18.05.2018 06:13 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Պաշտոնի պերճանքն ու թշվառությունը

Տարիներ առաջ ՀՀՇ-ի ղեկավար դեմքերից մեկը զրույցի ժամանակ ինձ պատմում է, որ երբ 1990թ. Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություններից հետո ստանձնեցին իշխանությունը, մի կաբինետ էլ իրեն էին տվել։ Այդ օրերին ժողովրդական մեծ ոգեւորություն կար, տոնական մթնոլորտ, բոլորը բոլորին շնորհավորում էին, Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվել է ՀՀ ԳԽ-ի նախագահ։ Լավատեսություն կար, մեծ ակնկալիքներ։

Եվ ահա անցնում է մեկ-երկու շաբաթ, եւ աստիճանաբար իշխանություն ստանձնածները թաղվում են գործերի մեջ։ Զրուցակիցս պատմում է, որ իր աշխատասենյակի մոտ՝ պաշտոն ստանալուց մի քանի օր անց, արդեն մեծ հերթ էր գոյացել. տասնյակ մարդիկ հնարավոր եւ անհնար բոլոր հարցերով իրեն էին դիմում։ Մի մասը՝ հիմնականում ծանոթ, բարեկամ, քուչեցի, ինչ-որ պաշտոն, աշխատանք էին խնդրում, կամ՝ ավտոտնակ կառուցելու, սեփական բիզնեսի համար ինչ-որ թույլտվություն, պարտքով փող ուզողներ էլ էին լինում, շատ քաղաքացիներ դիմում էին, որ էժանով վարկ վերցնեն, հարեւանի երկրորդ դուռը փակել տային, տղայի հոդվածը մեղմացնեին եւ այսպես շարունակ։ Ամեն օր, տասնյակ մարդիկ։ Պատմում է, թե արդեն փոշմանել էր, որ պաշտոն է ստացել. ամենահետաքրքիրն այն է, որ այն մարդիկ, ում խնդրանքները, պահանջները հնարավոր չէր բավարարել կամ ինչ-որ լուծում տալ, նեղանում էին, խռովում, իրեն ապերախտ համարում։ Մի քանի բարեկամ երկար տարիներ չէին էլ բարեւում։ Սա էլ` պաշտոնի հակառակ երեսը։

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԲԵԹՄԵՆԻՆ

Մոտավորապես նման օրեր են սպասվում նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին։ Այսինքն, արդեն եկել են այդ օրերը։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին համաժողովրդական աջակցության հսկայական ռեսուրս ունի։ Բայց հանրության մի մասը առ այսօր էյֆորիայի մեջ է. նրանք մտածում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ շարժման միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ստիպել, որպեսզի իրեն վարչապետ ընտրեն, ուրեմն՝ նա ամենազոր է։ Իսկ եթե ամենազոր է, ուրեմն՝ ցանկացած հարց կարող է լուծել։

Դա, իհարկե, հետո վերածվում է հիասթափության։ Երբ պարզվում է, որ  Նիկոլ Փաշինյանը Բեթմենը չէ, ոչ էլ՝ Սուպերմեն է։ Ով ինչ ակնկալիք, խնդիր ունի, սպասում է, որ մի օրում դա կլուծվի։ Ու իրենց հաշիվ չեն տալիս, որ ամեն հարց չէ, որ կարելի է զանգի կամ հեղինակության հաշվին լուծել, որ կան խնդիրներ, որոնք լուծելը ժամանակ են պահանջում, որ ընթացք տալու համար դրանք պետք է տարբեր կառույցներով, գերատեսչություններով անցնեն եւ այլն։

«Սասնա ծռերի» պատմությունը առավել ցայտուն օրինակն է։ Պահանջում են, որ խմբի անդամներին բաց թողնեն։ Վերջ։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա դատարան, կանգնի ու դատավորին հրամայի՝ բաց թող։ Սա են պահանջում։ Հետո՞ ինչ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, այլ ոչ թե՝ փադիշահ։ Առանց այն էլ, նոր իշխանությունների դիրքերն առայժմ խախուտ են, հազար ու մի կողմից հարվածելու են, դեռ  հին իշխանությունները շատ լուրջ մարդկային, ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ ունեն՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի դիրքերը թուլացնելու համար։

ՀԵՐԹԸ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻՆՆ Է

Այս առումով մեծ գործ արած կլիներ Գարեգին Չուգասզյանը։ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ վերջինիս ազատ են արձակել։ Դա առավելագույնն է, ինչ հնարավոր էր այս իրավիճակում անել։ Բայց ցավոք՝ Չուգասզյանն էլ է սխալ ընկալել այդ ժեստը. փոխանակ «Սասնա ծռերի» անդամներին եւ նրանց համակիրներին կոչ անի, որ սատարեն նոր իշխանություններին, համբերություն ունենան, մինչեւ նոր իշխանությունները կկարողանան երկրում օրինականություն հաստատելու ուղղությամբ կարեւոր քայլեր անել, դատաիրավական համակարգը խելքի բերել, ինչը թույլ կտա օբյեկտիվ եւ արդար մոտեցում ցուցաբերել բազմաթիվ վիճահարույց գործերի հանդեպ, ճիշտ հակառակն է անում. հացադուլ է հայտարարում, ճանապարհներ են փակում։ Պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը օրենք խախտի։ Միչդեռ Գարեգին Չուգասզյանը պետք է ղեկավարի այդ զանգվածը եւ իր գործողություններում առաջնորդվի այն իրողություններով, որոնք առկա են, հասկանա, որ նման քայլերը միայն հարվածում են նոր իշխանություններին։

Արդյունքում՝ «Սասնա ծռերի» համակիրների գործողությունները բումերանգի էֆեկտ ունեցան։ Մեր հանրության մեծ մասը քննադատության ենթարկեց նրանց քայլերը, փողոց փակելը, նման ուլտիմատիվ տոնով պահանջներ ներկայացնելը։ Ի դեպ, վերջին դատավարությունում Վարուժան Ավետիսյանի ելույթն էլ շատ վատ արձագանք ստացավ հանրության շրջանում։ Այնպես որ, պաշտոն ստանալու եւ ակնկալիքների անհամապատասխանության ակտիվ փուլ մտանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30