28.06.2013 18:03 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Օֆշորահանքերի գեներալները

Օֆշորային սկանդալում նոր փաստեր են ի հայտ գալիս. Նավասարդ Կճոյանը մասնակցել է ադամանդագործական հանդիպմանը

Օֆշորային սկանդալում նոր  փաստեր են ի հայտ գալիս

Երեկ Հետաքննող Լրագրողների Hetq.am կայքը հրապարակեց օֆշորային սկանդալին առնչվող հերթական ծավալուն հոդվածը։ Հիշեցնենք, որ սկանդալում շոշափվում են գործարար Աշոտ Սուքիասյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի անունները։

«Հետքը» գրել է. «Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար, «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար, «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար։ Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը։ Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել։ Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են։ Դրանք են՝ «A.K. HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս, «BCB HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս, «STR EMERALD LIMITED» - 1400 բաժնետոմս, «WLISPERA HOLDINGS LIMITED» - 6600 բաժնետոմս,A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները։ Այստեղից երեւում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է։ Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ եւ դիմել է Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով եւ ինչպես է գրանցել ընկերությունը։ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում։

Դրանից հետո Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազին, պատճենը ուղարկել «Հետքին»` նշելով, որ ընկերությունը գրանցել է ինքը՝ «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ին։

Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության։ Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից։ Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,- գրել էր Աշոտ Սուքիասյանը։

Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ։ Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին»։

«Հետքը» զրուցել է Ռուբեն Մկրտչյանի հետ եւ մի հատված ներկայացրել այդ հարցազրույցից։

- Ե՞րբ եք եղել Հայաստանում, եւ ինչպե՞ս է կայացել Ձեր հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Ովքե՞ր են եղել այդ հանդիպմանը, խնդրում ենք նշել անունները։ Ո՞վ էր կազմակերպել հանդիպումը, ե՞րբ է այն տեղի ունեցել։

- Հայաստանում եղել եմ երկու անգամ։ Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել։ Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ։ Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին։ Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր։ Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը։ Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը եւ Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես եւ իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից։ Զրուցել ենք Սիերա Լեոնեի եւ նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին։ Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան։ Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն եւ ֆինանսներ ունի։ Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն։ Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս։ Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի։ Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի։ Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո։ Բայց նա որեւէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց։

Այնուհետ «Հետքը» նշելով, թե ինչպես է սկսվել ադամանդագործության զարգացման պատմությունը, ներկայացրել է ՀՀ կառավարության կայքում տեղադրված մի տեղեկատվություն. «Ուրբաթ, 7 նոյեմբեր 2008։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ։ Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համագործակցությունը։

Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնեի Հանրապետության նախագահի հետ, ով եւս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու՝ «Western mines company» ընկերության մտադրությունը եւ նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը։ Սիերա Լեոնեում ոսկու եւ ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության եւ ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար»։

Կառավարության կայքում այս հանդիպման մասին տեղեկատվությունն առանց լուսանկարի է։ Իսկ ահա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այս տեղեկատվությունը հրապարակված է լուսանկարով։ Լուսանկարում այս պատվիրակության հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Աշոտ Սուքիասյանը (նկար 1)։ Այս նույն անձին` Շերմոն Սիսիին, Աշոտ Սուքիասյանը լիազորագիր է տվել «A.B.S. GLOBAL LIMITED»-ի գործերով որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալու, որի վերաբերյալ «Հետքի» տրամադրության տակ է նոտարով հաստատված փաստաթուղթ։

«Փաստորեն, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ։ Հենց այս հանդիպումից հետո է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն։ Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում։

Անհասկանալի է, թե «Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ։ «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել։ Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաեւ վարկային այս պատմությունը։

Անհասկանալի է նաեւ, թե ինչու Փայլակ Հայրապետյանի փաստաբաններն առայսօր բանկի դեմ դատական հայց չեն ներկայացրել, քանի որ կեղծիքներ կան բանկի իսկ կազմած բիզնես ծրագրում։ Ըստ երեւույթին, այս վարկի համար ինչ-որ մեկը բանկում բարեխոսել է։

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են տալ իրավապահները։ Աշոտ Սուքիասյանը միայն «Ամերիաբանկից» չէ, որ վարկ է վերցրել։ Նա 4,5 մլն դոլար վարկ է ստացել նաեւ «Պրոմեթեյ» բանկից։ Օֆշորային ընկերություններից փոխանցումներ կան նաեւ դեպի «Պրոմեթեյ» բանկ»,- եզրափակել է «Հետքը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31