16.03.2018 06:58 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թուլացել` հաճույք են ստանում

ՀՀԿ-ն գերադասում է բացահայտ ցինիզմը

ՀՀԿ-ն գերադասում է բացահայտ ցինիզմը

Քաղաքական ցինիզմը միշտ էլ բնորոշ է եղել Հայաստանի իշխանություններին, բայց որպես կանոն՝ իշխանությունները փորձել են գոնե արտաքին պատշաճության կանոնները պահպանել եւ ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր ինչ անում են՝ պետության ու ժողովրդի համար են անում։ Հիմա նույնիսկ դա չեն անում։ Ընտրությունների ինստիտուտը վերջնականապես ոչնչացված է, եւ արտաքին պատշաճության պահպանման «թրենդը» անիմաստ է դառնում։ Արտաքին պատշաճության պահպանումը բարձրաշխարհիկ պարահանդեսներում է պարտադիր, իսկ հասարակաց տներում դրա կարիքը չկա՝ այնտեղ բոլոր պայմանականություններն ավելորդ են։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, հայտարարել է, թե «Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն են տալիս մեզ երբ ուզենք՝ վարչապետ նշանակենք, երբ ուզենք՝ փոխենք վարչապետին, ի՞նչ է եղել... մենք կարող ենք այսօր մեկին վարչապետ նշանակել, երկու տարի հետո հանել, մեկ ուրիշին նշանակել, ո՞ւմ ինչ գործն է, այդ իրավունքը մեզ ժողովուրդը տվել է»։ Ահա այսպես։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Սովորաբար հասարակաց տների հաճախորդներն են այդպես հոխորտում՝ «փողը տվել եմ, ինչ ուզենամ՝ կանեմ, ոնց ուզենամ՝ կանեմ»։ Հիմա ՀՀԿ խոսնակը բաց տեքստով հենց դա է ասում։ Իհարկե՝ մոռանալով նշել, որ «այդ իրավունքը ժողովուրդը տվել է» 10 հազար դրամի դիմաց։ Ընդ որում՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը կամ ցանկացած այլ բացատրություն որեւէ նշանակություն չունի։ Հասարակաց տան այցելուի շատ պե՞տքն է՝ իրեն սպասարկողը կարիքից դրդվա՞ծ է հայտնվել այդ վիճակում, թե՞ պարզապես «խասյաթն» է այդպիսին։ Հայաստանի դեպքում պրոբլեմն «ընդամենը» այն է, որ մարդկանց միայն մի մասն է վերցրել 10 հազար դրամը, իսկ ՀՀԿ-ն անխտիր բոլորին է «ինչ ուզում՝ անում»։ Բայց ՀՀԿ-ն դրա բացատրությունն էլ ունի՝ ժողովրդավարություն է, փոքրամասնությունը պիտի չդիմադրի եւ համբերատար սպասի մինչեւ հաջորդ ընտրությունները։

 Ի դեպ՝ Շարմազանովը նույնպիսի ցինիզմով նաեւ խորհրդարանական ընդդիմության «պորտն է տեղը դնում»։ Հայտարարում է, թե «այդ ուժերից որեւէ մեկը կասկածի տակ չի դրել ՀՀԿ-ի հաղթանակն ընտրություններում, շատ մեծ հաճույքով վերցրել են մանդատներն ու աշխատում են»։ Ուզում է ասել՝ պետք չէ փորձել միաժամանակ եւ՛ հաճույք ստանալ, եւ՛ կույս մնալ։ Ինչ-որ իմաստով, իհարկե, ճիշտ է ասում. չի կարելի սուսուփուս հետեւել, թե ինչպես է ակնհայտ կեղծիքներով ընդունվում այնպիսի Սահմանադրություն, որի համաձայն խորհրդարանն է ընտրելու պետության առաջին դեմքին, հետո ընդունել այդ խորհրդարանի լեգիտիմությունը, ու վերջում բողոքել, որ խորհրդարանական մեծամասնությունն ում ուզում՝ վարչապետ է կարգում։ Բայց մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ն այնպես է «հաճույքով աշխատելն» ընդդիմության երեսով տալիս, կարծես այդ մանդատները ՀՀԿ-ն է տվել, կամ ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերն ու արտասահմանյան գործուղումների գումարները Սերժ Սարգսյանի անձնական գրպանից են վճարվում։ Ամեն դեպքում՝ Շարմազանովի հայտարարություններում նաեւ թաքնված սպառնալիքի տարրեր կան։ Իբր՝ «հանգիստ մնացեք, թե չէ մի երկու փակագիծ կբացենք»։

Մի խոսքով՝ ՀՀԿ-ն Էդուարդ Շարմազանովի շուրթերով բավականին ցինիկ ձեւով հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարը «կեղծ օրակարգ» է եւ «նոնսենս»։ Բայց բերված փաստարկները վերաբերում են միայն խորհրդարանական ընդդիմությանը, մինչդեռ Հայաստանում կան եւ՛ արտախորհրդարանական ուժեր, եւ՛ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ովքեր խորհրդարանական ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցել, եւ՛ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր հավատացել են, որ Սերժ Սարգսյանն այլեւս պետության ղեկավարի պաշտոնը չի ստանձնելու, եւ «հանգիստ խղճով» ձայն են տվել ՀՀԿ-ին (փողի դիմաց, թե այլ պատճառով՝ էական չէ)։ Այսինքն՝ պոտենցիալը կա, համընդհանուր դժգոհությունը կա, մնում է, որ գտնվեն «կեղծ օրակարգն» իրական դարձնելու մեխանիզմները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30