01.12.2017 13:43 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ո՞ւր են մեր բանավեճերը

Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում ստորագրած նոր շրջանակային համաձայնագիրը, որը եվրաինտեգրացիոն գործընթաց է նախատեսում, մինչեւ հիմա ամենաքննարկվող թեման է Հայաստանում։ Բայց վերջին օրերին այս թեմայում ամենաքննարկվողը դարձել է Ռուսաստանի, ռուսական փորձագիտական շրջանակների եւ հատկապես ռուսական լրատվամիջոցների արձագանքն ու վերաբերմունքը։

Այսինքն, փոխանակ քննարկենք, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ինչ է իրենից ներկայացնում, ինչ հեռանկարներ են բացվում, ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ընկել ենք, թե որ ռուս հաղորդավարը ինչ ասաց, որ ալիքը ինչ քարտեզ ցույց տվեց, նրանց թոք-շոուներին ով մասնակցեց, ինչ առոգանությամբ խոսեց։

Իհարկե, հետեւել պետք է, անհրաժեշտ է հասկանալ Ռուսաստանի տարբեր շրջանակների վերաբերմունքը։ Այո, տեսնում ենք, որ ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի մասին խոսելիս՝ անցնում են պարկեշտության, տարրական էթիկայի բոլոր սահմանները, հեգնում, ծաղրում, վիրավորում։ Բայց դա նրանց կարծիքն է, ընդ որում, վստահ ենք, այն չի արտահայտում ռուսական հասարակայնության մեծամասնության կարծիքը, որի ճանապարհը ռուսական պետական հեռուստաալիքներում գործնականում փակ է։

Մեզ համար շատ ավելի կարեւոր է հենց մեր հանրության կարծիքը։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք արժանի են քննարկման։ Հակասական պահեր կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում, մտահոգություններ էլ են մարդիկ արտահայտում։ Մեր տեղական հեռուստաընկերությունները այս մի շաբաթվա ընթացքում այդպես էլ ռիսկ չեն արել մի քննարկում, բանավեճ կազմակերպել՝ շահագրգիռ կողմերի, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։ Ինչպես դա Ռուսաստանում է արվել։

Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերությունները տարբեր բանավեճերի միջոցով անդրադարձել են Հայաստանի թեմային։ Մենք՝ ոչ։ Միգուցե այստեղի՞ց սկսենք։ Ինչի՞  է HTB-ում Հայաստանի տեսակետ արտահայտող ներկայացվում ոմն Միրզոյան, ո՞վ է Կուրղինյանը։ Այդ հարցերի փոխարեն ինքներդ հրավիրեք բոլոր նրանց, ովքեր Հայաստանից են ու արտահայտում են մեր հասարակության տարբեր խավերի կարծիքը։ Թե չէ լավ ձեւ է. ոչինչ չանել ու ուրիշներին քննադատել։

Եվ ընդհանրապես. բացի «Կենտրոն» հեռուստաընկերությունից, մնացածների մոտ մեր երկրի, ժողովրդի համար ցավոտ քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերով ոչ մի ծրագիր, բանավեճ չկա։ Հնդկական մառազմատիկ սերիալների, հայկական քուչի եւ ժարգոնային, էժանագին սերիալների համար ինչքան ասես ժամանակ գտնում են, իսկ գոնե մի ժամանոց քննարկում՝ Հայաստան-ԵՄ-ի մասին, չկա։ Մինչդեռ իրեն լուրջ համարող յուրաքանչյուր հեռուստաալիք պարտադիր շաբաթը գոնե մեկ անգամ պարբերականությամբ նման հաղորդում պետք է ունենա։

Այս դեպքում մենք արդեն հաստատ այդքան չենք սեւեռվի ռուսական ալիքների վրա. հնարավոր է, որ նույնիսկ իրենք հետեւեն մեր ալիքներին։

 ԶԻՆՎՈՐԻՆ ՍՆՈՒՆԴ ՊԵՏՔ ՉԷ՞

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է Հայաստանում 4 ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ԱԻՆ-ի ծառայողների սննդակարգերը, որից պարզվում է, որ բանակում ծառայողներին տրվող սննդի չափաբաժինները ամենաքիչն են այդ կառույցների մեջ։ Օրինակ, զինվորին օրական տրվող հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում եւ 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։ Նույն վիճակն է շաքարավազի, կաթի, հյութերի դեպքում։

Սա, անկեղծ ասած, մեզ զարմացրեց։ Որովհետեւ զինվորն ու ոստիկանը ամենաշատ էներգիա ծախսող, վազող, գնացող-եկող մարդիկ են։ Ճիշտ հակառակը պետք է լիներ, սննդի չափաբաժինները ամենաբարձրը պետք է նրանց համար լիներ. ավելի ճիշտ՝ զինվորինը, հետո՝ ոստիկանինը, հետո՝ ԱԻՆ-ը, իսկ ԱԱԾ-ինը՝ ամենավերջում։

Հիմա որ ասենք, պիտի ասեն՝ շահարկում ենք. «ազգ-բանակ» եք հռչակում, հայրենիքի հանդեպ պարտքի մասին եք խոսում, սա ի՞նչ է։ Սա ոչ թե սննդի չափաբաժինների պատկերն է, սա խոսում է այն մասին, որ ամենախեղճն ու իրավազուրկը զինվորն է, քիչ էլ տանք, դրանով էլ կբավարարվի։ Օրինակ, մենք կցանկանայինք ՊՆ-ից այս հարցի վերաբերյալ պարզաբանում լսել։ Ինչո՞ւ է հայ զինվորը ավելի քիչ սնունդ ստանում, քան հատուկ ծառայությունների հայ աշխատողը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30