08.06.2012 01:56 Հրանտ Մաթեւոսյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Աշխարհի վերջը չէ

Սկիզբը N 575, 580, 585

Գրողը պատասխանում է խմբագրի հարցերին
- Քո պահվածքով ասես պաշտպանության տակ ես առնում կոմկուսը։ Հայկոմկուսի դերի քո պատկերացո՞ւմն է ուրիշ, թե՞ դա արձագանք է հասարակական զանազան գոյակցությունների նկատմամբ որոշ պատգամավորների անհանդուրժողական վերաբերմունքի։

- Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մի խոսք է մնացել. «Նրան (գահընկեց արքային) բարեւողին մի՛ բարեւիր, նրան քարկոծողին սպանիր»։ Ես մեր գահընկեցներին բարեւում եմ, նրանք մեր սալի եւ մոսկովյան մուրճի արանքում միշտ ծեծվում, բայց այն էին անում, ինչի համար Կենտրոնից օրհնանք եւ մեզնից անեծք չէին ստանա։ Հայկոմկուսը հիմա մեր «ազգային փոքրամասնությունն» է, եթե մենք նրան խեթենք՝ Կենտրոնը նրան է հովանավորելու եւ ոչ թե մեզ։ Իրականում ոչ նրան է պաշտպանելու, ոչ էլ մեզ - իրականում ապահովելու է դատախազի իր ներկայությունը այստեղ։ Այդպես Արցախն է պաշտպանվում, այդպես Աբխազիան ու գագաուզներն են պաշտպանվում... եւ՝ ոչ առանց արդարամտության։ Բարի եղիր ինքդ, Մոլդովա, քո այլազգիներին չճնշել՝ ես ականջս այդ կողմ դարձնողը չեմ։ Հանրապետության համար խելացի էր լինելու ձեռք չբարձրացնել իր գահընկեց իշխանների վրա, Հայկոմկուսի համար՝ հանուն իր հանրապետության եւ ոչ թե կուսակցական նեղ շահերի՝ «չճնշվել»։ Մանավանդ որ չգիտենք ու չենք էլ կռահում, թե Կենտրոնի եւ ծայրամասի (կենտրոնների եւ ծայրամասերի) կենաց-մահու գոյապայքարի մեջ վաղվա օրով ո՛ր կուսակցությունը կամ մարդկանց ինչ խումբ, կամ ինչ երեւույթ է լինելու Կենտրոնի պլացդարմն այստեղ, գուցե Հայկոմկո՛ւսը չի լինելու, գուցե արդեն չի՛, գուցե արդեն ծայրամասն ենք ո՛չ Մոսկվայի։ Այս հայրենիքը բոլորինս է, եւ բոլորս ենք նրա պաշտպանը, եւ բոլորս գիտենք, որ նրա անկումը անկումն է բոլորիս՝ հարուստներիս եւ աղքատներիս, ձրիակերներիս եւ մշակներիս... եւ նրա կյանքը մեր հավերժությունն է։

- Մտքի, խղճի ազատությունն ու դեմոկրատիան հաց էին դառնալու ժողովրդի սեղանին, բայց առայժմ չեն դառնում։ Օբյեկտիվորեն պատճառաբանված ընթացքի արտահայտությո՞ւն է փաստական այս սովը, ինչպե՞ս է վերականգնվելու տիրոջ զգացողությունը, ինչպե՞ս է հաղթահարվելու հողի ու մարդու խորթությունը։

- Մեր իրականությունը դեռ այնքան սեւ չէ, ինչքան խոսքի երկինքը։ Սեւ մի երախ, արդեն քանի տարի, իր անցյալից բացվել ու զուտ ճշմարտություններ է զառանցում մեր օրերի վրա։ Ինչո՞ւ ես ինձ նույն սեւ գործին հրավիրում։ Ոչ պարտությունը եւ ոչ էլ մահն ինքը սարսափելի չեն, սարսափելին ցնորվելն է։ Խելագար՝ սահում ես վիճակների ու մարդկանց միջով, որ երբեւէ քո կյանքն են եղել, քիչ է մնում դարձյալ ընկալես ու կապվես, բայց չի լինում, չի լինում, իմացության սայթաքուն լանջերից վիժում ես ներքեւ՝ խելագարի քո ստորոտները, հարբեցողության, զազրախոսության, վախի ու գողության։ Ինչո՞ւ ես ինձ զազրախոսության հրապուրում։ Հարցերիդ պատասխանը չգիտեմ, գիտեմ՝ չեմ տալիս։ Պատասխանելուց առաջ երդվել էի՝ նույնիսկ քո առաջ լիովին անկեղծ չլինել, որովհետեւ խոստովանանքը խոստովանանք եւ գրականությունը խոստովանանք է, բայց ինչ անես, երբ ասված խոսքը մարմին է առնում, եւ ուրեմն պարտավոր ես սանձել քեզ, զսպել խոսքդ, կալանել ջինը, չմիանալ ուրիշ ձայների, քո վհուկները չարձակել այս վալպուրգյան գիշեր՝ որ ուրիշ քեզնից առաջ եղածների չարախոսության ոստայնն է։ Երդվել էի՝ գոնե լռել, քանի դեռ երեսպաշտությունը, «թատրոնը», «եղբայրությունը», հանդուրժելը, յոլա տանելը եւ մյուս ու մյուս աններելի մեղքերը ինձ համար իրական թշնամու եւ անկեղծությունը՝ իրական բարեկամի կերպարներ չեն առել։ Բայց չեն առնում, չեն դառնում։ Եվ երեւի թե երբեք էլ չեն դառնա, եթե երեկվա օրը, որ հյուսված էր այդ երեսպաշտությունից, «քաղաքագիտությունից» ու մյուս խաբեություններից եւ, այնուամենայնիվ, մարդկային, գոնե տանելի մի կյանք էր, եւ բազում անկեղծությունների այսօրը շատ է տգեղ - անասնությունը, ատելությունը, սպանությունը, կողոպուտը բացճակատ շրջում են հրապարակներում։ Չեմ ուզում ահա իմ սեւ խոսքով աղտոտել բացվող օրվա երեսը։ Մնացած հարցերիդ պատասխանները հետո կտամ։

 «Գրական թերթ», 01.01.1991 թ.
. 1958 - 2012, Հրանտ Մաթեւոսյան

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30