02.05.2017 10:03 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ճորտատիրության օրը

Երեկ մայիսի 1-ն էր։ Տոն, որը միշտ մեզ հետ չէ։ Դե յուրե` աշխատավորների տոնն է, դե ֆակտո` գրեթե ոչ մեկի տոնը, քանի որ այդ օրը, որպես կանոն, ամբողջ աշխարհում աշխատավորները փողոց են դուրս գալիս, գործադուլ են անում, պահանջներ են դնում իշխանությունների առջեւ, պայքարում իրենց իրավունքների. աշխատանքային պայմանների համար։ Մեզ մոտ ոչ մի նման բան չկա։ Իսկ չկա, քանի որ աշխատավորը մեզ մոտ ասոցացվում է ճորտի հետ, որի հետ կարելի է ուզածի պես վարվել։

Երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մայիսի 1-ի կապակցությամբ. «Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է։ Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ»։ Ամբողջ տեքստը չենք մեջբերում, մնացածներն էլ են գեղեցիկ խոսքեր։

Հիմա տեսնենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում Սերժ Սարգսյանի արտահայտությունները։ Մարդկային արժանապատվություն, փոխադարձ հարգանք, արդար վաստակ, խաղաղ աշխատանք։ Այս արտահայտություններն արվում են այն ժամանակ, երբ երկրում դեռ թնդում է ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի ձայնագրության սկանդալը։ Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակը հավաքել էր իր ճորտերին... եկեք իրերն իրենց անուններով կոչենք. նրանք ճորտեր են։ Սա ոչ թե վատ իմաստով ենք ասում, կամ` այդ սուպերմարկետների աշխատակիցներին վիրավորելու նպատակ ունենք, այլ` պարզապես ամրագրում ենք նրանց կարգավիճակը։ Ճորտի կարգավիճակը։

 ՎԱՍԱԼՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

 Ո՞վ է ճորտը։ Դասական առումով, ճորտատիրոջը պատկանող անազատ մարդ։ Հայաստանում այսօր աշխատավորներն այդ կարգավիճակով են։ Նրանք աշխատում են, աշխատավարձ են ստանում եւ այսքանով էլ ավարտվում են նրանց իրավունքները։ Գործադուլի իրավունք չունեն, բողոքելու, իրենց աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հանդես գալու` նույնպես։ Ավելին, նրանք իրավունք չունեն նաեւ չկատարել գործատուի, իմա` ճորտատիրոջ, ֆեոդալի հրամանները, կապ չունի, օրինական, թե՞ ապօրինի, տրամաբանական, թե՞ շիզոֆրենիկ բնույթի։ Եթե որեւէ գործատուի խելքին փչի, որ աշխատավորը պետք է մի ոտքի վրա ոստոստալով մտնի աշխատանքի վայր, ստիպված պետք է կատարեն։ Եթե ճորտը բնակության վայրով էր ամրագրված ճորտատիրոջը, ապա մեզ մոտ` աշխատանքի վայրով։

Սա հատկապես ցայտուն երեւում է տարբեր կարգի ընտրությունների ժամանակ։ Թագավորը, իշխանը, ցարը ճորտատերերին, այսինքն` օլիգարխներին, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին է հրաման արձակում. որ ժամանակը եկել է, ամեն մեկդ ձեր ճորտերի հետ աշխատեք, առավելագույն ձայն բերեք։ Դրանից հետո ճորտատերերը սկսում են այդ հրամանը կատարել։

Դիցուք, ՍԱՍ-ի Արտակը հավաքում է նրանց եւ քննություն կատարում, թե ով, ինչպես է իր հրամանը կատարել եւ իր համար ձայներ բերել։ Կախված աշխատակիցների կատարած աշխատանքից, ճորտատերը վերջում վճիռներ է կայացնելու. մեկին հեռացնելու է, մյուսին` Փարիզ է ուղարկելու, երրորդին` մի քիչ ավելի շատ ազատություն է տալու։

Մենք այստեղ չենք տեսնում գործատու-աշխատավոր հարաբերություններ։ Այդ հարաբերությունները խարսխված չեն այնպիսի կարեւոր պայմանների վրա, ինչպիսիք են` աշխատանքային պայմանագիրը, մարդկային արժանապատվությունը։ Սա խոր միջնադար է` պարուրված տգիտությամբ, սեփական ապագայի համար վախով, մարդուն նվաստացնելու, նրա մեջ ցանկացած ազատ միտք, ստեղծագործ ջիղ սպանելու իրողությամբ։

ՍԵՐ ԵՎ  ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ճորտատերերը` ՍԱՍ-ի Արտակը, Սամվել Ալեքսանյանը, դպրոցի տնօրենները, իրենք էլ են ճորտ, պարզապես` մի դաս բարձր կարգավիճակով, նրանք էլ թագավորի ճորտերն են։ Նրանք էլ ազատ չեն։ Ոնց իրենք են վարվում իրենց ճորտերի հետ` աշխատակիցների, ուսուցիչների, պետական ապարատի չինովնիկների հետ, նույն կերպ էլ նրանց հետ թագավորն է վարվում։ Ամեն վայրկյանին այդ բարձր կարգի ճորտերից ցանկացածին թագավորը կարող է ունեզրկել, կարգազրկել, եղած-չեղածը խլել, դա նվիրել ուրիշին։ Մենք արդեն բազմիցս ենք նման բան տեսել։ Անուններ չենք տալիս։

Մեր հարգելի գործընկեր Արամ Աբրահամյանը` օլիգարխների, գործարարների կողմից ամեն գնով մանդատ ստանալու մոլուցքը բացատրել էր նրանով, որ մանդատը «պրեստիժ» է։ Այսինքն,  մանդատը ցույց է տալիս գործարարի հեղինակության չափը։ Դա այդպես է, բայց միայն դա չէ պատճառը։ Այդ մանդատը նաեւ թագավորին իր հավատարմության չափը ցույց տալու ճանապարհն է։ Այդ մանդատը պետք է, որ խորհրդարանում ցույց տա, թե որքան պատրաստակամ է ծառայել թագավորին, հանուն թագավորի ինչերի է պատրաստ։ Այսինքն. իր եւ իր բիզնեսի անվտանգության հարցն է լուծում` թագավորին սիրաշահելու գնով։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30