31.01.2013 15:54 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խիարի փիլիսոփայությունը

Ինչպես էր բուսնում խիարը

Ինչպես էր բուսնում խիարը

Տավուշի մարզի Մովսես գյուղում Սերժ Սարգսյանի եւ տարեց մի գյուղացու միջեւ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել։ Ուրեմն` Սերժ Սարգսյանը մոտենում է գյուղացուն եւ հարցնում. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»։ «Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»։ «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր գնային»։ «Եթե զավոդ լիներ, աշխատեին` չէին գնա»։ «Գյուղում զավոդ լինե՞ր»։ «Հա»։ «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»։

Համաձայնվեք` իսկապես ֆանտաստիկ երկխոսություն է։ Անհայտ գյուղացին երկու նախադասությամբ ջախջախում է Սերժ Սարգսյանի «պետական կառավարման հայեցակարգը», իսկ սա ընդամենը ինչ-որ անհեթեթ արդարացումներ է փնթփնթում` իբր արտագաղթի պատճառը ոչ թե իշխանությունների վատ աշխատանքն է, այլ այն, որ գյուղացիները սխալ են մտածում (դրա համար էլ «խիարը թարս ա բուսնում»)։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը սխալ է օգտագործում ժողովրդական խոսքը. ոչ թե «խիարը թարս ա բուսնում», այլ «խիարը ծուռ ա բուսնում» («թարս» բուսնել չի կարող)։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը Սերժ Սարգսյանի սխալ պատկերացումն է արտագաղթի պատճառների մասին։ Նրա կարծիքով` գյուղացիները պիտի սուսուփուս հող մշակեն, գլուխները կախ «յոլա գնան», գոհ լինեն, որ սովից չեն մեռնում, ու չերազեն «զավոդի» մասին։ Իսկ այդ սրիկաները (ինչպիսի չտեսնված լկտիություն) ուզում են «զավոդում» աշխատել ու աշխատավարձ ստանալ, եւ եթե չի ստացվում` դավաճանաբար թողնում-գնում են Ռուսաստան։

Տեսնես ինչո՞ւ այդ անպետքները չեն ուզում հող մշակել։ Որովհետեւ դա եկամտի աղբյուր է միայն այն դեպքում, եթե շատ ես մշակում, այսինքն` կարողանում ես բերքը վաճառել եւ տարեկան գոնե մեկ միլիոն դրամ մաքուր շահույթ ստանալ (ամիսը 80 հազար դրամ)։ Բայց վառելիքը թանկ է, պարարտանյութերն ու թունաքիմիկատները թանկ են, տեխնիկայի վարձակալությունը թանկ է, տրանսպորտը (ապրանքը շուկա հասցնելու համար) թանկ է, շուկայում «տեղի համար» պիտի ավելի շատ վճարի, քան իր ապրանքի գինն է եւ այլն։ Ուրիշ բան, եթե տեղում վերամշակող գործարաններ լինեին, բայց Սերժ Սարգսյանն, ինչպես արդեն տեսանք, «զավոդը» համարում է սխալ մտածողություն։ Բացի այդ էլ` «զավոդին» ինչ-որ բան հանձնելու համար նախ պիտի ստեղծել այդ ինչ-որ բանը, իսկ դրա համար գումար է պետք։ Կոպիտ ասած` գյուղացին 5 միլիոն դրամի բերք ստանալու համար նախ պիտի ծախսի 4 միլիոն։ Որտեղի՞ց վերցնի։ Բանկերն, ինչպես հայտնի է, վարկեր տրամադրում են խայտառակ բարձր տոկոսներով, անպայման գրավի դիմաց, ժամկետը լրանալուն պես էլ գալիս ու խլում են գյուղացու ունեցվածքը։

 Հիշո՞ւմ եք` Սերժ Սարգսյանը կոչ էր անում «կանգնել գյուղացու կողքին»։ Հազարավոր մարդիկ հավատացին, ոգեւորվեցին, ինչ ունեին-չունեին` գրավ դրեցին ու վարկեր ստացան։ Եվ ի՞նչ։ Պարզվեց, որ Սերժ Սարգսյանի, վարչապետի ու նախարարների նպատակը գյուղացու կողքին կագնելը չէր, ընդամենը բանկերի համար «կլիենտ կպցնելն» էր։ Ըստ երեւույթին դա Տիգրան Սարգսյանի գաղափարն էր, որովհետեւ նա ընդհանրապես ինչ անում է` բանկերի համար է անում, եւ նրա ընդունած ցանկացած որոշման արդյունքում բանկերը շահում են, մյուս բոլորը` տուժում։ Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ է հիմա Սերժ Սարգսյանը խեղճուկրակ գյուղացու վրա մուննաթ գալիս` «ո՞ւր է, որ հող եք մշակում, լա՛վ, էլի»։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նա պիտի Տիգրան Սարգսյանի վրա մուննաթ գար` «բանկերին բյուջեից փող տվեցինք, որ գյուղացիներին վարկավորեն, վարկերի տոկոսների մի մասը բյուջեն է վճարում, բա ինչո՞ւ գյուղացիները հող չեն մշակում»։ Բայց նա, իհարկե, նման հարց չի տա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իրենք վառելիքի ներկրումից էլ փայ ունեն, պարարտանյութերի ու քիմիկատների ներկրումից էլ, բանկերից էլ։

Վերջին հաշվով` Սերժ Սարգսյանին պետք չէ, որ գյուղացին հող մշակի։ Նա այդ հարցն ընդամենը որպես փաստարկ է օգտագործում` «գնացեք ձեր հողը մշակեք, ինձանից ի՞նչ եք ուզում»։ Եվ իրականում հենց այս մտածողությունն է պատճառը, որ «խիարը ծուռ ա բուսնում»։ Եվ, դատելով ամեն ինչից, առաջիկայում էլ է շարունակելու «ծուռ բուսնել», որովհետեւ նույն այդ Մովսես գյուղի` Ռուսաստանում գտնվող բոլոր երիտասարդները փետրվարի 18-ին «ընտրելու են» Սերժ Սարգսյանին։ Համակարգն ամեն ինչ արել է «դեպի ապահով ընտրություններ» կարգախոսը կյանքի կոչելու համար, ու կարծես թե ստացվել է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30