15.11.2016 10:09 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Համակարգված թալանի փրկիչը

Ո՞ւմ է ուզում փրկել Կարեն Կարապետյանը

Ո՞ւմ է ուզում փրկել Կարեն Կարապետյանը

Բավականին գրագետ կազմակերպված փի-առի արդյունքում այսօր հասարակության որոշակի հատվածը նոր կառավարության ու վարչապետի գործունեությունը գնահատում է մոտավորապես այսպես. տարիներ շարունակ կիսագրագետ պաշտոնյաներն ու օլիգարխները թալանում էին երկիրը, իսկ հիմա հայտնվել է «խելքը գլխին, աշխարհ տեսած, նորմալ կրթություն ստացած» մի պաշտոնյա ու փորձում է շտկել իրավիճակը։

Եթե հարցը դիտարկենք պաշտոնյաների անձնական որակների հարթության մեջ` սրանում գուցեեւ ճշմարտության հատիկ կա, բայց արդյո՞ք կարելի է հարցը պաշտոնյաների անձնական որակների հարթության մեջ դիտարկել։ Պարզ ասած` արդյո՞ք տարիներ շարունակ «առանձին անհատներն» են թալանել երկիրն ու միլիարդներ դիզել, թե՞ այնուամենայնիվ լավ մշակված համակարգ է գործել։

Բանն այն է, որ «առանձին անհատները» երկիրը թալանում էին ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ անկախության առաջին տարիներին, բայց այդ ամենը համակարգված բնույթ է ստացել Ռոբերտ Քոչարյանի օրոք։ «Գաղափարը» մոտավորապես սա էր։ Քանի որ Հայաստան մտնող փողը (իսկ «փող» ասելով իշխանությունները միայն տարադրամը նկատի ունեին) երկու աղբյուր ունի` հանքարդյունաբերությունն ու դրսից ուղարկվող տրանսֆերտները, պետք էր երկու հարց լուծել։ Առաջին` արագ «իրենցով անել» բոլոր հիմնական հանքավայրերը, եւ երկրորդ` մենաշնորհներ սահմանել ներկրվող հիմնական ապրանքատեսակների վրա, որպեսզի դրսից փող ստացող ՀՀ քաղաքացիներն այդ փողը ոչ թե «պատահական մարդկանց» տան, այլ իրենց նշանակած մոնոպոլիստներին։

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մի քանի տարիների ընթացքում երկու խնդիրներն էլ հաջողությամբ լուծեցին, ու արդեն կարելի էր մտածել «հասույթն» ավելացնելու մասին։ Լավագույն տարբերակը հայկական դրամն արժեւորելն էր, որովհետեւ դա կտրուկ կավելացներ ներկրողների շահույթները։ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը փայլուն կերպով լուծեց նաեւ այս հարցը` մի քանի տարիների ընթացքում երկու անգամ արժեւորեց դրամը, իսկ «օպերացիայի» համար անհրաժեշտ կանխիկ դոլարի հարցը լուծեց ամենապարզ ձեւով` վաճառեց ոսկու պաշարները, եւ վերջ։

Եկամտի հաջորդ լուրջ աղբյուրը գազն էր։ Պետք էր ընդամենը այնպես անել, որ Ռուսաստանից ստացվի էժան գազ, ուղիղ կրկնակի թանկ վաճառվի սպառողներին, ընդ որում` Ռուսաստանին վճարվի ոչ թե «քյաշ փող», այլ գույք։ Այդ խնդիրը նույնպես լուծվեց, ու «կյանքը վայելելու» համար իշխանություններին մնում էր միայն մի «մանրուք»` այնպես անել, որ հանկարծ իշխանափոխություն տեղի չունենա։ Բայց եթե փողը կա` դա պրոբլեմ չէ։ Ոստիկանություն, հատուկ ծառայություններ, «հաճախորդ» կուսակցություններ, թաղային հեղինակություններ, զինված բանդաներ, ընտրակեղծիքներ իրականացնող շրջիկ խմբեր եւ այլն, ու հարցը լուծվեց։ Մեխանիզմն աշխատում էր (ու մինչեւ հիմա էլ աշխատում է) համեմատաբար անխափան` երկիրը դարձել է մի մեծ հանքավայր ու փող է բերում, դրսից գումարները գալիս են, մենաշնորհները գերշահույթներ են ապահովում, ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու շանսերն էլ գործնականում զրոյական են։ Միակ պրոբլեմն այն է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, ու նոր պատերազմի վտանգն էլ ավելի ու ավելի իրական է դառնում։

Հիմա խնդիրը հետեւյալն է` «փրկիչ» Կարեն Կարապետյանը մոտ 15 տարի շարունակ հաջողությամբ գործող այս համակարգի ձեւավորմանը մասնակցե՞լ է, թե՞ կապ չի ունեցել դրա հետ։ Թարսի պես` ոչ միայն մասնակցել է, այլեւ առանցքային դերակատարում է ունեցել։ Եթե «նեղ կռուգով» (ասենք` 10-15 հոգով) որեւէ լուրջ հարց են քննարկել, այդ 10-15-ից մեկն ինքն է եղել։ Պարզապես այնքան խելք է ունեցել, որ իրեն մյուսներից ավելի համեստ է պահել, ջիպերի շարասյունով չի շրջել, թիկնապահների բանակ չի ունեցել եւ այլն։ Իր համար «գլուխը կախ» մուլտիմիլիոնատեր է դարձել` երեւի հոգու խորքում վստահ լինելով, որ վաղ թե ուշ իր այդ կերպարը պետք կգա համակարգին։ Եվ պատկերացրեք` չի սխալվել։ Համակարգը պրոբլեմների առջեւ է հայտնվել, ու նա եկել է փրկելու նրանց, ում հետ տարիներ շարունակ 10-15 հոգով որոշումներ էին ընդունում, թե ինչպես ավելի արդյունավետ թալանեն երկիրը։

Իսկ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե նա եկել է իրե՛նց փրկելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30