17.07.2014 20:51 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դալալների ինստիտուտը

Պետական կառավարման համակարգի դալալները

Պետական կառավարման  համակարգի դալալները

Այն, որ Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն պետության ղեկավարումն ընկալում են որպես սովորական բիզնես, որի նպատակն առավելագույն շահույթ ստանալն է, նորություն չէ։ Բայց վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մարդկանց վիճակը կտրուկ վատացել է, «դանակը ոսկորին է հասել», քաղաքացիական նախաձեռնություններն ակտիվացել են, եւ ցանկացած պահի կարող է սոցիալական պայթյուն տեղի ունենալ։

Պատճառներից մեկն ակնհայտորեն այն է, որ իշխանությունները փոխել են բիզնեսի կանոնները։ 

Փորձենք բացատրել։ Օրինակ` ինչո՞ւ են քաղաքաբնակները բողոքում, որ միրգն ու բանջարեղենը թանկ են, իսկ գյուղացիները` հակառակը, բողոքում են, որ իրենց արտադրածը ջրի գնով են վաճառում եւ ոչ մի եկամուտ չունեն։ Որովհետեւ այդ ասպարեզում գոյություն ունի «միջնորդների ինստիտուտ». միջնորդները միրգն ու բանջարեղենը գյուղացիներից էժան առնում են, քաղաքացիներին թանկ վաճառում։ Իսկ ահա պետական կառավարման համակարգում երկար տարիներ միջնորդների ինստիտուտ չկար։ Իշխանությունները հավաքում էին հարկերը, իրենց հայեցողությամբ ծախսում ու արանքում էլ «ձեռի հետ» միլիոնատերեր դառնում։ Իսկ ահա մեկ-երկու տարի առաջ ամեն ինչ կտրուկ փոխվեց` իշխանություններ-ժողովուրդ հարաբերություններում նույնպես միջնորդներ հայտնվեցին։ Ինչ-որ մարդիկ ժողովրդից հարկեր են հավաքում, մի մասը վերցնում իրենց, մյուս մասը տալիս պետությանը։ Ամենաբնորոշ օրինակներն են արագաչափերը, տեսախցիկները, վճարովի կայանատեղերը եւ այլն։ Քաղաքացի-պետություն հարաբերություններում միջնորդների հայտնվելը, բնականաբար, համընդհանուր զայրույթ առաջացրեց։ Ընդ որում` խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն ուզում վճարել այդ գումարները, խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում վճարել միջնորդների՛ն։ Ինչո՞ւ պիտի որեւէ Սաշիկի կամ «մանկության ընկերոջ» փող տան, որ սրանք էլ այդ գումարի 70 տոկոսն իրենց գրպանը դնեն եւ միայն 30 տոկոսը փոխանցեն պետությանը, ավելի լավ չէ՞ իրենք այդ գումարի 30 տոկոսը միանգամից պետությանը տան ու պրծնեն։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տրամաբանորեն` պետությանը պիտի ձեռնտու լիներ, որ իր եւ ժողովրդի «բիզնես-հարաբերություններում» ոչ մի միջնորդ չլիներ։ Մրգի ու բանջարեղենի շուկայում, օրինակ, այդպես է. ե՛ւ գյուղացիներին է ձեռնտու, որ միջնորդներ չլինեն, ե՛ւ քաղաքացիներին, այսինքն` օբյեկտիվորեն նրանց շահերը համընկնում են, եւ նրանք հաստատ հնարավորության դեպքում միասնաբար կպայքարեն «դալալների» դեմ։ Իսկ ահա տեսախցիկների, արագաչափերի ու կարմիր գծերի դեպքում, չգիտես ինչու, պետության եւ ժողովրդի շահերը չեն համընկնում։ Հակառակը` պետական կառույցները կրծքով են պաշտպանում միջնորդներին, նրանց համար օրենքներ են գրում, հատուկ պայմաններ են ստեղծում եւ այլն։ Առողջ բանականության տեսանկյունից սա աբսուրդ է։ Պատկերացրեք` գյուղացին պոմիդոր է բերում շուկա, միջնորդը նրանից գնում է պոմիդորը 50 դրամով ու հենց տեղում 150-ով վաճառում քաղաքացիներին, քաղաքացիները գյուղացուն ասում են «լսի՛, արի էս միջնորդին մեջտեղից հանենք, ապրանքդ 100-ով մեզ տուր, համ մեզ օգուտ կլինի, համ քեզ», իսկ գյուղացին ասում է «ոչ մի դեպքում, մեռնե՛մ էս միջնորդներին, ես իմ ապրանքը մեծ սիրով 50 դրամով տալիս եմ իրենց ու համարում, որ նրանք մեր պետականության հիմքերն են»։ Շուկայում նման բան հնարավոր չէ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները պետական մակարդակով հենց այդպես են վարվում։ Թե ինչու` հասկանալի է. որովհետեւ հենց իրենք են միջնորդները։ Կամ` իրենց հետ փոխկապակցված անձինք ու «մանկության ընկերները»։

Իսկ ի՞նչ պիտի անի այդ դեպքում ժողովուրդը։ Մեծ հաշվով` նպատակը չի փոխվում եւ շարունակում է մնալ միջնորդների ինստիտուտի վերացումը։ Միջնորդները պիտի հեռանան ասպարեզից, եւ վերջ։ Իսկ եթե միջնորդը հենց իշխանություններն են, ուրեմն նրա՛նք պիտի հեռանան։ Պետություն-հասարակություն հարաբերություններում «դալալներ» պետք չեն։ Ընդ որում` սա այն հարցն է, որտեղ, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, առեւտուրը տեղին չէ։ Այսինքն` կապ չունի, թե իշխանությունները քանի տոկոս են «մտնում»։ Մինչդեռ իշխանությունները հենց միայն առեւտրով են զբաղված, ավելի ճիշտ` «բազառով»։

Այսինքն` ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել «դալալների ինստիտուտի» ներդրման նախաձեռնողներից։


Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30