25.05.2012 20:20 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սեւ հաշվապահը

Գաղտնի վիճակագրության արդյունքները

Գաղտնի վիճակագրության արդյունքները

Նոր կառավարության ձեւավորման շուրջ ընթացող այս կիսաստվերային բանակցությունների ֆոնին ամենացնցողը թերեւս այն բացառիկ ցինիզմն է, որով իշխող կուսակցության տարատեսակ ներկայացուցիչները հայտարարում են, թե վարչապետի փոփոխության հարց չի քննարկվում։

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն. 2012թ. հունվար-մարտ» անվանումով մի զեկույց, որը պարզապես Տիգրան Սարգսյանի վարչապետության մահախոսականն է` արտահայտված վիճակագրական տվյալներով։ Այդ փաստաթղթում պաշտոնապես արձանագրված է, որ 2008-ին Հայաստանում աղքատների թիվը կազմել է 17,6 տոկոս, իսկ 2010-ին` 35,8 տոկոս։ Կրկնապատկվել է նաեւ ծայրահեղ աղքատների թիվը` 1,6-ից հասնելով 3 տոկոսի։ Այդ նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը ավելացել է 15 տոկոսով, պետական պարտքն ավելացել է համարյա երկուսուկես անգամ` 1,45 միլիարդից հասնելով 3,5 միլիարդ դոլարի։ Ահավոր են նաեւ արտագաղթի տեմպերը` միայն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 57,3 հազար մարդ (նախորդ տարվա համեմատ` 22 տոկոսանոց աճ)։

Այն, որ ցանկացած նորմալ երկրում նման ցուցանիշներ արձանագրած վարչապետին ճիպոտով կծեծեին ու կալանքից ազատվելուց հետո թույլ չէին տա հարյուր մետրից ավելի մոտենալ որեւէ պետական հինարկի` հասկանալի է։ Հասկանալի է նաեւ, որ եթե Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետի աթոռը զբաղեցներ, ասենք, բռնակներից մեկը պոկված որեւէ ալյումինե կաթսա, Հայաստանի տնտեսական ցուցանիշները հաստատ ավելի վատը չէին լինի։ Բայց մեզ բոլորովին այլ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հանդուրժում նրան եւ նույնիսկ համարյա անփոխարինելի հռչակում։ Գուցե Սերժ Սարգսյանը չափազանց բարի է եւ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքներին շատ էլ մեծ ուշադրություն չի՞ դարձնում։ Բայց դա այդպես չէ։ Պատկերացրեք` ընտրությունների արդյունքում որեւէ մարզում կամ քաղաքում ՀՀԿ-ն զրո ձայն ստանար. քանի՞ օր պաշտոնում կմնար տվյալ մարզպետը կամ քաղաքապետը։ Այսինքն` իրականում Սերժ Սարգսյանը մարդկանց լավ էլ գնահատում է ըստ կատարած աշխատանքի, ավելի ճիշտ` ըստ այն աշխատանքի, որն ինքն է հրահանգել կատարել։ Եվ եթե պաշտոնական վիճակագրությունը փաստում է վարչապետի խայտառակ ձախողումները, բայց Սերժ Սարգսյանը նրանից գոհ է մնում, նշանակում է` նա վարչապետին բոլորովին այլ հանձնարարություն է տվել եւ գոհ է դրա կատարման ընթացքից։ Կամ էլ` Տիգրան Սարգսյանն ընդամենը բուտաֆորիա է, միջազգային կառույցների առջեւ ծլվլալու համար նախատեսված երկրորդական-երրորդական չինովնիկ, եւ քանի որ լավ է ծլվլում` մնում է իր տեղում, իսկ տնտեսությունն իրականում ղեկավարում է անձամբ ինքը։

Առաջին տարբերակն ավելի հավանական է, այսինքն` իրականում հենց Տիգրան Սարգսյանն էլ ղեկավարում է տնտեսությունը։ Պարզապես գոյություն ունի բոլորովին այլ վիճակագրություն, որով էլ առաջնորդվում է Սերժ Սարգսյանը` նրա աշխատանքը գնահատելիս, բայց այդ վիճակագրությունը խիստ գաղտնի է պահվում հասարակությունից։ Ենթադրաբար, այդ վիճակագրությունը պիտի ներկայացնի հետեւյալ թվերը. 2008-2012 թվականներին քանի՞ տոկոսով է աճել Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի ունեցվածքը, քանի՞ տոկոսով են աճել օտարերկրյա բանկային հաշիվները, քանի՞ տոկոսով է աճել բյուջետային ծախսերի «ատկատի» միջինացված ցուցանիշը, քանի՞ տոկոսով է նվազել պոտենցիալ հեղափոխականների թիվը, կենտրոնացվածության ի՞նչ աստիճանի է հասել ազգային հարստությունը, քանի՞ նոր հանքավայր է վաճառվել օտարերկրացիներին, եւ որքանո՞վ է ավելացել իշխանությունների փայը այդ գործարքներից եւ այլն։ Կարելի է չկասկածել, որ բոլոր այս ցուցանիշներով Տիգրան Սարգսյանը լրջագույն հաջողություններ է արձանագրել, ու հենց դա է պատճառը, որ ինչքան երկրի վիճակը ծանրանում է, այնքան նրա դիրքերն ամրապնդվում են։ Այս իրավիճակում, բնականաբար, վարչապետի փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Դա նույնն է, թե բանդայի պարագլուխն իր լավագույն քիլլերին «աշխատանքից ազատի» չափից դուրս դիպուկ կրակելու համար։

Իսկ հասարակությունը միամիտ-միամիտ շարունակում է տնտեսական հաջողություններ ակնկալել այս կառավարությունից եւ նույնիսկ բողոքում է, որ Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատում։ Բայց ի՞նչ գիտեք` լա՞վ է աշխատում, թե վատ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հանձնարարություն է տվել Սերժ Սարգսյանը։ Հասարակությունը հանձնարարություն տալու իրավունքը կարծես թե ձեռքից բաց է թողել մայիսի 6-ին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30