07.02.2017 08:58 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փողի տակ ծվարած «գաղափարներ»

Ամենահակահիգիենիկ ընտրություններին ընդառաջ

Ամենահակահիգիենիկ ընտրություններին ընդառաջ

Մինչեւ ապրիլ դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում մեզ սպասում են նորանկախ Հայաստանի պատմության ամենահակահիգիենիկ ընտրությունները։

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, մեղմ ասած` տգեղ է։ Շա՛տ մեղմ ասած։ Սկզբունքայնությունից ու նմանատիպ այլ բարձր արժեքներից խոսող կուսակցություններն ամեն ինչ մոռացած` աջուձախ բանակցում են, որպեսզի հասկանան, թե ում հետ կարելի է կցվել-կցմցվել ու խորհրդարան խցկվել, իսկ «փողատերերն» ընդհանրապես երանության մեջ են. նրանք իրենց այնպես են պահում, ասես կուսակցությունները Երեւանյան լճի երկայնքով շարք կանգնած մարմնավաճառներ են, իրենք էլ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով դանդաղ անցնում են ու զննում, թե որի մեջ կարելի է հարմար գներով «ներդրումներ կատարել» ու հայտնվել խորհրդարանում։ Ու բնականաբար` այս դեպքում նույնպես խոսք չկա գաղափարախոսության, սկզբունքայնության ու նմանատիպ այլ «տուֆտա» արժեքների մասին։ Դրա համար էլ առաջիկա ընտրություններում ինչ ասես կտեսնենք. ՀՀԿ-ի ցուցակով անցնող ԲՀԿ-ականներ, ԲՀԿ-ի ցուցակով անցնող ՀՀԿ-ականներ, հաճախորդների հետ դաշինք կազմած սկզբունքայիններ, օլիգարխների հետ դաշինք կազմած լիբերալներ, Ռուսաստանի անունով երդվող արեւմտամետներ, օր ծերության մի փոր հացի համար իրենց բարեմասնությունները ցուցադրող հարյուրամյա կուսակցություններ եւ այլն։

Մի խոսքով` պետք է արձանագրել, որ անկախ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Սերժ Սարգսյանն արդեն իսկ իր հիմնական նպատակին հասել է։ Մինչեւ վերջ ապականել է քաղաքական դաշտը։ Ճիշտ է, իրենց լեզվով դա կոչվում է «կուսակցությունների դերի բարձրացում», բայց փաստացի արդյունքն այն է, որ կուսակցություններն ըստ էության վերացել են։

Դա արվել է շատ պարզ ձեւով։ Հայաստանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, նորմալ կուսակցական գործունեություն ծավալելու համար հսկայական գումարներ են պետք։ Որպեսզի բոլոր մարզերում ու խոշոր բնակավայրերում մշտապես գործող գրասենյակներ լինեն, նորմալ քարոզչություն իրականացվի եւ այլն։ Հայաստանում որեւէ կուսակցություն, բնականաբար, չի կարող անդամավճարներով գոյատեւել, դա բացառված է։ Հետեւաբար` եթե Սերժ Սարգսյանը (կամ ցանկացած մեկը) իր առջեւ նպատակ է դնում վերացնել կամ մինչեւ վերջ փչացնել կուսակցությունները, պիտի ընդամենը մի քայլ անի. թույլ չտա, որ մասնավոր բիզնեսը ֆինանսավորի կուսակցություններին։ Իսկ Հայաստանում դա շատ հեշտ է։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ մեր տիպի երկրներում ազնիվ ճանապարհով միլիոնատեր դարձած գործարարներ չկան։ Հետեւաբար` նրանք բոլորը խոցելի են, ու հենց որ ընդդիմադիր կուսակցությունների հետ «խաղեր են տալիս», համապատասխան կառույցներն իսկույն պատժում են։ Կամ էլ` իշխանություններն իրենք են հրահանգում, թե որ «ընդդիմադիր» կուսակցությանը պիտի աջակցի տվյալ գործարարը, եւ որից հեռու մնա։

Եվ վերջ. խնդիրը լուծված է։ Ի՞նչ պիտի անեն կուսակցությունները։ Կամ պիտի ծվարեն այս կամ այն «փողատիրոջ» թեւի տակ ու դրանով իսկ մինչեւ վերջ «փչանան» (եթե անգամ հայտնվեն էլ խորհրդարանում ու առաջիկա հինգ տարիներին բոցաշունչ ելույթներ ունենան կոռուպցիայի դեմ պայքարի մասին, միեւնույն է` որեւէ մեկը նրանց այլեւս լուրջ չի ընդունելու, որովհետեւ Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են ու գիտեն, թե ով ինչպես է վաստակել իր առաջին միլիոնը), կամ պիտի ընդհանրապես դուրս մղվեն քաղաքական կյանքից ու որպես կուսակցություն վերանան։

Այս սխեմայի դեպքում Սերժ Սարգսյանին պետք չէ քաղաքական հաճախորդներ բուծել, կուսակցությունների մեջ իր մարդկանց ներդնել եւ այլն։ Նա պարզապես ստեղծել է այնպիսի պայմաններ, որտեղ կուսակցություններն ու քաղաքական գործիչներն իրենք պիտի ընտրություն կատարեն` կամ ընդունում են խաղի կանոնները եւ դառնում հաճախորդ, կամ չեն ընդունում խաղի կանոնները եւ դուրս են մնում խաղից։

Ու փաստորեն այս սխեման լավ էլ աշխատում է։ Համարյա բոլորը խաղում են։ Այն էլ` այնպիսի լրջությամբ, ասես իրենք էլ են հավատում իրենց խաղին։

կերպ կվարվի վարչապետի հետ՝ խլելով նրանից իր մասնագիտական գործիքը։ Ժիլետ կամ թանկարժեք փողկապ չառաջարկել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30