01.09.2017 09:15 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նոր պատուհասը

Մի 1000 դրամ էլ «Հյուսիս-Հարավի» համար հավաքեք

Հայաստանում կարծես թե նոր սկանդալ է հասունանում։ ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը հայտարարել է, թե իրենք 2009 թվականից հետեւում են հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքին եւ եկել են եզրակացության, որ Հայաստանն ի վիճակի չէ ավարտին հասցնել այդ ծրագիրը։ Ակնարկվել է նաեւ պատճառը՝ վարկատուները չեն կարող վերահսկել, թե ինչպես են ծախսվում այդ գումարները։

Բանն այն է, որ առայժմ կառուցվել է այդ 556 կիլոմետրանոց ճանապարհի միայն 31 կիլոմետրը, որի վրա ծախսվել է մոտ 170 միլիոն դոլար, իսկ թե որքան կարժենա ողջ ծրագիրը՝  որեւէ մեկը չգիտի։ Ամեն դեպքում՝ առ այսօր ճանապարհի մեկ կիլոմետրն արժեցել է մոտ 5 միլիոն 650 հազար դոլար, կամ՝ մեկ քառակուսի մետրը` մոտ 500 դոլար։ Շինարարական կազմակերպությունները, ի դեպ, քառակուսի մետրը 500 դոլարով առանձնատներ են կառուցում՝ ներքին հարդարումն էլ հետը, այսինքն՝ այդ գումարով հանգիստ կարելի էր ճանապարհի ամբողջ մակերեսով վիլլաներ կառուցել։ Կամ՝ ողջ ճանապարհը երեք շերտով երեսպատել բնական սրբատաշ մարմարով։

  Ինչեւէ։ Ակնհայտ է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրն իշխանությունների համար ընդամենը մեծ կերակրատաշտ է եղել, կամ՝ յուրօրինակ «օբշչակ», որտեղից անհրաժեշտության դեպքում վերցրել են՝ ինչքան պետք է։ Ընդ որում՝ շինարարությունն ավարտին հասցնելը նրանց ի սկզբանե չի հետաքրքրել։ Նրանց պարզապես մեծ գումար է պետք եղել. գումար, որը կվճարեն հաջորդ սերունդները։

Բայց մեծ գումարը գիշատիչների ոհմակի մեջ նետված մեծ մսացուի պես բան է՝ շուրջն անմիջապես ահավոր գզվռտոց է սկսվում։ Եւ ավելի ագրեսիվ «առանձնյակները» հրմշտելով քշում են մյուսներին։ Չի բացառվում, որ նաեւ սա էր տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեջտեղից հանելու պատճառը (երեւի «տեղը չէր բերել» ու իր հասանելիքից մեծ կտոր էր թռցրել), Հովիկ Աբրահամյանին տուն ճամփելու պատճառը (նա համարձակվել էր դժգոհություն հայտնել ծրագրի կատարման ընթացքից, ինչը Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի ընկալեր որպես փայ ուզելու կամ ունեցած փայը մեծացնելու փորձ), եւ այլն։

 Սերժ Սարգսյանը սովորաբար հենց այդպես էլ վարվում է. անընդհատ պահանջում է պայքարել մանր-մունր թալանչիների դեմ, բայց հենց որ խոսքը մեծ գումարի մասին է լինում՝ խառնվում է իրար։ Հիշո՞ւմ եք նրա պահվածքը, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե պետական ծախսերի 70 տոկոսը (այսինքն՝ մոտ 700 միլիոն դոլարը) կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Սերժ Սարգսյանը կատաղեց, փրփրեց, հայտարարեց, թե դա բացահայտ կեղծիք է, պահանջեց, որ դատախազությունը զբաղվի (ենթադրաբար՝ առաջին, հերթին Իշխան Զաքարյանով), եւ այլն։ Չէ՞ որ երկրում չի կարող 700 միլիոն դոլար թալանվել առանց առաջին դեմքի գիտության եւ «գործուն մասնակցության»։

Բայց հյուսիս-հարավ մայրուղու դեպքում վիճակն այլ է։ Սկանդալը կարող է միջազգային բնույթ ստանալ, որովհետեւ նախ՝ ճանապարհը կարծես թե ռազմավարական էր ու պիտի Իրանը կապեր Վրաստանի հետ (եւ ոչ թե, ասենք, Ծաղկաձորը՝ Աղվերանի), եւ երկրորդ՝ գումարների հիմնական մասը  հատկացրել էր Զարգացման ասիական բանկը։ Իսկ Սերժ Սարգսյանն այս անգամ չի կարող սովորության համաձայն ամեն ինչ բարդել կառավարության վրա. Կարեն Կարապետյանի կառավարությունը պարզապես չի վերցնի այդ թալանի պատասխանատվությունը եւ կհրաժարվի շարունակել մի գործ, որի համար փող չկա, նախկին վերցրածի հետքերն էլ չեն երեւում։ Իսկ նախկիններին դատել չի ստացվի. մեկ էլ տեսար՝ ցուցմունքներ տվեցին։

Իսկ ի՞նչ պիտի անի այս իրավիճակում Սերժ Սարգսյանը։ Առանձնապես ոչինչ։ Ռուսները չեն բարկանա (Վրաստանն Իրանին կապող ճանապարհը նրանց ընդհանրապես պետք չէ), երկրի ներսում վախենալու բան չունի (բացահայտված թալանի առաջին դեպքը չէ), վարկերն ինքը չի փակելու, այնպես որ՝ ճանապարհ է, թող կիսատ մնա։ Փողը պրծել է, եւ վերջ։ Ժողովրդին պետք է՝ թող հազարական դրամ հավաքի, ճանապարհը սարքի։ «Ազգ-բանակի»  նման։

՝ սույն օրինագիծը խորհրդարանը կընդունի առանց էական լրամշակումների։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30