16.12.2016 09:04 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատերազմի օգուտները

Պալատական մտավորականների զորահավաքը

Պալատական մտավորականների զորահավաքը

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը գնացել էր Ղարաբաղ ու հենց այնտեղ էլ հանդիպել Հայաստանից ժամանած մշակույթի գործիչների հետ։ Ու հենց այդ հանդիպման ընթացքում էլ մշակույթի գործիչների ֆոնին իր զինվորական համազգեստով կտրիճավարի փայլող Սերժ Սարգսյանը մի թեթեւ մուննաթ եկավ նրանց վրա` հայտարարելով, թե եթե հուլիսին մշակույթի գործիչները հրապարակավ դատապարտեին «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները, իրենք` իշխանությունները, ավելի հեշտ կլուծեին այդ հարցը։

Այս փոքրիկ դրվագը բացահայտում է, թե որն է, Սերժ Սարգսյանի կարծիքով, մշակույթի գործիչների հիմնական դերն ու «գործառույթը»։ Նրա պատկերացմամբ` մշակույթի գործիչները պիտի օգտագործեն իրենց հեղինակությունն ու ժողովրդին հորդորեն ըմբռնումով մոտենալ իշխանությունների հանցագործություններին։ Այսինքն` իշխանությունները պիտի անընդհատ թալանեն երկիրը, միլիարդներ կուտակեն, պետության հարստությունը դուրս բերեն օֆշորներ, իսկ արվեստի գործիչները պիտի ժողովրդին կոչ անեն կտրուկ քայլերի չդիմել, որովհետեւ «երկիրը գտնվում է պատերազմական վիճակում», «այսօր մեզ առաջին հերթին ներազգային համերաշխություն է պետք», «չի կարելի ջուր լցնել թշնամու ջրաղացին» եւ այլն։ Օրինակ` երբեւէ լսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանն արվեստագետներին կշտամբի, թե «ահա ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ, բայց դուք պասիվ եք, եթե դուք էլ հրապարակավ դատապարտեիք կոռուպցիան ու նույնիսկ կոնկրետ անուններ նշեիք, ես շատ ավելի հեշտությամբ կլուծեի այդ հարցը»։ Իհարկե չեք լսել, որովհետեւ այդ դեպքում մտավորականության պասիվությունը Սերժ Սարգսյանին ձեռնտու է։

Բայց ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա՛ անդրադառնում մշակույթի գործիչների պասիվությանը, այն էլ` հինգ ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի առիթով։ Կարծում ենք` պատճառն այն է, որ իշխանություններն ավելի լավ են տիրապետում իրավիճակին եւ գիտեն, որ առջեւում ավելի լուրջ փորձություններ են սպասվում։ Պարզ ասած` սրանք համարյա 20 տարի շարունակ անպատիժ կերպով երկրի ու ժողովրդի հետ ինչ ուզել` արել են, ու հիմա հանկարծ հասկացել են, որ եկել է պատասխան տալու ժամանակը։ Տեսեք` նույն այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիները պիտի պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու», մի ուրիշ դահլիճում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում, պաշտոնապես հայտարարվում է, թե պետությունն անգամ զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները չի կարող հոգալ, ու այդ հոգսը նույնպես պիտի դրվի ժողովրդի ուսերին եւ այլն։ Ու այս իրավիճակում իշխանությունների համար շատ կարեւոր է, որ «վճռական պահին» (այսինքն` երբ ժողովրդի համբերության բաժակը լցվի, ու մարդիկ դուրս թափվեն փողոց) իրենք ի դեմս մշակույթի գործիչների հավելյալ դատապաշտպաններ ունենան։ Մարդիկ, ովքեր «հասարակ ժողովրդին» կհորդորեն «զերծ մնալ կտրուկ եւ հակաօրինական քայլերից»։ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ` դա նաեւ արդարացի կլինի, որովհետեւ տարիներ շարունակ պալատական մտավորականներն ու արվեստագետներն էլ իրենց բաժին փշրանքներն են ստացել ընդհանուր կերակրատաշտից, ու ազնիվ չէ, որ վտանգի պահին մի կողմ քաշվեն` իբր իրենք արվեստի մարդիկ են ու գործ չունեն իշխանությունների հետ։

Ընդ որում` որեւէ նշանակություն չունի, թե հատկապես ինչ տեսքով կգա քսանամյա թալանի հատուցման պահը։ Դա կարող է լինել նոր պատերազմի տեսքով, երբ անսպասելիորեն կպարզվի, որ տարիներ շարունակ իրականացված թալանն ազդել է նաեւ (ո՞ւմ մտքով կանցներ) բանակի սպառազինության մակարդակի վրա, ու պրոբլեմները շատ ավելի խորքային են, քան զուտ առաջնագծի «կահավորումը», դա կարող է լինել կարգավորման փաստաթղթի տեսքով, երբ անսպասելիորեն կպարզվի, որ Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրելու ռեսուրս չունի եւ ստորագրում է «զբաղեցված» տարածքները վերադարձնելու փաստաթղթի տակ, դա կարող է տեղի ունենալ դեֆոլտի տեսքով` երբ անսպասելիորեն կպարզվի, որ մեր արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանը, նոր վարկեր վերցնելու իրավունք չունենք, հներն էլ չենք կարողանում փակել եւ այլն։

Այս տարբերակներից որն էլ իրականանալու լինի` իշխանություններին պետք է հիմիկվանից նախապատրաստվել։ Կառավարությունը քաղաքացիների հազարական դրամներն է «մոբիլիզացնում», պաշտպանության նախարարությունը` պահեստազորայիններին, Սերժ Սարգսյանը` պալատական մտավորականներին։ Մի խոսքով` ակտիվորեն պաշտպանվում են բոլոր ուղղություններով։ Ի՞նչ իմանան, թե որ կողմից կմոտենա հատուցման պահը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30