հարց է ծագում` ի՞նչ պիտի ասի Սերժ Սարգսյանը։ Պատկերացրեք` հավաքվել է որեւէ մարզկենտրոնում ժողովուրդը, երեխաները դրոշներ ու փուչիկներ են ծածանում, Սերժ Սարգսյանն էլ ամբիոնից հայտարարում է. «Մենք ձգտելու ենք, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորվի մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Դրանք, ի դեպ, ենթադրում են, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից։ Հավատանք, որ փոխենք մադրիդյան սկզբունքները»։ Չէ, լավ բան չի ստացվում։ Բայց մյուս կողմից էլ` չի կարող հայտարարել, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում բանակցային գործընթացը, իսկ եթե շատ ճնշեն` գնդացիրը կշալակի ու միայնակ կգնա Բաքուն գրավելու (հետը տանելով միայն Շարմազանովին, որպեսզի Բաքուն գրավելուց հետո ասուլիս տա)։
Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ, օրինակ, ղարաբաղյան հարցում մենք եղածը պահպանելու միայն մի ձեւ ունենք` պիտի ունենանք ամուր պետություն եւ հզոր բանակ։ Բայց հզոր բանակ ունենալու համար պետք է մեծ բյուջե, մեծ բյուջե ունենալու համար` մրցունակ տնտեսություն, որ մենաշնորհներ չլինեն, օլիգարխներ չլինեն, ստվերային տնտեսություն չլինի, որ հաստավիզ գեներալները բիզնեսով չզբաղվեն, որ բանակը ժողովրդի դեմ չօգտագործվի եւ այլն։ Այսինքն` էլի սիրուն բան չի ստացվում։ Դուրս է գալիս, որ ղարաբաղյան հարցում ներկա վիճակը պահպանելու համար Հայաստանում պիտի վերացվի այն ամենը, ինչի վրա հիմնված է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Հենց սա է պատճառը, որ հանրապետականներն առանձնապես չեն խոսում ղարաբաղյան հարցի մասին։ Ասելու բան չունեն, ի՞նչ ասեն։ Նախընտրական ժամանակահատվածն իր առանձնահատկություններն ունի, չի կարելի ասել «Աղդամը մեր հայրենիքը չէ» կամ Թուրքիայի նախագահի կողքին կանգնած` ծափ տալ ու հռհռալ, երբ քո երկրի հավաքականի դարպասը գոլ են խփում։ Բայց նաեւ ռազմահայրենասիրական ելույթներ ունենալ չի կարելի, որովհետեւ մեկ էլ տեսար` միջազգային կառույցները մատ թափ տվեցին ու մի երկու ցուրտ խոսք ասացին ընտրությունների մասին։ Այնպես որ` ճիշտը բանակի մարտունակության մասին վերացական դատողություններ անելն ու Նժդեհի մասին խոսելն է։ Անշառ թեմաներ են, եւ որեւէ մեկը չի առարկի։
Տարօրինակն այն է, սակայն, որ հասարակությանը նույնպես ղարաբաղյան կարգավորման հեռանկարն առանձնապես չի հետաքրքրում։ Իրավիճակը այստեղ հետեւյալն է. պետության առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրն այսօր ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունն է, իսկ հասարակության թիվ մեկ խնդիրը` սոցիալական վիճակը։ Քաղաքական ուժերը, հասկանալի է, պիտի ավելի շատ խոսեն հասարակությանը հուզող հարցերի մասին, որովհետեւ նրանց ընտրողների ձայներն են պետք, բայց դա վերաբերում է բոլորին` բացի ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։ Սերժ Սարգսյանը նաեւ պետության ղեկավարն է եւ պարտավոր է զեկուցել նաեւ պետության առջեւ կանգնած կարեւորագույն խնդրի, այսինքն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Եվ պարտավոր է զեկուցել շատ կոնկրետ. «եթե մենք հաղթենք, հարցը լուծվելու է այս-այս-այս շրջանակներում, այս-այս-այս տարածքները չենք զիջելու ոչ մի դեպքում» եւ այլն։ Վերջին հաշվով` եթե ժողովուրդն ընտրություն է կատարում, պիտի ընտրություն կատարի նաեւ ղարաբաղյան կարգավորման տարբերակների միջեւ։