16.03.2013 13:04 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արտագաղթ

Գնաճի իրական պատճառները

Գնաճի իրական  պատճառները

Դեռեւս ամիսներ առաջ շատերը կանխատեսում էին, որ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվելու։ Կանխատեսումներն իրականացան. արդեն իսկ զգալիորեն (5-15 տոկոսով) թանկացել են ձուն, ձկնամթերքը, յուղը, ծխախոտը, բնական հյութերը եւ այլն։ Առավել տարածված բացատրությունները երկուսն են։ Առաջին` իշխանությունները (խոշոր բիզնեսմենները) «հետ են բերում» ընտրությունների ժամանակ ծախսած գումարները, եւ երկրորդ` դոլարի փոխարժեքը բարձրանում է, ինչի հետեւանքով էլ ամեն ինչ թանկանում է։

Այս երկու գործոններն էլ, իհարկե, էապես ազդում են գնաճի վրա, բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է։ Փորձենք հասկանալ։ Հայկական դրամն, օրինակ, վերջին մեկ ամսվա ընթացքում արժեզրկվել է ընդամենը 2 տոկոսով (դոլարի փոխարժեքը 406-ից դարձել է 414), հետեւաբար` նորմալ պայմաններում դրա հետեւանքով գնաճն էլ պիտի ընդամենը 2 տոկոս կազմեր։ Եվ եթե ապրանքներն ավելի շատ են թանկացել, նշանակում է` Հայաստանում այլ մեխանիզմ է գործում։

Խնդիրը հետեւյալն է։ Ենթադրենք` ինչ-որ խանութ մատակարարից ապրանքը ստանում է իքս գնով, ավելացնում 20 դրամ եւ վաճառում։ Այդ 20 դրամից խանութը պիտի հարկեր վճարի, աշխատավարձ տա, տարածքի վարձակալման գումար տա եւ այլն։ Բայց Հայաստանից տարեկան 80-90 հազար մարդ է արտագաղթում, այսինքն` գնորդներն անընդհատ պակասում են։ Իսկ հարկերը, աշխատավարձը եւ այլն նույնն են մնում։ Ի՞նչ պիտի անի խանութի սեփականատերը։ Ստիպված` պիտի ոչ թե 20 դրամ ավելացնի ապրանքի նախնական գնին, այլ, ասենք, 30։ Կամ էլ պիտի փակի խանութը եւ ինքը նույնպես արտագաղթի։ Եվ սա, ի դեպ, անընդհատ խորացող պրոցես է, որովհետեւ որքան թանկանում է ապրանքը, այնքան սպառումը քչանում է, որքան սպառումը քչանում է` այնքան ստիպված են լինում նորից թանկացնել, եւ այդպես շարունակ։ Այլ կերպ ասած` մեզանում գնաճի հիմնական պատճառներից մեկն արտագաղթն է։ Դրա համար էլ դրամն արժեզրկվում է 2 տոկոսով, իսկ գնաճը կազմում է 5 տոկոս (3 տոկոս տարբերությունը հենց արտագաղթի ցուցանիշն է` տարեկան Հայաստանից հեռանում է բնակչության մոտ 3 տոկոսը)։ Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ սուպերմարկետներին, որովհետեւ նրանց սպառողները նույնպես պակասում են։ Այլ հարց է, որ մենաշնորհ ունեցողներն օգտվում են իրենց դիրքից եւ ավելի շատ են թանկացնում, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Հասկանո՞ւմ են արդյոք իշխանություններն այս ամենը։ Իհարկե հասկանում են։ Մանավանդ` գիտեն, որ առաջիկայում գազը եւս զգալիորեն թանկանալու է, ու դա կարող է կատաստրոֆիկ հետեւանքներ ունենալ։ Իշխանությունները գիտեն նաեւ, որ` 1. Հայաստանում աշխատողների մոտ կեսը ստանում է 80 հազարից պակաս աշխատավարձ, 2. 80 հազարով Հայաստանում հնարավոր չէ գոյատեւել։ Հարց է ծագում` բա ինչպե՞ս են գոյատեւում։ Մի մասը դրսից գումարներ է ստանում, մյուս մասն էլ բանկերից վարկեր է վերցնում ու մի կերպ «յոլա գնում»։ Եթե վիճակն այսպիսին է, ապա հասկանալի է, որ ինչքան շատ վարկեր տան բանկերը, այնքան կմեծանա այս իրավիճակը երկարաձգելու հնարավորությունը։ Բայց այստեղ կառավարության եւ բանկերի միջեւ տարաձայնություններ կան. բանկերը չեն ցանկանում նորմալ պայմաններով վարկեր տրամադրել։ Երեկ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը «մուննաթ է եկել» բանկերի վրա, որ սրանք դիտմամբ շատ ցածր են գնահատում որպես գրավ քաղաքացիներից վերցվող անշարժ գույքը եւ ըստ այդմ էլ` քիչ գումար են տալիս։ Օրինակ` եթե ինչ-որ մեկի տունն արժե 100 հազար դոլար, բանկերը դա գնահատում են 50 հազար եւ այդքան վարկ են տալիս։ Տիգրան Սարգսյանն էլ պահանջում է, որ ավելի բարձր գնահատեն։ Սա շատ տարօրինակ վիճակ է, որովհետեւ տոկոսով գումար տալը հայաստանյան բանկերի հիմնական բիզնեսն է, եւ հենց նրա՛նք պիտի շահագրգռված լինեին ավելի շատ վարկեր տալու հարցում։ Ուրեմն ինչո՞ւ են իրենք իրենց «գործին խփում»։ Որովհետեւ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ այդ վարկ վերցնողների զգալի մասն ամենայն հավանականությամբ «տակ կտա», եւ բանկը ստիպված կլինի վաճառել գրավադրված անշարժ գույքը։ Բայց քանի որ երկիրը դատարկվում է, շատ դժվար կլինի նորմալ գնով այդ գույքը վաճառելը։

Փաստորեն` Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ կառավարության խայտառակ ապաշնորհ գործունեության արդյունքում երկիրը հայտնվել է տնտեսական աղետի եզրին, եւ այդ նույն կառավարությունը բանկերին ստիպում է չհաշվարկված ռիսկի դիմել։ Բա իհարկե. չէ՞ որ այդ վարկերն այսպես թե այնպես էլի իշխանությունների գրպանում են հայտնվելու։ Դրա համար էլ իշխանություններին միայն տրամադրվող վարկերի ծավալն է հետաքրքրում, իսկ տոկոսադրույքները չեն հետաքրքրում։ Վերջին հաշվով` բանկերը նույնպես պիտի փայ ունենան այս համատարած թալանից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30