07.04.2017 07:13 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Ապրիլյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Ես եւ դու»
«Ես եւ դու» .

Ապրիլյան եղանակը դեռեւս իրական գարնանային ջերմություն չի սուլում, իսկ դա նշանակում է, որ ցրտաշունչ երեկոները ջերմ մթնոլորտում կարելի է անցկացնել որեւէ կինոպրեմիերայի շուրջ։ Բացի այդ, կինովարձույթ են դուրս գալիս մեծաքանակ նախագծեր, որոնք հեղինակավոր կինոքննադատների «քննությունն» են անցել։ Ապրիլն առավել հատկանշական է այն առումով, որ մեծ էկրաններ է բարձրանում Հայոց ցեղասպանության մասին պատմող Հոլիվուդի նկարահանած «Խոստում» ֆիլմը։

Այս ամիս կինոերկրպագուների դատին իրենց նոր դերակատարումները կհանձնեն Կատրին Դենեվը, Օռլանդո Բլումը, Մայքլ Դուգլասը, Ջոն Մալքովիչը, Էնն Հեթեուեյը, Քրիստիան Բեյլը, Շառլոտա Լե Բոնը, Ժան Ռենոն, Էմմա Ուոթսոնը, Թոմ Հենքսը, Ռոբերտ Փաթիսոնը, Սիենա Միլլերը, Ռոզարիո Դոուսոնը, Ժուլյետ Բինոշը, Դեվիդ Լինչը, Ջեսիկա Չեսթեյնը, Վին Դիզելը, Ջեյսոն Սթեթհեմը, Շարլիզ Թերոնը, Հելեն Միրենը, Առնոլդ Շվարցենեգերը, Պենելոպա Քրուսը, Մորգան Ֆրիմանը եւ այլ կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

06.04 - «Հեռանալ գեղեցիկ»/ Going in Style

Կոմեդիայում հին ընկերներ Վիլլին, Ջոն ու Էլան, չնայած իրենց պատկառելի տարիքին, որոշ հարցերում կարող են գերազանցել երիտասարդներին։ Եթե խոսքը բարեկեցության մասին է, ապա նրանք պատրաստ են բանկ թալանել, որը սեփականացրել է նրանց խնայողությունները։ Դերերում՝ Մորգան Ֆրիման, Ջոի Քինգ, Էնն-Մարգրեթ, Մայքլ Քեյն, Ալան Առկին, Մեթ Դիլոն, Ջոն Օրտիս։

06.04 - «Իսպանիայի թագուհին»/ La reina de Espana

Գլխավոր հերոսուհին իր երկրից փախել է Գեբելսի սիրահետության պատճառով, ինչի արդյունքում նվաճել է Հոլիվուդը, սակայն՝ չտանելով փառքի բեռը, հայրենիք է վերադարձել։ Հետպատերազմյան Իսպանիայում Մակարենան ցանկանում է նոր կյանք սկսել եւ, որպես առաջին քայլ, մասնակցում է ֆիլմի նկարահանմանը, որտեղ դերակատարում է թագուհի Իզաբելա Առաջինին։ Սակայն անցյալը բաց չի թողնում Մակարենային։ Դերերում՝ Պենելոպա Քրուս, Քերի Էլվիս, Մենդի Փեթինկին, Խուան Անտոնիո Բայոնա, Խավյե Կամարա, Սանտյագո Սեգուրա։

06.04 - «Հետեւանքները»/ Aftermath

Դրամատիկ թրիլլերը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 2002 թվականին. Բոդենյան լճի տարածքում 2 ինքնաթիռ է բախվել, որը ՌԴ քաղաքացի, ճարտարապետ Վիտալի Կալոյեվի կողմից շվեյցարացի ավիադիսպետչեր Պետեր Նելսոնի սպանությանն է հանգեցրել։ Կալոյեվը վթարում կորցրել է կնոջն ու 2 երեխաներին։ Դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր, Մեգի Գրեյս, Քեվին Զեգերս, Սկութ ՄակՆերի, Մարիանա Կլավենո, Լարի Սալիվան։

13.04 - «Ֆորսաժ 8»/ The Fate of the Furious

Ըստ սյուժեի, Դոմն ու Լեթին մեղրամիսի են ուղեւորվում, այնինչ Միան եւ Բրայանը դուրս են գալիս խաղից։ Թիմի այլ անդամները ռեաբիլիտացված են եւ նորմալ կյանք են վարում։ Սակայն, երբ խորհրդավոր կինը Դոմին հանցանքի աշխարհ է ներքաշում եւ ստիպում է դավաճանել բոլոր թանկ մարդկանց, ընկերների ճանապարհները բաժանվում են։ Դերերում՝ Վին Դիզել, Դուեյն Ջոնսոն, Ջեյսոն Սթեթհեմ, Միշել Ռոդրիգես, Թայրիզ Գիբսոն, Լուդաքրիս, Քուրթ Ռասել, Սքոթ Իսթվուդ, Շարլիզ Թերոն, Հելեն Միրեն, Էլզա Պատակի։

13.04 - «Կենդանաբանական այգու տնօրենի կինը»/ The Zookeeper's Wife

Իրական պատմության վրա հիմնված ֆիլմի սյուժեն զարգանում է Երրորդ ռեյխի կողմից Լեհաստանի օկուպացիայի ժամանակ։ Գլխավոր հերոսներ Վարշավյան կենդանաբանական այգու տնօրեն Յան Ժաբինսկին եւ նրա կինը` Անտոնինան, կենդանիների վանդակներում նացիստներից հարյուրավոր հրեաների են թաքցրել։ Դերերում՝ Ջեսիկա Չեսթեյն, Յոհան Հելդենբերգ, Դանիել Բրյուլ, Թիմոթի Ռեդֆորդ, Էֆրատ Դոռ, Իդո Գոլդբերգ։

13.04 - «Դեվիդ Լինչ. Կյանքը արվեստում»/ David Lynch- The Art Life

Ֆիլմը լեգենդար վիզիոներ Դեվիդ Լինչի անձնական մենախոսությունն է հովվերգական մանկության, մտահոգ ուսանողության եւ արվեստում սեփական ուղին որոնելու մասին։ Նկարահանումները 3 տարվա ընթացքում ընթացել են ռեժիսորի տանը՝ գեղարվեստական արհեստանոցում։ Այստեղից են սկիզբ առնում հարցազրույցի ինքնաքննադատ բովանդակությունը, ոգեշնչման կայծակներն ու անքուն գիշերները։ Դերերում՝ Դեվիդ Լինչ։

13.04 - «Օյ, մամա ջան»/ Telle mere, telle fille

Ֆրանսիական կոմեդիայի գլխավոր հերոսուհի Մադոն աշխարհի ամենաինֆանտիլ մայրն է։ Չնայած նրա դուստր Ավրիլը 30 տարեկան է, Մադոն չի պատրաստվում մեծանալ։ Կանայք հղիանում են միասին։ Մինչ Մադոն փորձում է պատկերացնել, որ շուտով տատիկ է դառնալու, Ավրիլին չի լքում այն միտքը, որ նրա մայրը կրկին պետք է մեծացնի ինչ-որ մեկին։ Դուստրը բոլորից լավ գիտի, թե ինչ «մայրիկ» է Մադոն։

20.04 - «Մոլուցքը»/ Unforgettable

Ամուսնալուծությունը հեշտ բան չէ։ Առավել բարդ է, երբ ժամանակին սիրելի տղամարդը հեշտ ու հանգիստ փոխնորդ է գտնում՝ մի կնոջ, ով ներխուժում է ոչ միայն նրա տուն, որտեղ  բնակվել են նախկին երջանիկ ամուսինները, այլ նաեւ ընդհանուր դստեր կյանք... Նման իրավիճակում է հայտնվել Թեսա Քոնովերը. նախկին ամուսին Դեվիդն այժմ նշանադրված է Ջուլիա Բենքսի հետ։ Վերջինը հավատում է, որ վերջապես հանդիպել է իր երազանքների տղամարդուն, սակայն Թեսայի նախանձությունը թափ է հավաքում, եւ ոչինչ չի խանգարի նրան` Ջուլիայի կյանքը մղձավանջի վերածելու համար։ Դերերում՝ Ռոզարիո Դոուսոն, Քեթրին Հեյգլ, Ուիթնի Քամինգս, Ջոֆ Ստուլց, Շերիլ Լեդ, Ջեյսոն Բլեր։

20.04 - «Քվեսթ»/ Escape Room

Սարսափ-ֆիլմը պատմում է 4 ընկերների մասին, ովքեր բաժանորդագրվում են պոպուլյար խաղին, որի գլխավոր նպատակը փակ տարածքից ելք գտնելն է՝ մի շարք գլուխկոտրուկներ լուծելով։ Սակայն հերոսներից ոչ ոք չի պատկերացրել, որ խաղը կարող է մահացու ելք ունենալ նրանց համար. երիտասարդները հայտնվել են մարդասպանի հետ մի թակարդում։ Դերերում՝ Սկիթ Ուլրիխ, Շոն Յանգ, Քրիստին Դոնլոն, Ռենդի Ուեյն, Մեթ ՄակՎեյ, Էշլի Գալեգոս, Հեյլի Գոլդշթեյն։

27.04 - «Կորուսյալ Z քաղաքը»/ The Lost City of Z

1925 թվականին գնդապետ Ֆոսեթն արշավախմբով Բրազիլիայի Մատու-Գրոսու նահանգի ջունգլիներ է ուղեւորվում՝ խորհրդավոր Z քաղաքը գտնելու։ Մի շարք գանձեր որոնողներ ցանկանում էին բացահայտել այդ գաղտնիքը կամ հակառակը՝ ապացուցել, որ Էլդորադոյի մասին լեգենդը միայն լեգենդ է։ Մեկնելուց առաջ Ֆոսեթը կոլեգաներին խնդրում է չկազմակերպել նրա որոնումները, եթե հանկարծ թիմը չվերադառնա։ Շուտով պարզվում է, որ գնդապետը, կարծես, կանխատեսել է իր անհետացումը։ Դերերում՝ Չարլի Հանեմ, Ռոբերտ Փաթիսոն, Սիենա Միլլեր, Թոմ Հոլանդ, Էդվարդ Էշլի, Իեն ՄակԴերմիդ։

27.04 - «Ոլորտ»/ The Circle

Ֆիլմի գործողությունները զարգանում են մոտ ապագայում, ուր Մեյը աշխատանքի է տեղավորվում «Ոլորտ» գլոբալ ինտերնետ-ընկերությունում, որը ղեկավարում է սոցիալական մեդիաների գուրու Էյմոն Բեյլին։ Վերջինը նկատում է տաղանդավոր աշխատակցուհուն եւ հրավիրում է մասնակցել մի փորձարկման, որը կոչված է փոխել անհատի հնարավորության եւ անձնական ազատության սահմանների մասին մարդկանց պատկերացումները։ Սակայն շուտով Մեյը պարզում է իր գործատուի եւ նախագծի մասին սարսափելի ճշմարտությունը։ Այժմ նրա ընկերների, մտերիմների եւ ողջ մարդկության ճակատագիրը կախված կլինի միայն Մեյից։ Դերերում՝ Էմմա Ուոթսոն, Թոմ Հենքս, Բիլ Փեքսթոն, Կարեն Գիլան, Կլաուդիա Օ. Դոերթի, Փեթոն Օսվալտ, Ջոն Բոյեգա։

27.04 - «Խոստում»/ The Promise

Ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի մասին։ Այդ քաոսում ճակատագիրը կապում է 2 տարբեր անձանց՝ զինվորական դրության մեջ դրայվ հայտնաբերող ամերիկացի թղթակից Քրիսին եւ բժիշկ-ուսանող Միքայելին, որը սեփական զգացմունքների եւ ավանդույթներին հավատարիմ մնալու արանքում է հայտնվում։ Երկու հերոսներն էլ սիրահարված են հայ նկարչուհի Անյային, սակայն տղամարդկանց միջեւ մրցակցությունն անհետանում է այն պահին, երբ կայսրությունը սկսում է հետապնդել ազգային փոքրամասնություններին։ Դերերում՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Շորե Աղդաշլու, Անջելա Սարաֆյան, Ժան Ռենո, Թոմ Հոլանդեր։

27.04 - «Իմ ընկերուհին հրեշ է»/ Colossal

Պատմության կենտրոնում Գլորիան է, որն այժմ վատ ժամանակներ է ապրում. նրան հեռացրել են աշխատանքից, նա բաժանվել է իր զուգընկեր Թիմից, իսկ ընկճախտն ու ապատիան նրա նոր առօրյայի մասն են կազմում։ Կյանքն ինչ-որ չափով փոխելու հույսով՝ Գլորիան ուղեւորվում է հարազատ քաղաք, որտեղ փոքրիկ բարում աշխատանքի է անցնում որպես մատուցողուհի, որի տնօրենը նրա հին ծանոթն է։ Ալկոհոլին անվճար մուտք ստանալով, ամեն երեկո, հերթապահությունից հետո, գլխավոր հերոսուհին հարբում է իր ընկերոջ հետ՝ ժամանակավորապես խնդիրերից եւ ապրումներից ազատվելով։ Այսպես է շարունակվում մինչեւ այն պահը, երբ մի անգամ, առավոտյան, աղջիկը նորություններից իմանում է, որ Սեուլը հսկայական հրեշի կողմից հարձակման է ենթարկվել, որի հետ նա յուրահատուկ կապ է զգում... Դերերում՝ Էնն Հեթեուեյ, Դեն Սթիվենս, Ջեյսոն Սուդեյքիս, Թիմ Բլեյք Նելսոն, Օստին Սթոուել, Ագամ Դարշի։

27.04 - «Գաղտնի գործակալ»/ Unlocked

Գլխավոր հերոսուհին հայտնի 007 գործակալը չէ, սակայն իր աշխատանքը նույնպես լավ գիտի։ Այս անգամ համաշխարհային մակարդակի լրտեսի խնդիրը Լոնդոնի վրա պատրաստվող բիոլոգիական հարձակման կանխումն է։ Վտանգավոր խաղի մեջ ներգրավվելով, նա բախվում է կրկնակի ստանդարտների, պարանոյայի, անպատժելիության եւ դավաճանության աշխարհի հետ։ Ինչպե՞ս գտնել ընկերներից այն անորսալի «խլուրդին», որին նա պետք է գտնի եւ կանգնեցնի տեռորիստներին։ Բրիտանական մայրաքաղաքը փրկելու համար հերոսուհին ստիպված է բազմաթիվ կանոններ խախտել։ Դերերում՝ Նումի Ռուպաս, Օռլանդո Բլում, Թոնի Կոլեթ, Մայքլ Դուգլաս, Ջոն Մալկովիչ, Ակշայ Կումար, Թոսին Քոուլ։

27.04 - «Ես եւ դու»/ Sage femme

Մանկաբարձ Քլերն ամբողջությամբ իրեն աշխատանքին է նվիրել, սակայն անսպասելիորեն կնոջ հաշվարկված կյանքը խախտում է մահացած ամուսնու սիրուհու կողմից մի հեռախոսազանգ։ Կինը բազմաթիվ տարիներ իր մասին չի հիշեցրել, եւ «կարեւոր նորություններով» նրա վերադարձը տակնուվրա է անում Քլերի կյանքը, որում նրա հայրը, չնայած բնավորությունների տարբերությանը, սկսում է ավելի մեծ նշանակություն ունենալ։ Դերերում՝ Կատրին Դենեվ, Կատրին Ֆրո, Օլիվյե Գուրմե, Միլեն Դեմոնժո, Պոլին Էթյեն, Մարի Գիլի-Պիեր, Օդրի Դանա։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30