09.03.2018 07:44 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ավելի պայծառ, ավելի իմաստուն

Այս շաբաթ էլ շարունակվեց Հայաստանում Պոլիտբյուրոյի եւ Գենսեկի համակարգը վերականգնելու գործընթացը։

Պոլիտբյուրոյի հարցում կարծես թե բոլոր հնարավոր օրենքները հնարել են, ստեղծել անհրաժեշտ նախադրյալները, այնպես որ, մենք կունենանք հանրությունից գաղտնի, ծածուկ գործող իշխող մարմին, ինչպիսին՝ ԽՍՀՄ-ի տարիների Պոլիտբյուրոն էր։ Փաստորեն, 70 տարի ԽՍՀՄ-ի իշխանությունները բոլորի աչքից հեռու էին նիստեր անցկացնում, քննարկումներ կազմակերպում, որոշումներ կայացնում, որպեսզի կաշկանդված չլինեին լրագրողների ներկայությունից, իրար թունդ քննադատեին, ասեին իրականությունը։ Արել արել են, գոնե այդ գաղտնի նիստերը սղագրվեն, արձանագրվեն՝ սերունդների համար։

Գենսեկի հարցում էլ է ամեն ինչ պարզ։ Վերցրեք, օրինակ՝ 1936թ. ԽՍՀՄ համամիութենական 8-րդ համագումարի ելույթները։ Ծերից ծեր բոլոր նիստերի սղագրությունները կան։ Ով ելույթ էր ունենում, անկախ նրանից, թե ինչ թեմա է, անպայման սկզբից պիտի նշեր, որ իրենք բոլորը պարտական են Ստալինին՝ երջանիկ կյանքի համար։ Կամ՝ միայն Ստալինը կարող է երկիրը առաջնորդել դեպի պայծառ ապագա, կոմունիզմ եւ այլն։ Անպայման հիշատակում էին, թե Ստալինը ինչ է արել, նրա օրոք երկիրը ինչ նվաճումների է հասել։ Դա անձի պաշտամունքի ձեւավորման ճանապարհին վերջին եւ կարեւորագույն համագումարներից մեկն էր։

ՇԱՏ ՄԻՔ ՍԻՐԻ` ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԿԱ

 Հիմա մեզ մոտ սկսվել է այդ գործընթացը։ Սկզբից մի քիչ երկչոտ, վախվորած, բայց հիմա արդեն ավելի խրոխտ ու բամբ ձայնով են հայտարարում. ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը։ Բա ոնց, ինքը պատերազմի բովով անցած մարդ է, կառավարման հարուստ փորձ ունի, նա ունի առաջնորդի բոլոր հատկանիշները, մենք շատ հաց ու պանիր պիտի ուտենք, որ նրա հետ համեմատվենք, չկա նրան այլընտրանք։ Նա իմաստուն է, նրա օրոք... անկեղծ ասած, այս մասով դեռ շատ բան չեն ասում, թե Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ինչ ձեռքբերումներ է ունեցել։ Տնտեսության մասով պարծենալու առանձնապես բան չկա, արտագաղթը ոնց որ թե շարունակվում է։ Շատ շատ ասում են, որ Հայաստանը ավելի ժողովրդավարական է դարձել, մեկ էլ աճել է երկրի հեղինակությունը, ահա, Եվրամիության հետ բաներ-մաներ ստորագրեց։ Հիմնականում ասում են՝ այլընտրանք չունի եւ վերջ։ Միակն է ու անկրկնելին։ Սրանք դեռ մարտիության ծաղիկներն են։ Դուք դեռ կտեսնեք, որ մինչեւ վերջ բացվեն, ինչեր են ասելու։

Հետո ի՞նչ, որ 1936թ. ԽՍՀՄ-ում կատաստրոֆիկ վիճակ էր, միայն Ուկրաինայում ու Ղազախստանում մի քանի միլիոն մարդ սովամահ եղավ։ Փոխարենը կար իմաստուն առաջնորդ Ստալինը։

Մենք այս զուգահեռները նաեւ մի այլ  նպատակով ենք անցկացնում. Սերժ Սարգսյանին փառաբանողներ, իմացած եղեք, որ 1936թ. այդ համագումարի մասնակիցների մոտ 80 տոկոսը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ գնդակահարվեց։ 80 տոկոսը։ Ստալինը ոչ նրանց ելույթները հաշվի առավ, ոչ՝ հավատարմության աստիճանը։ Պարզապես, արդեն այլ ժամանակներ էին, պետք էր պետական համակարգը մաքրել հին կադրերից եւ ճանապարհ բացել նոր կարիերիստների համար։ Զինվեք համբերությամբ։

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՍԵՐԻԱԼ

 Իմիջիայլոց, դեպի Պոլիտբյուրոյի համակարգում կարեւոր դեր են խաղում մեդալներն ու պարգեւատրումները։ Պետք է հնարավորինս շատ մարդկանց պարգեւատրել։ Առաջին իսկ առիթով։ Որքան շատ մարդու պարգեւատրես, նույնքան առնվազն լոյալ, բայց հիմնականում՝ հավատարիմ մարդկանց ձեռք կբերես։

Մարտի 7-ին Սերժ Սարգսյանը պարգեւատրումների հերթական շարքը բաց թողեց։ Տասնյակ կանանց մեդալներ տվեց. առիթը Մարտի 8-ն էր։ Հանրությանը ամենաշատը զայրացրել էր հատկապես Դիանա Գրիգորյանը, որը «Արմենիա TV»-ում պրոդյուսեր է, ոնց որ թե հաղորդավար, սցենարի հեղինակ։

Հավատացնում եմ, մինչեւ այս աղմուկը չգիտեի, որ «Արմենիա TV»-ով ցուցադրվող անմակարդակ սերիալների սցենարի հեղինակը, ռեժիսորը Դիանա Գրիգորյանն է։ Ու իրեն Խորենացու մեդալ են տալիս։ Ու մարդիկ զայրանում են։ Դիանա Գրիգորյանն էլ արձագանքում է, քննադատողները չար ու նախանձ մարդիկ են, չեն էլ ամաչում, Կանանց տոնի առթիվ շնորհավորելու փոխարեն թույն են թափում։

Շատ կարճ ասենք. Դիանա Գրիգորյանին քննադատել են նույն բառապաշարով, որը հնչում է իր հեղինակած սերիալներում։ Այդ սերիալներում կա թույն, թույն են թափում, կա գարշահոտ, այդ հոտը զգաց, կա՝ հայհոյանք, փողոցային ժարգոն, դա էլ իրեն են հասցեագրել։ Դժվար թե որեւէ մեկը Հենրիկ Մալյանին կամ Ֆրունզե Դովլաթյանին այդ ոճով բառ անգամ ասեր, թեկուզ վաթսուն մեդալ ստանային։ Մարտի 7-ին Դիանա Գրիգորյանը երկու անգամ պարգեւատրվեց. մի պարգեւը հանձնեց Սերժ Սարգսյանը, մյուսը՝ հեռուստադիտողը։ Դրանցից ո՞րն է ավելի արժեքավոր` թող ինքը որոշի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30