Լավ, իսկ ո՞րն է այդ «30 վայրկյանանոց հեղափոխության» էությունը։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. եթե մարդը վախենում է բացահայտորեն հակադրվել ռեժիմին (կարող է կորցնել աշխատանքը, կարող են նեղել ընտանիքի անդամներին եւ այլն), պիտի ձեւացնի, թե մանկուց երազել է ձայն տալ ՀՀԿ-ին, իր կյանքի միակ նպատակը Լիսկային ու Շմայսին խորհրդարանում տեսնելն է, բայց հետո պիտի գնա ընտրությունների եւ ձայն տա` ում ուզում է։ Եթե աշխատանքի վայրում մարդուն առաջարկում են հանրապետական դառնալ, խնդիր չկա, թող դառնա (անդամատոմսը սեղանի ճոճվող ոտքի տակ դնելու համար շատ հարմար է), եթե պարտադրում են գնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, ու մերժելը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ` խնդիր չկա, թող գնա ու նույնիսկ դրոշակներ ճոճի, բայց դա ոչ մի կապ չունի քվեարկության հետ, որովհետեւ քվեախցիկում մարդն առնվազն 30 վայրկյանով լիակատար ազատության մեջ է եւ ում ուզենա` նրան էլ կընտրի։ Փաստորեն` հենց այս 30 վայրկյանն է, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարող վերահսկել, ու հենց դա է նրանց խուճապի պատճառը։ Վերահսկելու հնար իսկապես չկա. նույնիսկ քվեարկած թերթիկը բջջայինով լուսանկարելու եւ հետո «վերակացուներին» ցույց տալու պահանջը կարելի է հեշտությամբ շրջանցել։ Օրինակ` կարելի է սովորական սեւ թելից կամ մետաղալարից «պտիչկա» սարքել, դնել համապատասխան վանդակի վրա, լուսանկարել, հետո «պտիչկան» դնել գրպանը եւ քվեարկել` ում ուզում ես։
Հիմա` այն մասին, թե ինչո՞ւ է «30 վայրկյանանոց հեղափոխության» անհրաժեշտություն առաջացել, ինչո՞ւ չի կարելի, ասենք, բացահայտորեն հրաժարվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին մասնակցելուց կամ ընտրակաշառք վերցնելուց։ Որովհետեւ այս իշխանությունները դա ընկալում են որպես բացահայտ ապստամբություն։ Ընտրակաշառքից հրաժարվողը նրանց համար բացահայտ թշնամի է, որովհետեւ եթե հրաժարվում է` ուրեմն «միտքը ծուռ է», ուրեմն պատրաստվում է ձայն տալ ընդդիմությանը։ Իրենք հնար ունենային` բոլոր այդ հրաժարվողներին կոչնչացնեին, բայց եթե չոչնչացնեն էլ` մի ձեւով մի վնաս կտան։ Ճիշտ այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում էին բանտարկում բոլոր նրանց, ովքեր լավ չեն լացել Կիմ Չեն Իրի մահվան բոթը լսելիս։ Ռեժիմին հո այդ խեղճուկրակների արցունքնե՞րը չէին պետք։ Պարզապես ով լավ չէր լացում` ընկալվում էր որպես ռեժիմի պոտենցիալ թշնամի։ Ճիշտ նույն վիճակն է նաեւ Հայաստանում։ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք, որ հարյուր հազարավոր մարդիկ դառնան հանրապետական։ Բայց ում կարողանում` պարտադրում են, եւ ով դիմադրում է` ընկալվում է որպես ռեժիմի թշնամի։ Այսինքն` տվյալ դեպքում հասարակությունը գործ ունի երկիրն օկուպացրած ռեժիմի հետ, որը, բնականաբար, անընդհատ փորձում է հայտնաբերել պոտենցիալ ապստամբներին եւ ինչ-որ ձեւով վնասազերծել։ Այստեղից էլ` ծպտված պայքարի անհրաժեշտությունը։
Բայց վերադառնանք բարոյականության խնդիրներին։ Ենթադրենք, մեկը` խեղճուկրակ մի մարդ, ով գիշեր-ցերեկ աշխատում է ինչ-որ օլիգարխի «օբյեկտում», ամսական ստանում իր 60 հազար դրամը ու դրանով մի կերպ ընտանիքի ցամաք հացն ապահովում, ուզում է քվեարկել ընդդիմության օգտին, բայց գիտի, որ եթե այդ մասին իմանան` հաստատ գործից կհանեն։ Հիմա որքանո՞վ է բարոյական ստիպել այդ մարդուն, որ հրապարակավ հայտարարի, թե ընդդիմության կողմնակից է։ Ավելին. օրենքը պահանջում է, որ քվեարկությունը լինի փակ-գաղտնի, ու նպատակը հենց այն է, որ ընտրողի կամքը ոչնչով կաշկանդված չլինի։ Օրենքը չի ասում, չէ՞, թե «հինգհազարամյա հայ ժողովուրդը քաջ է ու կորովի, ինչո՞ւ պիտի մարդիկ թաքցնեն իրենց ընտրությունը, թող տղամարդու նման բաց քվեարկեն»։ Իշխանություններն իրականում հենց նրանից են սարսափում, որ ընտրողները տղամարդու նման կօգտվեն իրենց 30 վայրկյանանոց ազատությունից։ Ու դրա դեմն առնելու ձեւն առայժմ չեն գտել։