17.03.2017 11:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բա ինչի՞ եք ձեզ կոտորում

ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանին հավատացողներ չկան

ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանին հավատացողներ չկան

Նախընտրական ժամանակաշրջանում փրկիչների պակաս, իհարկե, չի զգացվում։ Որտեղից որտեղ հայտնվում են հարյուրավոր «քաղաքական գործիչներ», միաբերան հայտարարում, որ այսպես շարունակել չի կարելի, ու թեւքերը քշտած` պայքարում ազգը փրկելու լիցենզիա ստանալու համար։ Ընդ որում` նրանց բոլորին միավորում է ոչ միայն ազգի նկատմամբ անսահման սերը, այլեւ բացառիկ անձնազոհությունը։

Պարզվում է` ազգը փրկելու համար նրանք պատրաստ են հրաժարվել անձնական վայելքներից ու մտնել անասելի ծանր բեռան տակ։ Մեկն ասում է, որ ինքը անձամբ ամեն ինչ ունի, եւ ինչ անում է` ժողովրդի համար է անում, մյուսն ասում է, որ ցանկության դեպքում կարող էր մնալ Ֆրանսիայում եւ վայելել կյանքը, բայց ինքնակամ եկել է ժողովրդին ծառայելու, ուրիշները «երեսով են տալիս», որ Ամերիկան թողել ու եկել են Հայաստան (հետեւաբար` երախտապարտ հայ ժողովուրդը պիտի ձայն տա իրենց), եւ այսպես շարունակ։

Անձնազոհության եւ «մեծ աշխարհի» վայելքներից ինքնակամ հրաժարվելու թեմատիկան անուղղակիորեն առկա է նաեւ ՀՀԿ քարոզչական թիվ մեկ դեմքի շուրջ ծավալվող քննարկումներում։ Մարդը, հասկանում եք, Ռուսաստանում թողել է ամսական 130-140 հազար դոլարանոց աշխատանքը ու եկել հայրենիք` երկիրը տնտեսական անդունդից ու կոռուպցիայի ճիրաններից դուրս բերելու։ Բա փրկիչները հո պոզով-պոչով չե՞ն լինում։ Ու պատկերացրեք` մարդիկ կան, ովքեր հավատում են նրան։

Բայց` ո՛չ հանրապետականները։ Հարազատ կուսակցությունում շատ լավ հասկանում են, որ այս ամենն ընդամենը նախընտրական թամաշա է, եւ ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն կարողանա անհրաժեշտ չափով «տոկոս խփել», երկրում ոչինչ չի փոխվելու։ Կամ` փոխվելու է դեպի վատը։

Այն, որ հարազատ կուսակցությունում Կարեն Կարապետյանին հավատացողներ չկան, կարելի է հեշտությամբ ապացուցել։ Տեսեք` մարդը եկել ու հայտարարում է, որ պայքարելու է կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, թույլ չի տալու, որ չինովնիկները թալանեն բյուջեն ու «պրիմիտիվ գողություններով» զբաղվեն, ապահովելու է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը եւ այլն։ Շա՛տ լավ։ Ենթադրենք` ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները հավատում են, որ մոտ ապագայում Հայաստանը հենց այդպիսի երկիր էլ դառնալու է։ Հարց է ծագում` այդ դեպքում նրանց ինչի՞ն են պետք պատգամավորական մանդատները։ Էլ ինչո՞ւ են նրանք «բանուգործը թողած` իրար կոկորդ կրծում ու միլիոնավոր դոլարներ ծախսում խորհրդարանում տեղ ունենալու (կամ գործադիրում պաշտոն ստանալու) համար։

Պատկերացրեք այսպիսի վիճակ. Հայաստանն իսկապես դարձել է այնպիսի երկիր, որտեղ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բոլորը վճարում են հարկերը, բյուջեից գումարներ թռցնել կամ պաշտոնը սեփական բիզնեսի շահերին ծառայեցնել հնարավոր չէ, պատգամավորներն էլ զբաղվում են բացառապես օրենսդրական գործունեությամբ եւ բիզնեսները մի կողմ են դնում։ Հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում, օրինակ, ՍԱՍ-ի Արտակին, «Դերժավի Արկադին» կամ «Քլոսին» զոռով է՛լ չես համոզի, որ պատգամավոր դառնան։ Դառնում են պատգամավոր, որ ի՞նչ անեն։ Բիզնեսները թողած` գան խորհրդարանում օրենքնե՞ր գրեն (մանավանդ որ դրանից չեն հասկանում)։ Առավել եւս` չես համոզի, որ դրա համար հսկայական գումարներ ծախսեն։

Բայց հիմա այդ բոլոր «քաղաքական գործիչները» մանդատի համար կենաց-մահու կռվի են ելել ու միլիոններ են ծախսում։ Նշանակում է` նրանք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվելու, էլի պատգամավորի մանդատը հնարավորություն է տալու խուսափել հարկերից ու պետական տենդերներ շահել, էլի իրենց ազգուտակին տարբեր պաշտոններում աշխատանքի տեղավորելու հնարավորություն է տալու եւ այլն։ Այլ կերպ ասած` ՀՀԿ «ռեյտինգայինների» ցուցակը լավագույն ապացույցն է այն իրողության, որ Կարեն Կարապետյանը ժողովրդի աչքին թոզ է փչում, ու անգամ հարազատ կուսակցությունում նրան հավատացողներ չկան։

Ի դեպ, հետաքրքիր է` Կարեն Կարպետյանն ինքը կկարողանա՞ պատասխանել այն հարցին, թե եթե Հայաստանում իսկապես բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ, Շմայսի ինչի՞ն է պետք մանդատը։ Երեւի կկարողանա։ Ու կասի, որ այդ քաղաքական գործիչը մանկուց երազել է իրեն նվիրել օրենսդրական գործունեությանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30